Բաժիններ՝

Ջորջ Սորոսն ու հեղաշրջումը մարզական վարկերի շուկայում

«Բարսելոնան» Գրիզմանին գնել է Սորոսի ստարտափի միջոցով:

Գրիզմանի՝ «Բարսելոնա»  120 միլիոն արժողությամբ տրանսֆերը հեշտությամբ կարող էր ձախողվել: Եվ խոսքն «Ատլետիկոյի» համառությունը չէր. կատալոնացիները պարզապես բավարար գումար չունեին: Նրանք դիմել են իսպանական բանկերին վարկեր ստանալու համար, բայց հիշել են 600 միլիոն եվրո պարտքը՝ «Կամ Նոուի» վերակառուցման համար, և հրաժարվել են:

Լոնդոնյան 23 Capital ընկերությունը օգնել է «Բարսելոնային». այն անմիջապես վարկավորել է կատալոնացիներին 30 միլիոն եվրոյով: Այս ընկերությունը տրանսֆերային շուկայում հիմնական ստվերային խաղացողներից մեկն է. միայն 2019 թվականի ամռանը ներդրումներ են կատարվել Ժոաո Ֆելիքսի և Նիկոլաս Պեպեի տրանսֆերների մեջ, իսկ մի քանի տարվա ընթացքում նրանք ֆուտբոլային ակումբներին տվել են ավելի քան 2 միլիարդ եվրո:

23 Capital-ը փող է տալիս ոչ նյութական ակտիվների հաշվին (հեռուստատեսային իրավունքներ, ապրանքանիշեր և խաղացողներ): Նախկինում ֆուտբոլում ոչ ոք այսպես չէր անում:

23 Capital-ը հզոր ստարտափ է Լոնդոնից, որը 2014 թվականից հեղաշրջում է սպորտի վարկավորման շուկան:

Ընկերությունը փոքր-ինչ նման է սովորական բանկի կամ ներդրումային ֆոնդի, բայց կա մի կարևոր տարբերություն. այն աշխատում է միայն մարզական և երաժշտական ​​շուկաներում:

23 Capital կայքի սկզբնական էջում ասվում է. «Մեր ընկերությունը սպորտի և զվարճանքի արդյունաբերության համար փողի և լուծումների մատակարար է»:

Ընկերության գործադիր տնօրեն Ջեյսոն Թրուբը 13 տարի աշխատել է Investec Bank-ի վարկային բաժնում, իսկ ընկերության հիմնադիր Սթիվ Դուվալը՝ Օլիմպիական կոմիտեում և գործակալությունում:

Ընկերությունը ֆինանսավորում է միլիարդատեր Ջորջ Սորոսը: Ֆուտբոլում ներդրումներ կատարելը դարձել է շատ եկամտաբեր:

Չորս տարվա ընթացքում 23 Capital-ը վարկեր է տվել մարզական ակումբներին՝ մոտ  2 միլիարդ եվրո ընդհանուր արժողությամբ: Ընկերությունը գումարներ է ներգրավում տարբեր ներդրողների կողմից, ամենախոշորն 89-ամյա ամերիկացի միլիարդատեր և բարերար Ջորջ Սորոսի ընկերություններն են: 2017 թվականին Quantum Partners LP ներդրումային հիմնադրամը (Soros Fund Management LLC-ի քույր հիմնադրամը) ներդրել է 1,7 միլիարդ եվրո:

Ինչո՞ւ է նման մեծ հիմնադրամը աջակցում ստարտափին: Այժմ ներդրումներ անելը եկամտաբեր է ոչ միայն Անգլիայի Պրեմիեր լիգայում, այլև՝ առհասարակ մարզական աշխարհում:

Ընկերության տնօրենները նշում են, որ մեր օրերում մարզական աշխարհում ներդրումներ անելը 5-10 անգամ ավելի ձեռնտու է, քան այլ ոլորտներում, անգամ՝ երաժշտական:

Ակումբ ընտրելիս ղեկավարները նայում են ակտիվների իրացվելիությանը (ապրանքանիշ, խաղացողներ և այլն), և ոչ թե սպորտային հաջողություններին: Հետևաբար՝ «Արսենալը» հետաքրքրական է Եվրոպա լիգայում հայտնվելուց հետո, բայց նրանք Չեմպիոնների լիգայում խաղալուց հետո չեն աշխատում «Ատալանտայի» հետ:

23 Capital-ում գործարքի մանրամասները հազվադեպ են բացահայտվում, բայց մի քանի դեպքեր, այնուամենայնիվ, հայտնվել են մամուլում:

Հայտնի է, որ ընկերությունն անգլիական ակումբներից մեկին է վարկավորել  ստադիոնի անվանման համար՝ հովանավորչության հետագա եկամուտները ստանալու նպատակով: Իսկ բրիտանական մյուս թիմին (ամենայն հավանականությամբ, «Մանչեսթեր Յունայթեդը») վարկ է տրամադրվել՝ adidas-ի հովանավորչական համաձայնագրի միջոցների հաշվին:

2015 թվականին ընկերությունը գործարք է կնքել «Բենֆիկայի» հետ. պորտուգալական ակումբը առաջիկա 5 տարվա ընթացքում հեռուստատեսության իրավունքների դիմաց ստացավ 100 միլիոն եվրո եկամուտ: «Մեր փողերի շնորհիվ «Բենֆիկան» մարեց մի քանի վարկեր և բարելավեց իր հաշվեկշիռը»,- բացատրել է Թրուբը:

Սովորաբար վարկերի գումարը կազմում է 5-120 միլիոն եվրո, բայց երբեմն ընկերությունը տալիս է շատ փոքր վարկեր: Օրինակ, 2015 թվականին ընկերությունը ֆինանսավորեց «Ռեալ Մադրիդի» ավստրալական շրջագայությունը:

2019 թվականի ամռանը «Արսենալը» երկրպագուներին զարմացրեց մաթեմատիկական հանելուկով. ունենալով 45 մլն եվրո բյուջե՝ թիմը գնեց Նիկոլաս Պեպեին՝ 80 մլն եվրոյով: Ըստ անգլիական մամուլի՝ պակասող գումարը տրամադրել է 23 Capital-ը:  Նույն իրավիճակները եղել են ժոաո Ֆելիքսի և Անտուան Գրիզմանի դեպքում:

23 Capital-ը արագորեն աճում է: Գրիզմանի գործարքից հետո ընկերությունը գրասենյակ բացեց Բարսելոնայում (գրասենյակներ կան նաև Նյու Յորքում և Լոս Անջելեսում), որը ղեկավարում էր Nike-ի մարքետինգի նախկին տնօրեն Ջոնի Նայը: Թրուբը պատրաստվում է ընդլայնել ընկերությունը դեպի նոր մարզաձևեր:  Նպատակը՝ առաջիկա հինգ տարիներին ներդրումների ծավալը հասցնել 20 միլիարդ դոլարի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս