«Եթե Ադրբեջանը սեղանին նավթ կամ փող է դնում, մենք կարող ենք դնել մեր մշակույթը, որն ավելի բարձր է, քան մնացածը». Արեգ Միքայելյան
Հարցազրույց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ
– Պարո՛ն Միքայելյան, սյս տարի Բյուրականի աստղադիտարանը հանդես եկավ կարևոր նախաձեռնությամբ՝ ֆինանսավորեց «Աստղաֆիզիկա» մասնագիտության գծով մագիստրատուրայի ուսանողներին: Ինչպե՞ս նման որոշում կայացվեց:
– Այո՛, մեր նախաձեռնությունը կար, բայց ոչ թե Բյուրականի աստղադիտարանը ֆինանսավորեց, այլ դա ակադեմիկոս Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի ֆոնդերից էր: Մենք պայքարեցինք և ի վերջո հասանք նրան, որ մրցանակի գումարից 100.000 դոլարը տրամադրվի Հայաստանում աստղաֆիզիկայի զարգացմանը: Դրա մեջ մի քանի ծրագրեր են իրականացվում, որոնցից մեկը մագիստրատուրայում սովորող ուսանողների վարձը վճարելն էր: 7200 դոլար տրամադրվեց այս նպատակով: Սա շատ կարևոր է, որովհետև լավ ուսանողը միշտ խնդիր է եղել: Ընդհանրապես, քիչ են երիտասարդները, որոնք ուզում են գիտությամբ զբաղվել: Առավել ևս, քիչ է յուրաքանչյուր մասնագիտության գծով բաժին ընկնող ուսանողների թիվը: Այս տարի կարծես թե ապահովում ենք մեր տեղերը, և ուսանողները, բնականաբար, հաճույքով կցանկանան մրցույթի մասնակցել, անվճար ընդունվել մագիստրատուրա: Սա ինչ-որ տեղ առավելություն է:
– Ասում են, որ աստղագիտությամբ զբաղվում են ռոմանտիկները: Կան նաև այլ մասնագիտություններ, որոնցով երիտասարդները նույնպես շատ քիչ են հետաքրքրվում: Սա ինչո՞վ եք պայմանավորում: Եվ, ընդհանրապես, Դուք ինչպե՞ս եք սկսել աստղագիտությամբ զբաղվել, ի՞նչն է Ձեզ գրավել:
– Նկատել եմ՝ երկու դեպքում են աստղագետ դառնում: Առաջինը՝ ֆիզիկայի ֆակուլտետում սովորողները, երբ նեղ մասնագիտացում են ընտրում, մեկը տեսական ֆիզիկան է նախընտրում, մյուսը՝ միջուկային, ոմանք էլ՝ աստղագիտությունը: Այսինքն, ֆիզիկոսները, ովքեր լավ ֆիզիկայի հիմք ունեն, ինչը, ի դեպ, շատ կարևոր է, գալիս և աստղագետ են դառնում, երկրորդը՝ հենց ռոմանտիկայի շնորհիվ են գալիս: Այսինքն, մարդիկ կան, ովքեր փոքրուց երկնքով հիանում են և շատ են հետաքրքրվում, գուցե հաճախում են աստղագիտական խմբակներ, և հետո, երբ դպրոցն ավարտելու ժամանակն է գալիս, հարցնում են, թե ինչպե՞ս կարելի է դառնալ աստղագետ, պատասխանում են, որ պետք է գնա ֆիզիկայի ֆակուլտետ, սովորի: Իմն այս երկրորդ ճանապարհով էր:
Փոքրուց շատ եմ սիրել աստղագիտությունը: Եթե անկեղծ ասեմ, սկզբում ֆիզիկայից լուրջ հիմք չունեի, ֆիզմաթ դպրոց չէի գնացել, ավարտել եմ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցը, որն անգլերենի թեքումով էր: Կարող եմ ասել՝ դա մեծ առավելություն էր, որովհետև հետագայում պարզվեց, որ աստղագետները շատ են շփվում օտարազգիների հետ, ուստի անգլերենին լավ տիրապետելն անհրաժեշտություն է, հաջողություններդ կարող ես կրկնապատկել, եռապատկել, այլապես պետք է սահմանափակվես միայն քո երկրում կամ ԽՍՀՄ նախկին երկրներից մի քանիսում աշխատելով և չկարողանաս շփվել միջազգային մակարդակում: Այնպես որ, արդյունքում, գոհ եմ իմ ընտրությունից: Այո՛, աստղագիտությունը ռոմանտիկ գիտություն է, բայց միայն դա բավական չէ, ֆիզիկայից, մաթեմատիկայից, քիմիայից, կենսաբանությունից պետք է խորը գիտելիքներ ունենաս, որովհետև Տիեզերքում ամեն ինչ կա, մենք ամեն ինչ ուսումնասիրում ենք:
Ո՞վ պետք է ուսումնասիրի տիեզերական քիմիական տարրերի բաղադրությունը կամ միացությունները: Քիմիկոսներն ուզում են ուսումնասիրել, բայց իրենք չունեն աստղագիտական նման գործիքներ: Այս տեսակետից աստղագիտությունը գնալով ավելի է ինտեգրվում բնական գիտություններին, և առաջանում են միջճյուղային գիտություններ, ինչպես աստղաքիմիան, աստղակենսաբանությունը: Օրինակ՝ մոլորակագիտությունը, մյուս մոլորակների ուսումնասիրությունը, շատ են օգնում երկրաբանության զարգացմանը: Գրեթե ամեն ինչ մեր երկրի մակերևույթում հայտանաբերված է, բաց կետեր չունենք, Տիեզերքից դիտումների շնորհիվ արդեն մանրակրկիտ քարտեզագրված է երկրագունդը, և նոր մոլորակի, արբանյակի ուսումնասիրությունը թռիչքաձև զարգացնում է նաև մեր երկրաբանությունը:
Աստղագիտությունն այսօր շատ լուրջ դեր է կատարում բոլոր ոլորտներում և առաջ է տանում բոլոր գիտությունները: Եթե խոսենք ֆիզիկայի մասին, առնվազն 100 տարի է՝ ֆիզիկայի ամենաառաջադեմ ճյուղերը հենց աստղաֆիզիկայի հետ են կապված՝ բարձր էներգիաների ֆիզիկան, միջուկային ֆիզիկան… էլ չեմ ասում, որ մեխանիկան սկզբից զարգացել է երկրային մարմինների շարժումների շնորհիվ: Նյուտոնը, Կեպլերը լուրջ աշխատանքներ են կատարել մոլորակների շարժումների շնորհիվ: Օպտիկան ամբողջ պատմության ընթացքում զարգացել է աստղագիտական սարքերի շնորհիվ: Օպտիկական սարքերի մեջ լուրջ ներդրում հենց աստղագետներն են ունեցել: Շատ աստղագետներ միաժամանակ նաև օպտիկներ էին: Ներկա դարաշրջանում էական թռիչք է տեղի ունեցել դեպի Տիեզերքի մանրակրկիտ ուսումնասիրություն, և աստղագիտությունը դարձել է լայնածավալ գիտություն:
– Հաճախ եք այցելում Հայաստանի տարբեր դպրոցներ, դասավանդման մեթոդիկայի մեջ փոփոխություններ պե՞տք է կատարել, թե՞ ոչ: 21-րդ դարում երեխայի մեջ ինչպե՞ս պետք է սեր արթնացնել աստղագիտության, ֆիզիկայի, քիմիայի հանդեպ:
– Աստղագիտությունն ամենագրավիչ գիտությունն է և օգնում է նաև մյուս գիտությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելուն: Առաջին անգամ Տիեզերքի որևէ նկար տեսնելիս երեխաներն արդեն կլանվում և սկսում են հետաքրքրվել, հետո կարող է մեկ հարց առաջանալ, որը կապված է ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության հետ: Օրինակ՝ այլ մոլորակների վրա, Արեգակնային համակարգից դուրս մենք կյանք ենք փնտրում՝ հնարավոր բնակելի մոլորակներ: Դա արդեն ինչ-որ չափով կենսաբանության խնդիր է, և այստեղ աստղակենսաբանություն գիտությունն է հանդես գալիս: Այդ պատճառով ես կարևոր եմ համարում, որ աստղագետներն ակտիվ մասնակցեն ուսումնական գործընթացին՝ գոնե ընդհանուր խորհուրդներով:
Բյուրականի աստղադիտարանը, բացի գիտականից, զբաղվում է կրթական գործունեությամբ: Միայն ուսուցիչների վերապատրաստման չորս ծրագիր կա, որ իրականացնում ենք Հայաստանում: Աստղագետներն այցելում են դպրոցներ, քանի որ ունենք դպրոցական դասախոսությունների ծրագիր:
Ամեն տարի 30 դպրոց ենք այցելում: Վերջերս Երևանը սկսեցինք բացառել, որպեսզի հեռավոր մարզերը շանս ունենան դասախոսությունների մասնակցել: Նույն ծրագրով երկու անգամ նաև Արցախ ենք գնացել: Դասախոսության նպատակը ոչ միայն գիտելիք տալը, այլև հետաքրքիր երեխաներ բացահայտելն է: Յոթ անգամ արդեն իրականացրել ենք ծրագիրը և, ընդհանուր առմամբ, 200-ից ավելի դպրոց ենք այցելել: Մի շարք դպրոցների նաև աստղադիտակներ ենք նվիրել. Տավուշի մարզում երեք դպրոց շահեց, երկու դպրոց՝ Սյունիքի մարզից, Արագածոտնի, Արմավիրի մարզերի դպրոցներին ևս աստղադիտակներ նվիրեցինք:
Մենք ուշադիր ենք նաև դպրոցական օլիմպիադաներին: Մեր աստղագետները տարբեր դպրոցներում խմբակներ են վարում, ինչի շնորհիվ երեխաներն աշխարհում հաջողությունների են հասնում:
Զարմանալի է, որ այսօր աստղագիտությունը չի դասավանդվում՝ որպես առանձին առարկա, ֆիզիկայի մի բաժինն է կազմում, բայց օլիմպիադաները, բարեբախտաբար, նախարարության (ԿԳՄՍ) ցանկում շարունակում են մնալ: Մենք բերել ենք մի շարք ոսկե մեդալներ, որ այլ ոլորտներում բացառիկ դեպքերում է լինում:
– Ի՞նչ եք կարծում, ապագայում մենք կունենա՞նք նոր համբարձումյաններ:
– Վիկտոր Համբարձումյանը շատ խոշոր գիտնական էր, նա բացառիկ հանճար էր: Նման մարդիկ գուցե 100 տարին մեկ են ծնվում, բայց մեր ազգը հենց այն ազգն է, որը պետք է տա նոր համբարձումյաններ: Ուրիշ ազգեր գուցե չունեն այդ հնարավորությունը: Մեր մտավոր գործունեությունն ամենահաջողն է ստացվում: Վստահ եմ, որ այդ ուղղությունը պետք է զարգացնել, երեխաների մեջ սեր առաջացնել, աճեցնել ու հասցնել իրենց նպատակներին: Հույս ունեմ, որ նոր Համբարձումյանը կարող է ծնվել որևէ հեռավոր գյուղում: Ցավալի է, որ շատ երկրներում մայրաքաղաքները կարծես մի գլուխ բարձր են մնացածից: Բոլոր ծրագրերը մայրաքաղաքին են նվիրված, կազմակերպությունների մեծ մասն այնտեղ է, մնացածը զուրկ են, դրա համար մենք փորձում ենք գնալ հեռավոր մարզեր՝ առանց մտածելու, որ դա ավելի ծախսատար է, ժամանակատար:
– Աստղադիտարանը շատերին է օգնում, իսկ ինչպիսի՞ օգնության կարիք ունեք դուք, ի՞նչ խնդիրներ կան:
– Մեկ բառով պետք է ասեի՝ ֆինանսական, բայց դա մի քիչ պարզունակ կլինի, որովհետև ֆինանսներ բոլոր տեսակի գործունեության համար անհրաժեշտ են: Մյուս կողմից՝ իմ մեծ վստահությունն այն է, որ ֆինանսն ինքնըստինքյան չի լինում, մարդիկ են իրենց ակտիվությամբ ստեղծում: Այսինքն, եթե ունեք լավ նախագիծ, գաղափար և կարող եք դա ներկայացնել և համոզել թե՛ գիտական ֆոնդերին, թե՛ հովանավորներին, ապա այս դեպքում հաջողությունները կարող են գալ: Այդպես էլ անում ենք:
Պետական ֆինանսավորումը շատ ցածր է, մեր երկրի ղեկավարությունը դեռևս չի գիտակցում, որ գիտության նկատմամբ քաղաքականությունը պետք է փոխվի: Աշխարհի բոլոր երկրները, որոնք լավ են ֆինանսավորում գիտությունը, դառնում են զարգացած կամ արդեն այդպիսին են: Չկա այնպիսի պետություն, որը զարգացած է, բարձր չափանիշերով է առաջ շարժվում և գիտությանը վատ է ֆինանսավորում: Միանշանակ, կապ կա գիտության ֆինանսավորման և պետության զարգացածության մակարդակի միջև, իսկ մեր Հայաստանը, եթե չի ուզում ֆինանսավորել գիտությունը, դա նշանակում է, որ պետք է գլորվի կամ արդեն գլորվել է հետամնաց երկրների շարքը:
Փոքր տնտեսություն, քիչ բնակչություն, ցածր պետական բյուջե ունենալով՝ Հայաստանը շանս ունի լինել առաջատար երկրների շարքում: Դա բարձր տեխնոլոգիաների գիտության շնորհիվ կարող է լինել, որովհետև մարդկությունն այսօր այդ ուղղությամբ է շարժվում: Ամեն ինչում, նույնիսկ տնտեսության մեջ պետք է գիտական մոտեցում ցուցաբերել: Օրինակ բիզնեսում մեզ մոտ մտածված չեն աշխատում: Հիմնականում, ով ֆինանս ունի՝ կարողանում է առաջ տանել գործը: Երբեմն տեղ էլ չեն տալիս մարդկանց, ովքեր հետաքրքիր գաղափարներ, լավ մտահղացում ունեն: Մանր մակարդակի վրա սա կա, ինչ-որ ստարտափներ են անում, սակայն, խոշոր հաշվով, մեծ բիզնեսի մեջ չեն մասնակցում:
Արտասահմանում բոլոր լուրջ ընկերություններում գիտական բաժիններ կան, և առանց դրա նրանք չեն կարող շուկայում մնալ, մրցակցությանը դիմանալ: Պատկերացնո՞ւմ եք, թե «Մերսեդեսն» ամեն տարի ինչքան գումար է ծախսում գիտության վրա, որպեսզի ցանկացած, նույնիսկ ամենափոքր դետալը, որը նորամուծություն է, գիտականորեն ապացուցվի՝ արժե՞, որ այսպիսի տեսք ունենա, այսպիսի նյութից լինի, և այլն: Պատահական չեն կարող մեկ դետալ սարքել, որ լավ աշխատի: Նման ընկերությունները նայում են, թե ի՞նչն է թերի, ի՞նչը կարելի է լավացնել: Նույնիսկ գյուղատնտեսության մեջ, եթե ինչ-որ մեկը հարմար պարարտանյութ օգտագործի, կարող է բերքը կրկնապատկել: Բոլոր ոլորտները պահանջում են մտավոր կարևորագույն լուծումներ: Գիտնականները շատ մեծ դեր կարող են խաղալ: Այստեղ, ցավոք, չի կիրառվում նաև արտասահմանյան փորձը:
Գիտական զարագացումներն անմիջապես չեն գնում տնտեսություն, որովհետև չկա միջանկյալ օղակ: Գոյություն ունի գիտություն և բիզնես, իսկ միջանկյալ օղակը չկա: Գիտնականից պահանջում, ասում են՝ ձեր ապրանքը բերեք վաճառեք բիզնեսին, իսկ բիզնեսում էլ չեն հասկանում, որ դա օգտակար է, կարող են առնել: Ինչո՞ւ չեն հասկանում, որովհետև այն դեռևս տեսական մակարդակի վրա է: Միջանկյալ օղակը եթե չաշխատի, այս երկու ոլորտները միշտ խզված կմնան: Պետությունը պետք է մտածի, մասնագետներ պատրաստի, գուցե արտասահմանից հրավիրի մի քանիսին, որ դպրոցներ բացեն, մարդիկ պատրաստեն: Մասնագիտություն է՝ ինչպե՞ս գիտության արդյունքը ներդնել բիզնեսում: Գիտնականը դրա մասնագետը չէ: Եթե մարդուց պահանջվում է մեկ բան, որը չի սովորել, չի կարող դա լավ իրականացնել:
Մեր երկրում շատ մասնագիտություններ սխալ են բաշխված կամ խառնված են, մարդը մեկ բան սովորում, գնում, ուրիշ բան է աշխատում: Ինչպե՞ս կարող է այդ ուրիշ աշխատանքը լավ կատարել: Ասենք՝ խոհարարն ուզում է աստղագետ դառնա, աստղագետն էլ գնում, տաքսի է քշում: Այսպիսի պայմաններում երկիրն ինչպե՞ս կարող է զարգանալ: Պետությունը վերևից չի՞ ուզում նայի, տեսնի, թե երկրում ի՞նչ է կատարվում: Որքա՞ն մասնագետներ են արտադրում, և ո՞ր ոլորտներ են գնում: Սա հարցերի հարցն է:
Եթե մասնագետներն իրենց տեղերում հայտնվեն, միայն դրա շնորհիվ երկրի վիճակը կարող է կրկնակի լավանալ: Վերցրեք աշխարհի ամենակազմակերպված երկրներից մեկը՝ Գերմանիան, և մարդկանց տեղերով խառնեք՝ ըստ մասնագիտությունների: Կարող է այդ երկիրը մեկ ամիս չդիմանա, փլուզվի: Հասկանո՞ւմ եք, թե ինչքան կարևոր է, որ մարդիկ ճիշտ տեղերում լինեն, և ամեն մեկն անի այն, ինչը լավագույնը կարող է անել: Բնականաբար, դրանից շատ մեծ արդյունք կստանանք: Վերցնենք աստղագիտությունը. Եթե աստղագետներից մեկը լավ դիտումներ անել գիտի, մեկ ուրիշը՝ լավ հաշվարկներ, իսկ մյուսը լավ հոդված է գրում, բնականաբար, պետք է թողնես, որ ամեն մեկն իր գործն անի, ոչ թե մեկին ասես՝ չէ, դու գնա զոռով դիտի, այն դեպքում, որ չի կարողանում: Մարդկանց պետք է թույլ տալ ճիշտ ուղղություններով գնալ: Եթե ձեր երեխան լավ երգում է, չեք կարող ստիպել՝ ասելով՝ չէ, գնա մաթեմատիկոս դարձիր, և հակառակը: Պարզ է, որ ավելի լավ երգիչ կդառնա, ինչո՞ւ ստիպես, որ անհաջող ուղղությամբ գնա: Նույնը երկրի դեպքում է: Ղեկավարությանը եթե դնենք ծնողների տեղը, իսկ ժողովրդին՝ երեխաների, ղեկավարությունը պետք է հոգա այն մասին, որ մարդիկ ճիշտ տեղերում հայտնվեն ու լավագույն կերպով իրենց դրսևորեն:
– Աստղադիտարանը գիտաշխատողների կարիք ունի՞:
– Իհարկե: Ցանկացած լավ գիտաշխատող մեզ համար ողջունելի է: Եթե այդպիսի մարդ հայտնվի, մենք միշտ հնարավորություն կունենանք ֆինանսավորել նրան, ընդգրկել տարբեր ծրագրերում:
– 2015թ. ամռանը Միջազգային աստղագիտական միության որոշմամբ Հայաստանը ճանաչվեց տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Ի՞նչ ծրագրեր են իրականացվում, ո՞ր երկրների հետ կա համագործակցություն:
– Տարածաշրջանային երկրների համար ոչ միայն համագործակցող, այլև առաջատար երկիր ենք հանդիսանում: Պաշտոնապես միացել են արդեն Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Տաջիկստանը և Ղազախստանը: Իրանը, Թուրքիան և Ղազախստանը հսկա երկրներ են, մեզանից 10 անգամ մեծ բնակչությամբ ու տարածքով, բայց տեսեք, ընդունում են, որ մենք ենք այս տարածաշրջանում առաջատարը: Էլ չեմ ասում, որ սա նաև քաղաքական հարց է: Բյուրականի աստղադիտարանը երևի Հայաստանի համար ամենամեծ գործն է արել, եթե դիտարկենք արտաքին հարաբերությունների տեսանկյունից: Միջազգային, տարածաշրջանային հեղինակություն է բերել: Մեր գործունեությամբ ցույց ենք տալիս, որ հարևան երկրները, օրինակ, Թուրքիայի նման հսկա, շատերի համար թվում է՝ թշնամաբար տրամադրված երկիրը, մեզ հարգում է: Մենք ստիպել ենք մեզ հարգել: Պաշտոնական նամակ են ուղարկել Միջազգային աստղագիտական միություն՝ գրելով. մենք ճանաչում ենք, որ Հայաստանը պետք է լինի այս տարածաշրջանի առաջատարը, կենտրոնը: Կարծում եմ՝ սա մեծ երևույթ է: Ցավոք, մեր երկրի ղեկավարները դեռևս որևէ ձև չեն պատկերացնում, թե այս խաղաքարտը կամ հաղթաթուղթն ինչպե՞ս կարելի է օգտագործել:
Հայաստանը բարձր մշակութային արժեքներ ունեցող երկիր է, որի մեջ մտնում են գիտությունը, արվեստը: Եթե Ադրբեջանը սեղանին նավթ կամ փող է դնում, մենք կարող ենք դնել մեր մշակույթը, որն ավելի բարձր է, քան մնացածը: Այլապես մեզ ինչո՞ւ պետք է հարգեին: Մեզ մեր պատմության և մշակույթի շնորհիվ են հարգում:
Անի Կարապետյան