«Այն, ինչ ասվում է, ըստ էության ընկած է բանակցությունների հիմքում». փորձագետներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության կարգավորման համար նոր թեզ է առաջ քաշում: Օրերս ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի ընթացքում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախորդ հարցազրույցներից մեկում, նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առանցքային նշանակություն ունի մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության համար: «Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ես քայլեր եմ ձեռնարկել հենց այս համատեքստում: Այս նպատակով ես հանդես եկա հայտարարությամբ, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Հատկանշական է, որ ես առաջին հայ ղեկավարն էի, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինձ խստորեն քննադատեցին իմ երկրում լուծման այնպիսի բանաձևի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության 3 կողմերի միջեւ: Այդուամենայնիվ, ես հավատում եմ, որ դա հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության հնարավորություն: Ես այդ բանաձևը ներկայացրեցի ոչ միայն հանրությանը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո անցկացվող բանակցությունների շրջանակում: Առաջ ընթանալու համար ես ակնկալում էի նման հայտարարություն նաև Ադրբեջանից:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով ղարաբաղյան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Ի՞նչ է դա նշանակում իրականում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում գնալ որևէ փոխզիջման, նպատակը վրեժխնդրությունն է՝ 1990-ականներին և 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար:
Նիկոլ Փաշինյանը նաև կոչով դիմեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ընդունել բանաձևը՝ պայմաններ ստեղծել խաղաղ գործընթացում առաջընթացի համար: Նրա վստահեցմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: «Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձևը իրականություն դարձնելու համար»,- ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է վարչապետը:
Մեզ հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասաց, որ այն, ինչ ասվում է, ըստ էության ընկած է բանակցությունների հիմքում, այսինքն՝ այս հակամարտության վերջնական կարգավորումը չի կարող լինել կողմերից մեկի կամ մյուսի օգտին, քանի որ դա չի լինի կարգավորում, այլ միայն կբարդացնի իրավիճակը, եթե կողմերից որևէ մեկի համար կարգավորումն ընդունելի չլինի, հակամարտությունը պարզապես չի կարգավորվի: Ուստի, նրա պարզաբանմամբ, հաճախակի է ասվում միջնորդների կամ միջնորդ երկրների ղեկավարների կողմից, որ հակամարտության կարգավորման դեպքում հաղթող ու պարտվող չպետք է լինի, կարգավորումը պետք է լինի փոխադարձ զիջումների և օգուտների արդյունք:
«Ի՞նչ է հարկավոր, որպեսզի լուծումն ընդունելի լինի բոլոր մասնակիցների համար, նախ՝ դա շատ բարդ է: Երկրորդ՝ հարկավոր է, որպեսզի բոլոր կողմերն էլ պատրաստ լինեն զիջումների, որոնցով կարգավորումը կլինի ընդունելի իրենց համար: Իսկ դրան պետք է հասնել բանակցությունների միջոցով: Ես կասեի, որ այս ձևակերպումը նպաստում է պարզապես հայկական կողմի դրական, ավելի կառուցողական իմիջի ձևավորմանը, բայց սա իրերի ներկայիս դրության պայմաններում ոչինչ չի փոխում, քանի որ երկու կողմերի համար էլ ընդունելի պետք է լինի ինչ-որ բան զիջելը, սա է բանալին, այդ դեպքում հակամարտությունը հեշտությամբ կարող է կարգավորվել: Բայց քանի դեռ այդ պատրաստակամությունը չկա, չկա նաև կարգավորման հեռանկար:
ՄԽ համանախագահները պետք է հասկանան՝ ինչի է պատրաստ Հայաստանը, ինչի է պատրաստ Ադրբեջանը, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղը: Բայց ես նման ցանկություն չեմ տեսնում, չկա պարզապես պատերազմելու ցանկություն, կարծում եմ՝ կողմերը հասկանում են, որ պատերազմում որևէ կողմի հաղթանակելու հնարավորությունը բարձր չէ, կողմերը հանդիպումները շարունակում են՝ ելնելով այդ իրողությունից: Իսկ եթե սա ենթադրում է կարգավորում նոր պայմաններով, ապա դա պետք է քննարկվի բանակցությունների ընթացքում, եթե կա այլ տարբերակ, քան բանակցային սեղանին դրված մեզ հայտնի բոլոր տարբերակներն են»,- ասաց Հալբախը:
Իր հերթին՝ ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը մեզ հետ զրույցում ասաց՝ լավ է, որ պատերազմի վերսկսման սպառնալիքների և ռազմատենչ հռետորաբանության փոխարեն՝ դրական տոնայնությամբ ուղերձներ են հնչում: Նա ևս այն կարծիքին է, որ Հայաստանը փորձում է դիրքավորվել՝ որպես նման կողմ այս հակամարտությունում: Նրա խոսքով՝ այդ ուղերձի հասցեատերը միջազգային հանրությունն է:
«Բայց կարծում եմ՝ մենք բոլորս ականատես ենք, որ կարգավորման հեռանկարներ չկան ներկայումս, բանակցային գործընթացը տեղում դոփում է, բուն բանակցությունների մասին ոչինչ հայտնի չէ՝ կա՞ն նման բանակցություններ, թե՞ ոչ: Սակայն կա դրական տեղաշարժ այն առումով, որ շփման գծում միջադեպերը պակասել են օպերատիվ կապի կամ այլ պայմանավորվածությունների՝ հումանիտար ծրագրերի, գերիների փոխանակման շնորհիվ: Բայց կրկին կասեմ, որ սա այնպիսի տեղաշարժ է, որը կարող է և՛ ընթանալ դեպի ավելի կառուցողականության ուղղությամբ, և՛ հակառակը, ուստի պետք է շարունակել փնտրել հնարավորություններ՝ չսրելով իրավիճակը»,- ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հայտարարությանը, թե Ադրբեջանն իր խոսքը կասի կռվի դաշտում շուտով՝ Ֆելգենգաուերն ասաց, որ դա ոչնչով չի տարբերվում նախկին շատուշատ հայտարարություններից, որոնք արվել են: Ըստ նրա՝ կողմերը և՛ պատրաստվում են պատերազմի, պատրաստ են նման սցենարի, որը բացառել հնարավոր չէ, և՛ փորձում են գտնել ելքեր՝ առաջ շարժվելու համար, ինչը, ինչպես միշտ, այս հակամարտության դեպքում շատ բարդ է: