Արման Բաբաջանյանն առաջարկում է օլիգարխներից վերադարձված փողերով նավահանգստային տերմինալ ձեռք բերել ու ազատվել Վերին Լարսի խնդրից
Վերին Լարսի խնդիրը դարձել է մեր տնտեսության բնականոն գործունեության ամենակարևոր արգելակներից մեկը, եթե չասենք՝ ամենագլխավորը։ Այս մասին այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ, չնայած խնդրի կարևորությանը, մենք դրանով զբաղվում ենք միայն այն ժամանակ, երբ սահմանին խնդիր է առաջանում, թեև պետք է խնդրին արմատական լուծում տալ։
«Տևական ժամանակ է՝ հայկական հարյուրավոր բեռնատարներ օրեր, շաբաթներ շարունակ կայանված են մնացել Վերին Լարսի անցակետում՝ առավելապես ռուսական կողմի, ռուս մաքսավորների և չինովնիկների ստեղծած արհեստական խոչընդոտների պատճառով։ Մեր հայրենակիցները չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը դեպի Ռուսաստան։ Հայ վարորդներից շատերի պնդմամբ՝ ռուս մաքսավորներն ուղղակի կաշառքներ են պահանջում ուղեբեռն իրենց հայեցողությամբ կշռելու և սահմանը հատելու թույլտվություն տալու դիմաց, ուստի Վերին Լարսն ունի ինչպես մանր՝ կաշառակերության հետ կապված, այնպես էլ աշխարհաքաղաքական խնդիր»,- ասաց պատգամավորը։
Որպես խնդրի կարգավորման տարբերակ՝ Արման Բաբաջանյանն առաջարկում է հետևել Ղազախստանի օրինակին և ձեռք բերել նավահանգստային տերմինալ, որի պարագայում այլևս չենք ունենա Վերին Լարսից կախվածություն։
Խոսելով նավահանգստային ենթակառուցվածք ձեռք բերելու հնարավորության մասին՝ Արման Բաբաջանյանը մատնանշեց նաև այն միջոցները, որոնցով կարելի է դա իրականություն դարձնել։
«Մենք անընդհատ խոսում ենք նախկին համակարգի ներկայացուցիչների, օլիգարխների կողմից վերադարձված և դեռ պետությանը վճարվելիք գումարների ծախսման արդյունավետության մասին։ Ահա նախագիծ, որը կարող է դառնալ ՀՀ սեփականությունը։ Նավահանգստային ենթակառուցվածք ունենալու այս նախագիծը կարող է դառնալ այդ միջոցների ամենաարդյունավետ օգտագործման ճանապարհը»,- խոսքը եզրափակեց Բաբաջանյանը։