ՀՀ գլխավոր դատախազը՝ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մեիջնորդությունը մերժելու մասին

Սեպտեմբերի 12-ին Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «ԱԱԾ քննիչը մերժել է իր  նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ փաստաբանների հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը:

«Այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է եղել, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ իմ դեմ է։

Մի փոքր հույս ունեմ, որ դատախազությունն ավելի խելամիտ կգտնվի և չի ստանձնի այս կեղծ մեղադրանքն առաջ տանելու պատասխանատվությունը։

Իրավական Հայաստանն այլընտրանք չունի։

Հ.Գ. Սիրելի լրագրողներ, մինչև ասուլիս հարցազրույց չեմ տալու, խնդրում եմ ընդունել ի գիտություն, իսկ ասուլիսի մասին կտեղեկացնեմ»,- գրել է Դավիթ Սանասարյանը։

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադառնալով Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դատախազության մերժմանը՝ նշեց, որ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ստացվել է դատախազությունում, և նախաքննության ընթացքում հսկողություն իրականացնող դատախազը պետք է իրականացնի իր հսկողական, դատավարական գործառույթները։

«Եթե ես հիմա որոշակի դիրքորոշում արտահայտեմ, կկաշկանդեմ հսկող դատախազին։ Հսկող դատախազը  կիրականացնի իր դատավարական գործառույթները, երբ ես իմ՝ որպես գլխավոր դատախազի, գործառույթներն իրականացնելիս կլինեմ»,- եզրափակեց նա։

Անդրադառնալով հարցին, թե նոր իշխանություններից երբևէ հանձնարական ստացե՞լ է, որի մասին ակնարկել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր հրաժարականի տեքստում, թե ինքը չի կարող պատվերնե կատարել, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ երբևէ որևէ մեկից հանձնարական չի ստացել, քանի որ իր պաշտոնը հանձնարականներ ստանալու պաշտոն չէ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս