«Ուսուցիչների մոտ 20 տոկոսը՝ 8000 հոգի, կորցնում է ատեստավորվելու իրավունքը և մի փոքր բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունը». Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցներ
Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) նախկին աշխատակիցներն այսօր՝ սեպտեմբերի 25-ին, հավաքվել էին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի առջև:
«Երբ հիմնարկը փակեցին և պայմանագրերը լուծարեցին, մեզ ասացին, որ երկու ամսից նոր հիմնարկ կբացվի, որտեղ մենք կարող ենք աշխատել: Հիմա երրորդ ամիսն է լրանում, բայց նոր հիմնարկի հետ կապված որևէ խոսակցություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ինստիտուտի նախկին աշխատակից Նունե Ամիրյանը:
Նրա փոխանցմամբ՝ հիմա էլ նախարարությունից ասել են, թե հոկտեմբերի կեսին հարցը կլուծվի:
«Հոկտեմբերի կեսին էլ կարող է ասեն՝ դեկտեմբերին: Այսպես անընդհատ ձգձգվում է: Մեզ անհայտ է նաև այն, թե իրենք ում են այդտեղ որպես աշխատող պատկերացնում: Ասում են՝ մրցույթով է լինելու: Չափման ի՞նչ միավորներ են լինելու, որ հասկանանք՝ արդյո՞ք համապատասխանում ենք իրենց դրած մակարդակին: Եթե Տնտեսագիտական համալսարանի նման մի մակարդակ են դնելու՝ անիմաստ, անհասկանալի պայմաններով ու պահանջներով, չգիտեմ, թե ովքեր կանցնեն: Հնարավոր է, որ այսպիսի բաներ լինեն՝ անգլերենով դասընթացի վարում կամ չգիտեմ ինչ: Լավ կոլեկտիվ էր, մեզ համար հետաքրքիր էր գործը, կուզենայինք աշխատել, որովհետև մեզանից լավ հանրակրթություն շատ քչերը գուցե գիտեն:
Ուսուցիչներին անգիր գիտենք, նրանց հնարավորությունները, պոտենցիալը: ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն ասաց, թե՝ ձեր գործընկերները համաձայն են, որ վերապատրաստումները վատ էին լինում:
Չէ, մենք համաձայն չենք: Ես չգիտեմ, թե մեզանից ով է համաձայն, բայց մենք հաստատ համաձայն չենք, որովհետև դրան որևէ գնահատական որևէ ձև չի տրվել: Ո՞վ ասաց, որ 5 կամ 15 ուսուցչի դժգոհությունը կարելի է համարել 38.000-անոց ուսուցչական կազմի դժգոհություն: Մենք սպասարկել ենք 38.000 ուսուցչական կազմ, չհաշված նախադպրոցական կրթության մասը: Մանկապարտեզների սպասարկումն էլ էր մեզ վրա: Ուսուցիչներն օրենքով 5 տարին մեկ պետք է վերապատրաստվեին, նախարարն ասաց, որ օրենքը կասեցվում է, բայց փաստացի դեռ չի կասեցվել, ու ուսուցիչների ատեստավորումը մնացել է ուժի մեջ:
Փաստորեն, ուսուցիչների մոտ 20 տոկոսը՝ 8000 հոգի, ատեստավորվելու իր իրավունքը և հնարավորինս մի փոքր բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունը կորցնում է: Այստեղ անորոշ է մնում նաև մեր մասնաճյուղերի կարգավիճակը: Իրենք ասում են, որ 50 հոգանոց կոլեկտիվ է լինելու: Դա ահագին տարբերություն է: Եթե Երևանն ու մոտակա մարզերը հնարավոր լինի սպասարկել, ապա Շիրակի մարզի ուսուցչական կազմին ո՞վ է սպասարկելու որևէ հարցով: Իսկ ուսուցիչներն աջակցության, էլեմենտար խորհրդատվության կարիքն ունեն»,- մանրամասնեց Նունե Ամիրյանը:
Նրա փոխանցմամբ՝ իրենց պայմանագրերը լուծարել են ու հայտնել, որ մյուսների նման կարող են գալ, մասնակցել մրցույթի:
«Այսինքն, մեզ համար որևէ առավելություն չի լինելու: Չգիտեմ՝ այսքան տարվա փորձն արժե՞ դնել, հավասարեցնել… դա էլ, իհարկե, վիճելի հարց է: Ամեն դեպքում, մեզ համար շատ ցանկալի է այդտեղ աշխատելը, սակայն անընդհատ ձգձգում են, ու մենք ֆինանսական խնդիր ենք ունենում: Ստացվում է, որ ուրիշ տեղ պետք է գործ ճարենք, կամ չճարենք… անորոշ վիճակ է: Անափիոսյանն ասաց, որ հոկտեմբերի կեսին կառավարությունը կհաստատի: Ճիշտն ասած՝ վստահ չեմ ու այդ ժամկետի հետ հույսեր չեմ կապում: Եթե անգամ հաստատվի, պետք է լինի կառուցվածքի հաստատում, մրցույթ… ու սա գնում, չգիտեմ ուր է հասնում»:
Հավելենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի առջև հավաքված Կրթության ազգային ինստիտուտի մի խումբ նախկին աշխատակիցներին հանդիպեց փոխնախարար Արևիկ Անափիոսյանը և հայտնեց, որ նախարարությունն այս պահին աշխատում է այդ ուղղությամբ։
«Գոյություն ունեցող հիմնադրամներից մեկի հենքի վրա վերաձևակերպվում է, և ֆունկցիաների մի մասը, որ ԿԱԻ-ն անում էր, իրականացնելու է այն»,- ընդգծեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ ինստիտուտի կողմից իրականացնում էին որոշ ֆունկցիաներ, որ իրականացնում է նաև Հանրակրթության վարչությունը, ուստի որոշ հաստիքներ կկրճատվեն նոր հիմնադրամում։
«Փոքր կազմ է ունենալու, և բոլոր հաստիքները համալրվելու են մրցույթով։ Շատ մեծ էին ինստիտուտի հաստիքների ցանկը՝ շուրջ 340. հաստիքները բավականին փոքր թիվ են կազմելու։ Որովհետև հիմնականում շատ գործառույթներ արտապատվիրվելու են տարբեր կազմակերպությունների, որոնք կրկին մրցույթով կընտրվեն»,- մանրամասնեց Անափիոսյանը։
Անի Կարապետյան
Լուս.՝ «Ա1+»-ի