Բաժիններ՝

Վթարների 80 տոկոսը հեռախոսով խոսելու և Ֆեյսբուքում գրելու դեպքում են լինում, թող սա կանխեն, ոչ թե մի գծի վրա կանգնես՝ բալ հանեն

Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ին առաջին ընթերցմամբ ընդունել է ճանապարհային երթևեկության մասնակիցների համար տուգանքների բալային համակարգի ստեղծումը նախատեսող փոփոխությունների նախագիծը։

Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի փոխանցմամբ՝ խախտում գրանցվելու դեպքում այդ 9 բալից ավտոմատ կերպով կհանվեն տուգանային միավորներ։ Նշենք, որ խոսքը 0,5, 1, 2, 3, 4 բալանի խախտումների մասին է։ Եթե մեկ տարվա ընթացքում այդ 9 բալը սպառվի, ապա վարորդը կզրկվի վարորդական իրավունքից 6 ամսով։ Այս ժամկետի ավարտին իրավունքը նորից կվերականգնվի, ինչպես նաև կտրամադրվեն նոր 9 բալեր։ Եթե վարորդը երկրորդ անգամ ևս սպառի իր 9 բալերը, ապա այս անգամ նրան մեկ տարով կզրկեն վարորդական իրավունքից։ Միևնույն ժամանակ, եթե վարորդական իրավունքից զրկված մարդը մեքենա վարի, նրան սպառնում է 200-300 հազար դրամ տուգանք կամ մինչև երկու տարի ազատազրկում:

168.am-ը վարորդների հետ զրույցում փորձեց պարզել, թե ինչպիսի՞ կարծիք  ունեն նոր համակարգի վերաբերյալ, կամ ի՞նչ առաջարկներ ունեն:

– Ընդհանուր առմամբ ճիշտ որոշում է, բայց սահմանված բալերն են քիչ: Գոնե մի 12 բալ պետք է լինի՝ ինչպես եվրոպական երկրներում է:

– Նորմալ է, առաջվա նույն տալոնն է: Առաջ ո՞նց էր, մեքենա վարելու թույլտվության հետ տալոն էին տալիս. երեք հատ դակում էին, զրկում էին մեքենա վարելուց: Բալային համակարգը մեր քաղաքին շատ է պետք:

– Իմ կարծիքով՝ այդ բալային համակարգը չի աշխատի մեզ մոտ: Ես խախտում չեմ անում, բայց ամիսը մի երեք ակտ է  գալիս: Ավտոքարշակի վրա դրած անսարք մեքենան խաչմերուկն անցնում է, որոշ ժամանակ անց խախտման ակտ է գալիս: Լավ է, չէ՞, երևի ուզում էին ասել՝ ինչո՞ւ է ավտոքարշակի վրա դրված:

– Բալային  այս համակարգը վարորդների որոշ տոկոսի կզսպի, բայց կան խախտումներ, որոնք անկախ քեզանից են ստացվում: Այս փոփոխությունն անհրաժեշտ էր, որովհետև ավտովթարներից շատ են զոհվում: Պետք է հսկեն, որ հեռախոսով խոսելիս մեքենա չվարեն: 40 տարվա վարորդ եմ, գիտեմ, որ երբ հեռախոսով ես խոսում, այդ պահին լրիվ անջատվում ես, դու մեքենայում չես: Այ, թող հետևեն, որպեսզի հեռախոսով չխոսեն: ԱՄՆ-ում՝ 400 դոլար, այլ երկրներում՝ 500 եվրո տուգանում են միայն հեռախոսով խոսելու դեպքում: Կամ Ֆեյսբուքում գրելով մեքենա վարելը ո՞րն է: Վթարների 80 տոկոսն այս երկու դեպքում են լինում, թող սա կանխեն, ոչ թե մի գծի վրա կանգնես՝ բալ հանեն:

– Վատ համակարգ է։ Ոչ մի ճանապարհ չեն մեծացնում, նոր ճանապարհ չեն սարքում, փոխարենը՝  միանգամից բալային համակարգ են ներդնում:

– Իսկ Ճանապարհային ոստիկանությունը  չի՞ ուզում օրենք փոխել, որ, եթե հետիոտնը չթույլատրված վայրով անցնի ու վատ դեպք պատահի, վարորդը մեղավոր չլինի:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը սա երթևեկության վերաբերյալ եզակի դրական ռեֆորմներից մեկն էր համարել:

«Վարորդները կսթափվեն, ինչը կնպաստի խախտումներ չանելուն, իսկ վթարները խախտումների հետևանքով են: Սա պարտադիր պետք է կիրառվի, որովհետև դժբախտ պատահարների ու զոհերի թիվը գնալով շատանում է: Օրենքն ի սկզբանե ընկած չէ վարորդների հետևից, նպատակը երթևեկության մեջ պարբերաբար վտանգավոր և  դիտավորյալ խախտումներ իրականացնողներին երթևեկությունից մեկուսացնելն է»,- ասել էր նա:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս