Բաժիններ՝

Մեկ տարի առանց Ազնավուրի. ականավոր շանսոնյեին նվիրված միջոցառումներ կանցկացվեն ամբողջ աշխարհում

Ուղիղ մեկ տարի առաջ` հոկտեմբերի մեկին, աշխարհը կորցրեց մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան Շառլ Ազնավուրին (իսկական անուն-ազգանունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), որը երգում էր մարդկային հույզերի, անհատի և մարդկության ամենանվիրական զգացմունքների, սիրո և հայրենիքի մասին:

Այս տարի հոկտեմբեր ամսին աշխարհի տարբեր երկրներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին ու նրա ժառանգության պահպանմանը։

Շառլ և Նիկոլա Ազնավուրների կողմից ստեղծված «Ազնավուր» հիմնադրամը, որի հիմնական նպատակներից է Շառլ Ազնավուրի՝ դեռ 1988 թվականին սկսած հումանիտար գործունեության շարունակությունը, իսկ այժմ նաև նրա մշակութային ժառանգության պահպանումը, նոր նախագծերի ու ծրագրերի իրականացումն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում, ակտիվորեն ներգրավված է բոլոր միջոցառումներում։

Հոկտեմբերի 1-ին «Ազնավուր» հիմնադրամը Փարիզի քաղաքապետարանում հանդիսավոր կերպով քաղաքին կնվիրի Ազնավուրի կիսանդրին, որը շուտով կտեղադրվի Փարիզի այն թաղամասում, որտեղ անցել է Ազնավուրի մանկությունը։ Կիսանդրին հայ հայտնի քանդակագործ Ալիս Մելիքյանի աշխատանքի պատճենն է։ Աշխատանքի բնօրինակը պատրաստվել է 1960-ականներին, երբ Ազնավուրն իր առաջին այցով ժամանել էր Հայաստան։

Հոկտեմբերի 2-ին կինոթատրոններում կհայտնվի «Շառլի հայացքով» ֆիլմը։ Կյանքի ողջ ընթացքում՝ բոլոր ուղևորությունների և նշանակալի հանդիպումների ժամանակ, Ազնավուրին կարելի էր նկատել տեսախցիկը ձեռքին. նրա կողմից նկարահանված հենց այդ կադրերից էլ հավաքվել է ֆիլմը։ Ֆիլմի պատումային հատվածի համար օգտագործվել են հատվածներ Ազնավուրի հեղինակած գրքերից ու նամակներից, այդ իսկ պատճառով ֆիլմն ամբողջությամբ ներկայացնում է կյանքն ու աշխարհը՝ հենց նրա աչքերով։ Ֆիլմի առաջխաղացմանն աջակցում է «Ազնավուր» հիմնադրամը, պրոդյուսերն է Ազնավուրի որդի Միշա Ազնավուրը, ռեժիսորը՝ Մարկ դի Դոմինիկոն։

«Ազնավուր» հիմնադրամը շատ շուտով կհայտարարի իր նոր՝ «Սիրո մի կյանք» նախագծի մասին, որի նպատակն է Ազնավուրի արվեստը տանել աշխարհի տարբեր քաղաքներ, ինչպես դա անում էր հենց Շառլ Ազնավուրն իր շրջագայությունների ընթացքում։ Նախագիծն այս պահին դեռ ֆոնդահայթայթման փուլում է, և այն ավարտելուն պես կսկսվի իրագործման փուլը։

Շանսոնյեի մահը սգում էին ոչ միայն Հայաստանն ու Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը: Նրա մահվանից հետո Ազնավուրի հիշատակին նվիրված մոմավառություններ կազմակերպվեցին բազմաթիվ երկրներում, նրա մասին խոսուն ելույթներով հանդես եկան պետական, քաղաքական, մշակույթի գործիչները, հոգևոր այրերը, նրա արվեստի երկրպագուներն ու մարդիկ, որոնք երբևէ հնարավորություն էին ունեցել առնչվել Ազնավուրի հետ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ազնավուրի մասին մի քանի անգամ գրառում էր արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Շառլ Ազնավուրի շնորհիվ այսօր հնարավորություն կա հիշելու, թե ինչ ենք մենք պարտք այն հայերին, ովքեր փախչելով իրենց հայրենիքից, եկել են շենացնելու մեր հայրենիքը»,- նշել էր Ֆրանսիայի նախագահը:

«Դեռ երկար ժամանակ միլիոնավոր տղամարդիկ և կանայք կծնվեն՝ իրենց հիշողության մի անկյունում պահելով Շառլ Ազնավուրի երաժշտությունն ու խոսքերը, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»,- ասված էր Էմանուել Մակրոնի մեկ այլ գրառման մեջ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել էր. «Ցավ էր մեզ համար լսել մեր ժողովրդի մեծանուն և տաղանդաշատ զավակ Շառլ Ազնավուրի մահվան լուրը… Շառլ Ազնավուրը հոգով ու սրտով միշտ եղել է Հայաստանի հետ, հպարտացել իր ազգային ինքնությամբ: Մեր ժողովրդին պատուհասած աղետալի երկրաշարժի օրերին Ազնավուրը երգեց ժողովրդի ցավը շատ հայտնի երգիչների հետ, իր բոլորանվեր ջանքերը բերեց Հայաստանի օգնության համար: Նրա հանրահայտ երգերի շարքում են նաև Հայաստանին, Ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված ստեղծագործությունները, որոնք վերստին բացահայտում են մեծանուն հայորդու հայրենասեր ու ազգանվեր ոգին»:

Հայտնի  լրագրող Վլադիմիր Պոզները կոչ էր արել հիշել Ազնավուրին մեծ երախտագիտությամբ, ժպիտով: «Պետք չէ լաց լինել. նա դա չէր ցանկանա: Նա ապրել է դրական կյանքով: Դուք կարող եք միայն մեծ երախտագիտությամբ, ուրախությամբ ծափահարել նրան: Ազնավուրն ապրել է երկար, գեղեցիկ, հաջողակ կյանքով և սիրել մինչև իր կյանքի վերջին օրը»,-նշել էր Պոզները:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում։ Նրա հայրը՝ Միշա Ազնավուրյանը, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Քնար Բաղդասարյանը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Վաղինակը: Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Վաղինակը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում:

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և նրանք միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1959 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ունեցած ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է հազարից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն:

Ազնավուրը նկարահանվել է վաթսունից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը՝ Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կարվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել դրա տեսահոլովակը` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ:

1995 թվականից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակը: 2009-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում:

Արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, պարգևատրվել ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով: 2009 -ին ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին», «Անցած օրեր» հուշագրությունները:

Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թվականին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թվականին դրվել է մադամ Տյուսոյի թանգարանում: 2009-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ աշխարհին թողնելով մշակութային հարուստ ժառանգություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս