«Շնորհակալ կլինենք, որ լինի պետական պահպանություն». Սարգիս Քլոյանը` «Մարտի 1»-ի գործով վկաների անվտանգության մասին
«Բոլորը գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանը դրսում մի ուրիշ է, ներսում մի ուրիշ է»,- «Մարտի 1-ի գործով վկաների անվտանգության խնդիրները. պաշտպանվա՞ծ են արդյոք նրանք» թեմայով քննարկմանն այս մասին նշեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:
Նա մեջբերեց «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա մասնավորապես ասել էր. «Հարգելի ներկա իշխանություն: Ապահովե՛ք «Մարտի 1-ի»-ի գործով վկաների անվտանգությունը (մասնավորապես, «Շերիֆի»): Ջահել եք, Ռոբերտ Քոչարյանին չեք ճանաչում»:
«Նաև այս վերջին՝ Հայկ Հարությունյանի հետ կատարված դեպքը հիմնավորում է այն կասկածը, որ Ռոբերտ Քոչարյանը դրսում ուղղակի չի կարող լինել, դրսում ինքը կարող է լինել ազդեցիկ՝ ունենալով Հայաստանի ժողովրդից գողացած մի քանի միլիարդ դոլար գումար:
Այդ առումով խիստ անհրաժեշտ է ապահովել բոլոր վկաների անվտանգությունը, և պետությունը պարտավոր է իր այս ֆունկցիան լրջագույնս կատարել, գոնե կարևոր, շատ ինֆորմացիա ունեցող առանցքային վկաների մասին է խոսքը»,- ասաց Ա. Մանուկյանը:
Բանախոսը հավելեց, որ Ռ. Քոչարյանին այսօր կալանավորված պահելը բխում է նաև նրա շահերից. «Քոչարյանի շահերից անգամ ելնելով, իր իսկ անվտանգությունից ելնելով, որպես կարևորագույն վկա կամ կազմակերպիչ՝ նրա համար ճիշտ ձևը կալանքի տակ պահելն է, մանավանդ՝ այս վերջին դեպքերից հետո»:
Փաստաբան Սեդա Սաֆարյանն էլ նշեց, որ «Մարտի 1»-ի գործով խոցելի իրավիճակներ են ստեղծվել: Նա անդրադարձավ կարևոր վկաներին, պաշտոնյաներին, որոնք որոշակի տեղեկություններ են տրամադրել մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի գործողությունների կապակցությամբ.
«Հայտնել են այնպիսի փաստեր ու հանգամանքներ, որոնք առաջինը դուր չէին գա Ռոբերտ Քոչարյանին: Մի շարք պաշտոնյաներ դետալավորված տվել են ծանրակշիռ ցուցմունքներ, ինչի պարագայում, կարծում եմ, այդ վկաների ցուցմունքների վրա կարող է էապես ազդել Քոչարյանի և նրա շրջապատի նմանատիպ վարքագիծը»:
2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նշեց, որ շնորհակալ կլիներ, եթե վկաներին, տուժող-իրավահաջորդներին տրամադրվի պետական պահպանություն.
«Ճիշտ եք անում, որ շրջանառության մեջ եք դրել մեր անվտանգությունը պաշտպանելու համար, շատ կարևոր է՝ ինչի համար, որովհետև արդեն մի քանի անգամ սպառնացել են մեր տուժող-իրավահաջորդներին՝ դատարանից դուրս գալուց, ներս մտնելուց»:
Ս. Քլոյանը անդրադարձավ նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին՝ նշելով, որ շատ լավ էր ճանաչում նրան. «Նա եղել է 2008 թվականի կարկառուն դեմքերից մեկը, ամեն ինչից տեղյակ է: Հ. Հարությունյանն այնպիսի գործողություններ է ծավալել 2008-ի մարտի 1-ին, մանավանդ՝ ժամը 9-ից հետո. 9-ից հետո սարսափելի մի իրավիճակ էր տիրում Երևան քաղաքում. մենակ ասեմ, որ տարբեր համազգեստներ հագած մարդիկ կային, որոնց չէի ասի, թե նրանք ոստիկաններ են կամ զինվորականներ են: Այդ իսկ պատճառով մեր բոլոր վկաներին, տուժող-իրավահաջորդներին, շնորհակալ կլինենք, որ լինի պետական պահպանություն»:
Փաստաբան Տիգրան Եգորյանը վկաների անվտանգության խնդիրները կարևորեց ոչ միայն Մարտի 1-ի կոնտեքստում. «Խոսքը ոչ միայն վկաների պաշտպանության մասին է, այլ, առհասարակ, արդյունավետ քննության, պետության դրական պարտավորության էֆեկտիվության բարձրացման մասին է, և սա ենթադրում է ոչ միայն վկաների պաշտպանություն, այլ առհասարակ ենթադրում է քրեական գործի շրջանակներում այնպիսի երաշխիքների ամրագրում, որոնք հնարավորություն կտան վերահսկելու քրեական գործի շրջանակներում տեղեկատվական հոսքերը և քրգործի մասնակիցների, այդ թվում՝ նաև վկաների փոխազդեցությունները»:
Նա շեշտեց սակայն, որ օրենսդրությամբ սահմանված պաշտպանության միջոցներ կան, բայց խնդիրը դրանց էֆեկտիվությունն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան