Փաշինյան, ի վերջո, ԵԱՏՄ-ին կո՞ղմ ես, թե՞ դեմ ես
Ինչպես հայտնի է՝ Երևանում տեղի է ունենում ԵԱՏՄ երկրների գագաթաժողովը, որին մասնակցում են միության անդամ երկրների ղեկավարները։ Որպես կառույցի գործընկեր պետություններ՝ այս ֆորումին հրավիրված են նաև Իրանի, Մոլդովայի նախագահներն ու Սինգապուրի վարչապետը։ Ինչ խոսք, իր բնույթով կարևոր համաժողով է, որում նախատեսվում է քննարկել կառույցին վերաբերող մի շարք առանցքային հարցեր, կստորագրվեն նոր համաձայնագրեր, սակայն այն փաստը, որ ՀՀ իշխանությունների համար սա հերթական «նկարվելու» և այս ամենը հանրության աչքին իրենց քիմքին հաճելի սոուսով մատուցելու առիթ է՝ դրանում հերթական անգամ համոզվեցինք Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ամպագոռգոռ ու «դարակազմիկ» մտքի գոհարները լսելիս։ Իր խոսքում Կարապետյանը գագաթաժողովի մասով ասել էր․
«Հայաստան ժամանած հյուրերի մակարդակն ու քանակը ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի հեղինակություն է վայելում Հայաստանի նոր իշխանությունը և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլև դրանից դուրս»։ Խոսնակը հատկանշական է անվանել այն, որ առաջին անգամ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցում են աննախադեպ քանակի լիդերներ: Այս փաստի հետ պետք է փոքր-ինչ չհամաձայնենք, քանի որ սա, դասական մանիպուլյացիայից բացի, պարզապես շարքային պոպուլիզմ է։ Հիմա՝ ըստ էության։
Այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն իր գործունեության ողջ ընթացքում աչքի է ընկել ԵԱՏՄ-ին դեմ և ՀՀ-ում թիվ մեկ քննադատներից մեկը, հանրությունը, թերևս, չպետք է մոռանա (ի դեպ՝ փաստենք, որ հայ հանրությունից բացի, դա լավ հիշում են ԵԱՏՄ լիդերներ Պուտինը, Լուկաշենկոն և մյուսները, ու սա այն փաստն է, որ Փաշինյանի համար մնում է միշտ փակուղային)։
Նա իր խորհրդարանական գործունեության ողջ ընթացքում բացահայտ ու կոշտ հռետորաբանությամբ քննադատում էր այս միությունն ու նրա լիդերների գործունեությունը՝ այն համարելով «ՌԴ շահերը սպասարկող միություն, որտեղ ՀՀ շահն ընդհանրապես հաշվի չի առնվում»։
Ներկայացնենք մի քանի փաստական օրինակներ փաշինյանական էպոպեայից։ 2017-ի սեպտեմբերի 27-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ թունդ ընդդիմադիր Փաշինյանն ասել է․
«Էդ ո՞վ հիմնավորեց, որ ԵԱՏՄ-ն լավ բան ա, ո՞րն ա ԵԱՏՄ-ի հիմնավորումը, դա շանտաժն ա, որ գազը կթանկացնենք, թուրքերին բաց կթողնենք ձեր վրա, դուք սովից կմեռնեք»։
2017-ի հոկտեմբերի 3-ին ԱԺ-ում ունեցած իր ելույթում դեռևս ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն ասել է․
«ՀՀ ԵԱՏՄ-ին անդամակցության և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացների համատեքստում ՀՀ ինքնիշխանությունը ստացել է շատ լուրջ հարվածներ։ ՀՀ ինքնիշխանության գլխին ամպեր են կուտակված, և ԵԱՏՄ-ն ամենաթանձր ամպն է։ Էդ ԵԱՏՄ-ն, ընդհանրապես, ինչի՞ համար ա»։
Իսկ 2016-ի ապրիլին ԱԺ-ում ունեցած հայտնի ելույթում նա բացահայտ հայտարարեց, որ «Ռուսաստանն է հրահրել ապրիլյան պատերազմը՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար»։
Այս ամենի կուլմինացիան այն էր, որ Փաշինյանն իր «Ելք» խմբակցությամբ 2017թ. աշնանային նստաշրջանում ձեռնամուխ էր եղել Հայաստանի ԵԱՏՄ կազմից դուրս գալու նախագծի քննարկմանը խորհրդարանում։
Այս ամենը ներկայացնելուց հետո, բոլոր բանական ու որոշակի ռացիոնալ մարդկանց մոտ հարց է առաջանում․ հետաքրքիր է՝ հիմա՞ էլ է արդյոք արդեն վարչապետ Փաշինյանը վերոնշյալ թեզերի կրողը, և չի՞ փոխվել նրա կարծիքը ԵԱՏՄ-ի մասին, թե՞, այնուամենայնիվ, որոշ փոփոխություններ տեղի են ունեցել։
Եթե հավատանք իր այն պնդումներին, որ Փաշինյանը հրապարակային ելույթներում իր անձի մասին քանիցս ասել է, թե ինքը սկզբունքային գործիչ է և երբեք չի դավաճանում իր գաղափարներին, ապա կստացվի, որ ԵԱՏՄ մասին նույն կարծիքին է, փոփոխություն չկա։
Իր խոսնակի՝ Վ. Կարապետյանի ասածի տրամաբանության մեջ է հավանաբար նաև այն, որ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն Փաշինյանին ասել էր, թե «առանձնապես չանհանգստանա այն փաստով, թե Բելառուսն ում հետ է գործընկերային հարաբերությունների մեջ, և ինչ ծավալի զենք է վաճառվում» (Ադրբեջանին զենքի վաճառքի հարցում Բելառուսը չորրորդն է)։
Իսկ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցով հպարտանալու փոխարեն՝ Փաշինյանի մամուլի խոսնակը լավ կանի իր շեֆին մի քանի խորհուրդներ տա, թե ինչպես «կռուտիտ» լինեն ու որոշակի պարզաբանումներ ներկայացնեն Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու հետ կապված, ինչը, ըստ օդում կախված լուրերի, Իրանում բավականին նյարդային են ընդունել, և չի բացառվում, որ առաջիկայում Իսլամական Հանրապետությունն իր քայլերի մեջ ցույց տա դրա հետևանքները։ Սա ցավալի հանգամանք է, քանի որ ՀՀ-Իրան բարեկամական հարաբերությունները ՀՀ գործող իշխանությունների հերթական անհեռատես ու չհաշվարկված քայլերի պատճառով փաստացի դրվում են ռիսկի տակ։ Իր պսևդոլիբերալ արժեքներով և Տեր-Պետրոսյանի ստվերի տակ ողջ իր կենսագործունեությունը կայացրած Վլադիմիր Կարապետյանը հավանաբար մոռացել է, որ ընթացող գագաթաժողովի հիմքերը դրել են հենց նախորդ իշխանությունները, ու իր և իր շեֆի համար նման հպարտանալու առիթ ընձեռել։
Նման դեմքերին ուղղակի պարբերաբար պետք է հիշեցնել, որ մեկուկես տարվա ընթացքում պետության վարկանիշը միջազգային հարթակում բարձրացնելու ոչ մի քայլ չեն արել, ավելին՝ դրանց հիմքերն ընդհանրապես չկան, վկա՝ ԵԽԽՎ վերջին խայտառակ քվեարկությունը, որն այդպես էլ մնաց անհասկանալի ու լղոզվեց ողջ մեդիատիրույթում։ Փաստ է մի բան՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը այս մեկուկես տարվա ընթացքում վատնում են ՀՀ ունեցած ողջ քաղաքական կապիտալը, որը ձևավորվել էր վերջին 30 տարիների վարած ներքին, ինչպես նաև արտաքին քաղաքականության արդյունքում։
Արմեն Հովասափյան
Հ․Գ. Նիկոլ Փաշինյանը հավանաբար խմել է (կխմի) ԵԱՏՄ կենացը, նրա անդամ երկրների ղեկավարների կենացը, բայց սրտի մի մութ անկյունում հավանաբար վախով կսպասի, որ հանկարծ միության անդամ գործընկերների կողմից չհնչի, թե՝ «ախպեր, հմի դու լուրջ քո սրտի խո՞սքն ես ասում»։