«Եթե զոհվածների ընտանիքների համար բյուջեում գումար չկա, ապա որտեղի՞ց 365.000 դոլար ունեցան ու այդքանով ԱՄՆ մեկնեցին». զոհվածների մայրեր
«Սեպտեմբերի 11-ից մենք դիմել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ամսի 19-ին հանդիպել ենք Կառավարության դիմաց և ակնկալում էինք, որ մեր հարցին լուծում կտրվի կամ ընդունելություն կլինի, բայց մինչ օրս արձագանք չի եղել»,- այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Մենք օրենսդրական դաշտում փոփոխություն ենք ուզում, ցանկանում ենք, որ զոհվածների ընտանիքներն ուշադրության կենտրոնում լինեն: Մենք ցավում ենք, որ փողոցային վեճերի ժամանակ զոհվածներին գնահատում են, իսկ մեր ընտանիքներին չեն գնահատում ու չեն արձագանքում մեր դիմումներին:
Որոշ մարդիկ «Սորոսի» գումարներով վարկաբեկում են ինձ: Ես տվել եմ ամենաթանկը, իմ խիճիթը մի վերագրեք Հյուսիսային պողոտայի բնակարաններին… Որ ունենամ էլ՝ չեմ ամաչի: Ոչ ոք իմ տղային գնահատելու իրավունք չունի: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ տղան զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս: Ես մինչև վերջ գնալու եմ: Այն ժամանակ ինչո՞ւ իմ կողքին չէին կանգնում, երբ բարձրացնում էի զինվորի՝ զուգարան չմաքրելու, խրամատներում զինվորների պայոկների, զինծառայողների ընտանեկան վիճակի, զինծառայողների բուժծառայության խնդիրները: Օրենդրական դաշտում պետք է փոփոխություն լինի, հստակեցվի մեր ճակատագիրը»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը:
Մարտի 1-ի փողոցային վեճերի ընթացքում զոհվածների համար 30 միլիոն դրամ տալու հնարավորություն ունեն, իսկ պատերազմում զոհվածների համար չունե՞ն
«Ես կկրծեմ այն մարդու կոկորդը, եթե տարածքների խնդիր լինի, նման հարց փորձեն բարձրացնել: Մենք՝ մայրերով, մեր որդիների, ամուսինների կիսատ թողածը շարունակելու ենք, մինչև վերջ գնալու ենք՝ լուծում ստանալու: Եթե փողոցային վեճերի համար 30 միլիոն դրամ տալու հնարավորություն ունեն, ապա 30 միլիոնի հնարավորություն պետք է ունենան՝ զոհվածների ընտանիքներին ապահովելու: Մենք մուրացիկներ, հաց հավաքողներ չենք: Ասում եք՝ փողի խնդիր չունենք, բարի եղեք, հիմնադրամի հետ մի կապեք զոհվածների ընտանիքներին: 1990 թվականից մինչ օրս զոհվածների ընտանիքները ակնկալիքը չեն բարձրացրել, փողոց դուրս չեն եկել, իրենց շորերը հարգել են, ու ասել են՝ պետություն, եթե դու հայտարարում ես, որ փող կա, տեղավորելու տեղ չկա, մենք տեղը ցույց ենք տալիս:
Մեզ երբեք ոչ առնել կլինի, ոչ ծախել, թող պատշաճ կրթաթոշակ տան, մեր երեխեքին էլ թոշակավորեն, մենք մեր ծերության շեմին իմանանք, որ տղերքը աշխատում, մեզ պահում են: Եթե ապահով ընտանիքներին 30 միլիոն են հատկացնում, ապա ոչ ապահովներին պետք է ուշադրություն դարձնեն: Եթե որոշ մարդիկ ասում են, որ հին իշխանությունների ժամանակ չենք բողոքարկել, հիմա ենք խոսում, քավ լիցի, մենք վարչապետի հետ խնդիր չունենք: Փոխվել է 7 նախարար, կառավարություն, ես նույնն եմ մնացել:
Եթե բյուջեում, մտածում ենք, որ գումար չկա, ապա 365.000 դոլար որտեղի՞ց ունեն, որ միանգամից ԱՄՆ են գնում… Կարող էինք մի քանի ընտանիքի սոցիալական խնդիր լուծել: Մենք ասֆալտին փռելով բազմաթիվ գումարներ ենք բերել բյուջե, բերեք դա ծախսենք: Ես գումարի տեղը մատնացույց եմ անում՝ մեքենաների մաքսազերծման, կուտակայինի հետ կապված… բավականին գումար կա, բերեք սատար կանգնենք այն մայրերին, որոնց տղաների արյան գնով անկախություն ձեռք բերեցինք: Նրանք այսօր կառավարության աջակցության կարիքն ունեն»,- հայտարարեց Մարգարիտա Խաչատրյանը:
«Բոլորս շատ լավ գիտակցում ենք, թե Մարտի 1-ի ցույցերն ինչի հետ էին կապված՝ ընտրություն, աթոռակռիվ, քաշքշուկ, խանութների թալան… Ինձ թող չկապեն քաղաքականության հետ, ինձ ոչ մեկը չի հետաքրքրում: Բայց եթե Մարտի 1-ին Երևանում հայի ձեռքով սպանվածին դու տալիս ես զոհի կարգավիճակ, խրամատում մահացածին նկատի չես ունենում, ու մարտի 1-ի զոհերի ընտանիքներին տալիս ես 30 միլիոն, ամեն մեկին անում է 70-72.000 դոլար, արդյո՞ք այս ընտանիքները, որ իրենց մինուճար զավակներին տվել են հայրենիքին ու չեն ստացել, այդ աջակցության կարիքը չպետք է ունենան: Դե բերեք՝ Հոկտեմբերի 27-ի դեպքում էլ գումար տվեք. հայը մտավ հային սպանեց:
Բերեք «Սասնա ծռերի» գործողության ժամանակ սպանվածներին էլ տվեք 30 միլիոն, փողոցային կռիվների ժամանակ դանակահարվածներին էլ տվեք… Երեխեքին ոնց զորակոչում են, կենդանի պետք է վերադարձնեն, եթե չէ՝ մենք մեր երեխաներին, ամուսիններին հետ ենք պահանջում, թող տան, որ աշխատեն, մեզ պահեն: Վիրավորական է, որ անտեսվել են զոհվածների ընտանիքները, ու 30 միլիոն ձեռք են բերել փողոցային կռիվ հրահրողները: Զուտ այդ խնդիրն է, թե չէ մեր մայրերը երբեք իրենց համազգեստը վաճառքի չէին դնի, ծախու առարկա չէին դարձնի և կառավարությունից գումար չէին պահանջի: Ուզում ենք հարգալից վերաբերմունք մեր որդիների հիշատակի հանդեպ»,- հավելեց «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահը:
«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանն էլ ասաց, որ վիրավորվել են նաև ՀՀ Անկախության միջոցառումների ժամանակ տոնին մասնակցելու հրավեր չստանալու համար:
«Մարտի 1-ի զոհերի ծնողներին Գյումրի հրավիրեցին, բայց հայրենիքի համար անկախությունը ձեռք բերած տղաների ընտանիքներից գոնե 3 հոգու թող հրավիրեին, ասեին, որ այս անկախությունն այդ տղաների շնորհիվ է, տկն Մարգարիտա ջան, դուք՝ որպես այդ ընտանիքի ներկայացուցիչ՝ եկեք… ասեին, որ այս անկախությունը ձեր տղաների շնորհիվ էր… էլի նույն արհամարհանքը:
Ինչ վերաբերում է Կառավարության շենքի մոտ հավաքվելուն, ապա մենք ոչ թե միտինգի էինք դուրս եկել, այլ մեր պահանջն էինք հայտնում: Մենք հարգում ենք մեր վարչապետին: Տարբեր երկրների ղեկավարներ են այստեղ, մենք կհամբերենք, համոզված ենք, որ վարչապետը արձագանք կտա: Մենք մեր պետությունը հարգում ենք ու փոխադարձն ենք ուզում»,- նկատեց Սաթիկ Խլղաթյանը:
Բանախոսները նշեցին, որ մինչև կառավարության հաջորդ նիստը կսպասեն, իսկ եթե արձագանք չլինի, դուրս կգան պայքարի:
Անի Կարապետյան