«Պետությունը գյուղացու համար պետք է ստեղծի գյուղում ապրելու և աշխատելու համար նորմալ պայմաններ, որի արդյունքում կկրճատվի գյուղական աղքատությունը, կնվազի արտագաղթը»
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հողերի պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության մասին օրենքում լրացումներ կատարելու» ՀՀ օրենքների նախագծերը:
Հանրապետության գրեթե բոլոր մարզերում առկա է գյուղատնտեսական հողերի չմշակման, ոչ նպատակային և անարդյունավետ օգտագործման հիմնախնդիր, իսկ մշակովի հողերի զգալի մասում նկատվում է մշակաբույսերի բերքատվության նվազում: Ըստ ՀՀ 2018թ. հողային հաշվեկշռի և ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 445,6 հազար հեկտար վարելահողերից 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ նպատակային չի օգտագործվել շուրջ 202,7 հազար հեկտարը կամ 45,5%-ը:
Համաձայն նախագծի՝ յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ գյուղատնտեսության բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմինն իրականացնում է գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի դիտարկում: Դիտարկման արդյունքներն ամփոփելուց հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում լիազոր մարմինը որոշում է ընդունում գյուղատնտեսական նշանակության հողամասը՝ որպես չօգտագործվող, հաշվառելու վերաբերյալ, եթե առկա են համապատասխան չափանիշերը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հողամասի սեփականատերը կարող է ներկայացնել ապացույցներ, որոնք հիմնավորում են որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածում հողամասն օգտագործելու փաստը, ինչպես նաև դիմել գյուղատնտեսության բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնին այդ նպատակով դիտարկում իրականացնելու համար:
«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով նախագծի մասին՝ ասաց.
«Հողը կենդանի օրգանիզմ է, և այն պարբերաբար անհրաժեշտ է մշակել: Հակառակ դեպքում, այն կդեգրադացվի և կդառնա հետագա մշակության համար ոչ պիտանի:
Իսկ դեգրադացված հողը մշակելի դարձնելու համար կպահանջվեն հսկայական ֆինանսական միջոցներ, մելիորատիվ մեքենաներ, գործիքներ և ժամանակ:
Խորհրդային տարիներին մեծաքանակ խամ ու խոպան հողեր Հայաստանում վերածվեցին վարելահողերի: Այդ տարիներին հողերի մշակությունը դրված էր գիտական հիմքերի վրա, և հողը մշակվում էր պահանջվող ագրոտեխնիկային համապատասխան: Հողերը մշակելիս իրականացվում էին հողի հիմնական՝ վարը և մակերեսային մշակությունը: Այսպես, վարը իրականացվում էր ընդհանուր նշանակության գութաններով՝ 25-35 սմ խորությամբ, մակերեսային մշակությունը իրականացվում էր կուլտիվատորներով, ցաքաններով և այլ գյուղատնտեսական գործիքներով՝ 8-14 սմ խորությամբ:
Այժմ, եթե Հայաստանի ամբողջ տարածքով պտտվես, չես գտնի 25 սմ խորությամբ կատարվող վար: Փոխարենը՝ վարը մշակում են մինչև 15 սմ խորությամբ ու անորակ: Այսինքն՝ գյուղացիներն իրենք իրենց խաբում են: Էլ, չեմ խոսում այն մասին, որ ներկայիս գութանների վրայից հանված են նախագութանիկները, դանակները:
Վերջին տարիներին իշխանությունների կողմից երկրում սխալ ագրարային քաղաքականություն իրականացնելուց բացի, տեղի ունեցավ նաև գյուղոլորտի մասնագետների կադրային ջարդ:
Բոլոր դեպքերում պետությունը գյուղացու համար պետք է ստեղծի գյուղում ապրելու և աշխատելու համար նորմալ պայմաններ, որպեսզի գյուղացին մնա գյուղում, մշակի հողը և չբռնի արտագաղթի ճանապարհը»:
«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահի խոսքով՝ չմշակվող հողերը մշակելի դարձնելու համար հնարավոր է կիրառել մի շարք տարբերակներ:
«Կարող են գյուղացիների հողերի համատեղ մշակության կոոպերացիայի գործընթացի համար նորմալ աշխատանքային պայմաններ (մատչելի վարկերի, սուբսիդիաների, արտոնությունների, գյուղտեխնիկայի և նյութական միջոցների տրամադրում) ստեղծել, չմշակվող հողերն ինչ-որ ձևով պետությունը գյուղացիներից վերցնի, միավորի և դարձնի պետական ենթակայության հող, տրամադրի հողը մշակելու միջոցներ, հողակտորների նախկին տերերին՝ որպես վճարովի աշխատողներ, վերցնի հենց նույն հողի վրա աշխատելու: Արդյունքում, իրացնելով հողակտորից ստացված բերքը՝ ձևավորվում է տնտեսական մրցակցություն՝ պետականի և մասնավորի միջև:
Կարող է դրսից ինչ-որ ընկերություն գալիս է Հայաստան, գյուղերում գյուղացիների հետ հանդիպումներ է ունենում, արդյունքում՝ փոխադարձ պայմանավորվում են (պայմանագիր են կնքում), և այդ ընկերությունն իր ուժերով, միջոցներով գյուղացիների միացյալ հողակտորը մշակում, բերքն իրացնում է, և յուրաքանչյուր գյուղացու իր տրամադրած հողակտորի դիմաց տալիս է համապատասխան փոխհատուցում:
Իսկ այն գյուղացիները, ովքեր լրացուցիչ աշխատել են գյուղատնտեսական գործընթացների վրա (տրակտորիստ, բանվոր և այլն) լրացուցիչ վճարվում են իրենց կատարած աշխատանքի դիմաց: Այս տարբերակի կիրառման դեպքում գյուղացին չի ընկնի բանկի դռները և նյութատեխնիկական միջոցներ ճարելու: Ի դեպ՝ 3 տարի առաջ, երբ երկրի վարչապետն էր Կարեն Կարապետյանը, իսկ գյուղնախարարը՝ Իգնատի Առաքելյանը, դրսից Հայաստան էր եկել մեր հայրենակից Վլադիմիր Պողոսյանը, ում ընկերությունը նմանատիպ գործունեություն էր իրականացնում մի շարք երկրներում: Գյուղնախարարի հետ միասին նա մի քանի անգամ մեկնեց որոշ մարզեր, հանդիպեց, խոսեց որոշ մարզպետների, գյուղապետների և գյուղացիների հետ: Արդյունքում՝ որոշվեց մշակել գյուղացիների հետ աշխատանքի պայմանագրի ձև, սակայն այս մարդուն մեր բյուրոկրատ իշխանություններն այնքան տարան ու բերեցին, որ մի օր էլ նա զզվեց ու թողեց-գնաց երկրից:
Բոլոր դեպքերում ես այն կարծիքին եմ, որ հողը չպետք է մնա անմշակ, իսկ պետությունն իր հերթին՝ պետք է գյուղացիների կողմից այն մշակելու համար ստեղծի նպաստավոր պայմաններ, որի արդյունքում կկրճատվի գյուղական աղքատությունը, և արտագաղթը կնվազի գյուղերից»,- մանրամասնեց Սարգիս Սեդրակյանը:
Անի Կարապետյան