«ՍԴ-ի անաչառությունը կասկածի տակ կդնեի՞նք, եթե Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը չլիներ Արամ Օրբելյանը». Արման Բաբաջանյան

«Մենք դիմում ենք Սահմանադրական դատարանին ու ասում՝ տուր գնահատական՝ արդյո՞ք այդ արարքները, որ Ազգային ժողովը գտնում է, որ կատարվել են և հանդիսանում են էական կարգապահական խախտում, արդյո՞ք համակարծիք ես ԱԺ-ի ներկայացրած դիմումի հետ և տեսնում ես հիմքեր, թե՞ ոչ: Ես այստեղ մի կարևոր շեշտադրում պիտի կատարեմ: Թե «այո»-ի, և թե «ոչ»-ի դեպքում պետք է լինի պատճառաբանություն և հիմնավորում»,- ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով լսումների ժամանակ Ազգային ժողովում հայտարարեց նախագծի զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Վերջինս կարծում է, որ իրենք չեն կարող երաշխիքներ ունենալ, որ իրենց ուզած որոշումը կկայացնի ՍԴ-ն, որովհետև իշխանությունների տարանջատման և անկախ դատարան ունենալու սկզբունքը ենթադրում է, որ իրենք չեն կարող նման երաշխիքներ ունենալ, բայց մյուս կողմից՝ դա դատավորների ցանկության հարց չի, և ինչ դիրքորոշում էլ որ լինի, դա պետք է լինի հիմնավորված, իրավաբանորեն պատճառաբանված:

Պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցերին, թե ինչո՞ւ ԱԺ նախագահն իր կարծիքը մինչ այժմ չի արտահայտել ստեղծված իրավիճակի նկատմամբ, եթե Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ՍԴ չդիմեր, արդյո՞ք իրենք որևէ վերապահում առհասարակ կունենային ՍԴ-ի վերաբերյալ և կասկածի տակ կդնեի՞ն ՍԴ անաչառությունը, եթե այդ փաստաբանական թիմում չլիներ Արամ Օրբելյանը, Սուրեն Գրիգորյանն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցության անունից, առավել ևս՝ ԱԺ անունից ինքը մանդատ չունի դիրքորոշում ներկայացնել, ուստի ինքը կարծում է, որ այդ հարցի հասցեատերն ինքը չէ:

«Ինչ վերաբերում է փաստաբանական թիմին. ես նախկինում եղել եմ փաստաբան, և այդ մասին բավականին հայտնի է: Եվ փաստաբանական ինստիտուտը կասկածի տակ դնելու կամ այն կազմաքանդելու գործընթացում որևիցե ներդրում հաստատ չեմ ունենալու ուստի ուզում եմ մի հանգամանք անպայման նշել, որ, եթե մենք խնդրահարույց դիտարկեինք փաստաբանական թիմի որևէ անդամի գործողությունները, այլ ոչ թե պարոն Թովմասյանի գործողությունները, դրա հասցեատերը կլիներ ոչ թե Ազգային ժողովը, այլ Փաստաբանների պալատը, որի ընթացակարգերին էլ, հիմքերին էլ քաջ տիրապետում եմ»,- ասաց իշխանական պատգամավորը:

Նա նշում է, որ իրենք որևէ անձի չեն մեղադրում փաստաբան լինելու կամ բարեկամական կապեր ունենալու մեջ, այլ ընդամենն ասում են, որ բարեկամական կապի առկայությունը ՍԴ դատավորի համար ստեղծում է որոշակի պարտավորություններ:

«Ինչ վերաբերում է նրան, թե եթե փաստաբանական թիմի անդամ չլիներ պարոն Օրբելյանը կամ առհասարակ այս վարույթը չլիներ, մեր դիրքորոշումն ինչպիսի՞ն կլիներ, իմ դիրքորոշումը ՍԴ-ի վերաբերյալ միշտ վերապահումով է եղել: Բայց մենք այսօր կոնկրետ գործընթաց ունենք, և մեր օրակարգն այնքան հագեցած է իրական իրավիճակներով, որ հնարավոր հիպոթետիկ իրավիճակների մասին խոսելը, թե ինչ կլիներ, եթե այսպես չլիներ, չեմ կարող պատասխանել, որովհետև հիպոթետիկ դատողություններ կատարելու սիրահար չեմ»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:

Արձագանքելով՝ Արման Բաբաջանյանն ասաց, որ իրենց գնահատականը պետք է լինի ոչ Հրայր Թովմասյանի անձով պայմանավորված:

«Ես կարծում եմ, որ մենք հարցը փոքրացրել-բերել ենք Հրայր Թովմասյանի վրա ենք կենտրոնացրել՝ շատ ավելի կարևոր խնդիր հեռացնելով մեր դիտակետից: Այս հարցը մեր պետության համար շատ կարևոր հարց էր, և այն չպետք է փոքրացվեր, նսեմացվեր ու այս գործի շրջանակի մեջ տեղավորվեր բացառապես»,- նկատեց պատգամավորը:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս