Բաժիններ՝

Ի՞նչ է նշմարվում Սահմանադրական դատարանի դատավոր Դիլանյանի ու անդամ Թոխյանի հատուկ կարծիքների հետևում

Սահմանադրական դատարանի (ՍԴ) երկու դատավորների՝ Արման Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքների կառուցվածքը և բավանդակությունն այնպիսին են, որ առերևույթ հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ առկա է Վահե Գրիգորյանի, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և քաղաքական պատվիրատուների ձեռագիրը, քանի որ դեռևս չընդունված որոշման և միայն եզրափակիչ մասի հրապարակման, իսկ հետո՝ դեռ որոշման ամբողջական տեքստի «թանաքը չչորացած»՝ արդեն խոսվում էր իբրև թե դիմումի անթույլատրելիության, օրենսդրական բացի բացակայության կամ՝ Վահե Գրիգորյանի կողմից թույլ տրված արտահոսքի պատճառով՝ ՍԴ երեք դատավորների ինքնաբացարկի անհրաժեշտության մասին:

Ինքնաբացարկի մասով ձևի համար սպասելով ՍԴ որոշման՝ ԱԺ նախագահը և վարչապետն իրենց պաշտոններին ոչ հարիր, անպարկեշտ հայտարարություններով հանդես եկան՝ ակնհայտորեն վերազանցելով իրենց լիազորությունները և ստելով հանրությանը, թե ՍԴ-ն իբրև թե չի քննարկել կամ անհիմն մերժել է Վահե Գրիգորյանի միջնորդությունը, իսկ ՍԴ դատավոր Դիլանյանը և անդամ Թոխյանը (պաշտոնների անվանումը՝ ըստ Վահե Գրիգորյանի և Հ1-ի), ինչպես և ակնկալվում էր, պետք է, ըստ երևույթին, Վահե Գրիգորյանի և Վլադիմիր Վարդանյանի ցանկությամբ (Արման Դիլանյանը, Վահե Գրիգորյանը և Վլադիմիր Վարդանյանը մտերիմ ընկերներ են, իսկ վերջինս նաև Արման Դիլանյանի քավորն է) հատուկ կարծիքներ ներկայացնեին, որոնք գործադիր և օրենսդիր իշխանությունների համար առիթ կդառնային ՍԴ որոշման «ապօրինությանն» առնչվող տեղեկատվական գրոհ սկսելու համար, ինչը և արվեց: Այդ գրոհի հիմնական նպատակը, ըստ գրեթե բոլոր, այդ թվում՝ որևէ կողմի հետ կապ չունեցող վերլուծաբանների, դատավոր Դանիբեկյանի որոշման վրա ներազդելն էր, ինչը ստացվեց:

Հարցը շատ պարզ է՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խախտելով ԱԺ կանոնակարգը, այլ հարցի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ է ունենում, նրան նույն օրը գրեթե սինքրոն երկրորդում է վարչապետ Փաշինյանը: Հարց է ծագում՝ ինչո՞ւ էին այդ մարդիկ շտապում, արդյո՞ք չէր կարելի այդ ելույթները, անկախ դրանց բովանդակությունից, ունենալ դատավոր Դանիբեկյանի որոշումից հետո, քանի որ պարզից էլ պարզ էր, որ նա պետք է այդ որոշումը կայացներ՝ Սահմանադրական դատարանի որոշումը հիմքում դնելով, ինչի մասին խոսում էր ամբողջ հանրությունը:

Ի դեպ, եթե գործադիր և օրենսդիր իշխանություններն այս գործով այդքան հակված են միանգամից համաձայնելու հատուկ կարծիք հայտնող դատավորների հետ, թեև անհասկանալի է, թե ինչու նրանք այլ գործերով մինչ այժմ չէին համաձայնել կամ լռել էին այդ մասին, ապա նրանց պետք է կանաչ ճանապարհ մաղթել, և եթե, օրինակ, Քոչարյանի մեղադրանքը ՍԴ կողմից ճանաչվի Սահմանադրությանը համապատասխանող, և մեկ կամ երկու դատավոր հատուկ կարծիք գրեն, ապա իշխանությունները պետք է համաձայնեն այդ կարծիքների հետ և ասեն, որ Քոչարյանի մեղադրանքն ապօրինի էր, և ՍԴ որոշումը՝ նույնպես, քանի որ մեկ կամ երկու դատավոր հատուկ կարծիք ունեն:

Շատ տարօրինակ է, որ մինչ այժմ նրանց աչքից վրիպել է Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանի հատուկ կարծիքն այս գործով, որում նա գտնում էր, որ Վճռաբեկ դատարանը չի կարող այն որոշումը կայացնել, որը կայացրել էր, քանի որ դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից: Խորհուրդ ենք տալիս նաև պարոնայք Միրզոյանին, Վարդանյանին և Փաշինյանին՝ ուշադիր հետևել Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններում հետագա հատուկ կարծիքներին, և եթե, օրինակ, Քոչարյանը դատապարտվի, սակայն դատավորներից մեկը գտնի, որ մեղադրանքն ապօրինի էր, քանի որ, ասենք, վիճակը վատթարացնող օրենք է կիրառվել, կամ այդ արարքն ամրագրված չէր Քրեական օրենսգրքում 2008 թվականի մարտի մեկին, անհապաղ հիմնվել այդ հատուկ կարծիքի վրա և պահանջել Քոչարյանին դատապարտող որոշումը կայացրած դատավորներին ենթարկել կարգապահական կամ քրեական պատասխանատվության: Հուսով ենք, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, միմյանց հերթ չտալով, գովաբանելով այդ հատուկ կարծիքը՝ կխոսեն Քոչարյանին դատապարտած դատավորների հրաժարականների հրամայականի մասին: Ի դեպ, վստահ ենք, որ Քոչարյանի արդարացման դեպքում հենց դա էլ լինելու է սցենարը, քանի որ ներկայիս քաղաքական իշխանության պարզունակ քայլերի նույնչափ պարզունակ հաջորդականությունն առավել քան կանխատեսելի է:

Ինչ վերաբերում է հատուկ կարծիքների բովանդակությանը, ապա դրանցում որևէ լուրջ հակափաստարկներ ՍԴ որոշման բովանդակության դեմ առկա չեն: Նախ՝ ՍԴ դատավորն ու անդամը խախտել են Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը և հատուկ կարծիք են գրել ոչ թե միայն ՍԴ որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ, այլ դրան նախորդած՝ գործը քննության ընդունելու աշխատակարգային որոշման դեմ, որով գործը քննության է ընդունվել, քանի որ հենց այդ ժամանակ պետք է բարձրացնեին դիմումը քննության չընդունելու իրենց փաստարկները, իսկ եթե դա արել են և «պարտվել են» ՍԴ մեծամասնությանը, ապա չի կարելի հատուկ կարծիքի իրավունքը չարաշահել և, դուրս գալով օրենքի սահմաններից, փորձել «ռևանշի» հասնել գործընկերների հանդեպ` հաճոյանալով քաղաքական իշխանություններին: Սա ոչ միայն սահմանադրական օրենքի, այլև դատավորի էթիկայի կանոնների ուղղակի խախտում է: Ինչ վերաբերում է հատուկ կարծիքների բովանդակությանը, ապա աչքի է ընկնում Վահե Գրիգորյանի խոսքին բնորոշ «յուրատեսակ» ոճը, երբ Դիլանյանը ՍԴ որոշման մեջ նշված օրենսդրական բաց բառերը բոլոր տեղերում վերցնում է չակերտների մեջ, իսկ Թոխյանը իր հախուռն և կիսատ տեքստում խոսում է ավելորդ շտապողականության մասին և իրեն Վանգայի տեղը դրած՝ կանխատեսում, որ, եթե չլիներ այդ շտապողականությունը, ապա որոշումն այլ կլիներ, այսինքն՝ իրեն թույլ է տալիս խախտել սահմանադրական օրենքը, քանի որ դա կապ չունի ոչ որոշման եզրափակիչ, ոչ էլ պատճառաբանական մասի հետ: Եթե նույնիսկ դա այդպես է, իր կոլեգաներն այդքան միամիտ չեն, որ իր նշած շտապողականության պատճառով լիովին այլ, այսինքն՝ սխալ որոշում կայացնեին:

Իսկ կարծիքների հիմնական տեքստն այն է, որ օրենսդրական բաց չկա, և, ինչպես որ ջանասիրաբար վկայակոչեց Արարատ Միրզոյանը, ՍԴ-ն շեղվել է իր ավելի քան 10 տարվա պրակտիկայից:

Այս մարդիկ կամ չեն հասկացել ՍԴ որոշման էությունը, կամ իրենց չհասկացողի տեղ են դնում: Առաջին դեպքում, ինչպես ասում են, «դպրոց կա», իսկ երկրորդի դեպքում՝ էլ ոչ մի դպրոց չի օգնի:

Օրինակ, վկայակոչելով ՍԴ նախորդ որոշումներից մեկը՝ ՍԴՍՈ-1434-ը, Արման Դիլանյանը նշում է, որ այդ որոշման մեջ Սահմանադրական դատարանը գտել է. «առկա չէ օրենսդրական բաց բոլոր այն դեպքերում, երբ ենթադրյալ օրենսդրական բացին վերաբերող հարցերն ուղղակիորեն կարգավորված են Սահմանադրությամբ»: Ուղղակիորեն կարգավորված լինելու պահանջն անտեսելով՝ Դիլանյանը ՍԴ վերջին որոշումը դիտում է՝ որպես շեղում նախորդ պրակտիկայից: Այսինքն՝ Արման Դիլանյանի կարծիքով՝ «ուղղակիորեն» բառը նշանակում է, որ քննիչը, դատախազը և դատարանը Սահմանադրության 140-րդ հոդվածը պետք է համարեն անձեռնմխելիության հիմքով քրեական վարույթ չհարուցելու կամ այն կարճելու՝ քրեական դատավարության օրենսդրության մեջ ամրագրված հիմք՝ չհասկանալով, որ դա ուղղակի անձեռնմխելիության վերաբերյալ բացառապես նյութական կարգավորում է, և Սահմանադրությունն ուղղակիորեն չի լուծել և չէր կարող լուծել այդ հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական վարույթը կարճելու հարցը: Բացի այդ՝ դատարանները կաշկանդված են նախ՝ օրենքով, հետո՝ Սահմանադրությամբ, իսկ եթե օրենքը չի համապատասխանում Սահմանադրությանը, ապա նրանք ոչ թե պետք է մեկնաբանեն Սահմանադրության (ուշադրություն, Դիլանյան)՝ անմիջականորեն չգործող նորմերը, ինչպիսին է 140-րդ հոդվածը, այլ դիմեն ՍԴ, այդ թվում՝ երբ առկա է օրենսդրական բաց: Բացի այդ, ՍԴ հատուկ կարծիք ներկայացրած անդամները չեն տարբերակում քրեական և քրեադատավարական օրենքին որոշակիության տեսանկյունից ներկայացվող էապես ավելի բարձր պահանջներն այլ օրենքներին ներկայացվող պահանջներից, մինչդեռ ՍԴ որոշման մեջ այդ հիմքն էական տեղ է գրավում: Հղում անելով ՄԻԵԴ նախադեպերին` ՍԴ-ն հարկ է համարել ընդգծել, որ ՄԻԵԴ-ն ազատազրկմանը վերաբերող ոչ միայն քրեական, այլև դատավարական կանոնների որոշակիության հավելյալ պահանջ է ամրագրել` սահմանելով, որ «յուրաքանչյուր ձերբակալում կամ կալանք ներպետական օրենսդրությունում» պետք է իրավական հիմք ունենա, իսկ համապատասխան օրենքը, այսինքն` տվյալ դեպքում՝ դատավարական օրենքը պետք է ունենա այնպիսի որակ, որ համապատասխանի օրենքի գերակայությանը: Սա նշանակում է, որ ՍԴ-ն, նախ՝ թույլ չի տվել դատարաններին անտեսել օրենքը և կիրառել Սահմանադրության` ուղղակիորեն չգործող դրույթները, այն էլ՝ ընթացակարգային տարր չունեցող, բացի այդ, պահանջել է օրենսդրից՝ ապահովել և քրեական, և դատավարական օրենքի առավել բարձր որոշակիություն՝ հաշվի առնելով, որ խոսքն այդ օրենքների հիման վրա անձի ազատազրկման, այդ թվում՝ կալանքի մասին է, և միայն մի շարք այլ պահանջներ դնելուց հետո է եկել եզրահանգման, որ Քրեական դատավարության օրենսգրքում առկա է օրենսդրական բաց: Դա նշանակում է, որ հատուկ կարծիք գրած դատավորն ու անդամը և իրենց սատարող քաղաքական իշխանությունները չեն էլ հասկացել ՍԴ որոշման հիմնական բովանդակությունը: Բացի այդ՝ Արարատ Միրզոյանը և ՍԴ դատավորը և անդամը չեն հասկացել, որ ցանկացած երկրում բոլոր դատարանները, հատկապես՝ բարձր դատարանը, ոչ միայն կրկնում են իրենց նախորդ պրակտիկան, այլև զարգացնում են այն, ինչն իրավունքի զարգացման տարրական ուղիներից մեկն է: Դա բնորոշ է նաև ՄԻԵԴ-ին:

Արման Դիլանյանի հատուկ կարծիքում այս մասով «կուրությունը» լրիվ զավեշտալի, կասեինք, նույնիսկ գրոտեսկային չափերի է հասնում: Հենց իր հատուկ կարծիքում, վկայակոչելով ՍԴՈ-864-ը, Դիլանյանը նշում է, որ Սահմանադրական դատարանն իր մեկ այլ որոշման մեջ, «զարգացնելով իր վերոհիշյալ» որոշման մեջ արտահայտված… իրավական դիրքորոշումները», արտահայտել է լրացուցիչ դիրքորոշումներ օրենսդրական բացի վերաբերյալ, ընդ որում, Դիլանյանի կողմից վկայակոչված առաջին որոշումը ՍԴ-ն ընդունել է 2010 թ. փետրվարին, իսկ զարգացրել է նույն թվականի սեպտեմբերին: Այսինքն՝ ուղղակիորեն տեսնելով, որ ՍԴ-ն նաև իր հատուկ կարծիքի առիթը հանդիսացած գործով ոչ միայն հիմնվել է, այլև զարգացրել է օրենսդրական բացի վերաբերյալ իր պրակտիկան՝ բառացիորեն նշելով այդ մասին («Վերահաստատելով և զարգացնելով օրենսդրական բացի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները», տես՝ ՍԴՈ-1476, կետ 4.4-ը), ընդ որում, դա արել է 9 տարի անց, Դիլանյանը գտնում է, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն չի հիմնվել իր նախադեպերի վրա, ինչին երկրորդում է Դիլանյանի քավոր Վլադիմիր Վարդանյանի սանիկ Արարատ Միրոզոյանը, երբ խոսում է ՍԴ-ի կողմից իր 10-ամյա պրակտիկայից իբրև թե անհիմն շեղվելու մասին: Մեղմ ասած՝ տգեղ է։ Եթե հետևենք այս հատուկ կարծիքների և ներկայիս իշխանությունների պրիմիտիվ տրամաբանությանը, ապա ստացվում է, որ ցանկացած քննիչ, դատախազ և դատարան, եթե հարցն օրենքում կարգավորված չէ, սակայն Սահմանադրության մեջ, իր կարծիքով, կա հարցի լուծում, անկախ նրանից, թե խոսքն անմիջականորեն գործող նորմերի՞ (Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մաս), թե՞ ցանկացած այլ նորմի մասին է, ապա իրավունք ունի անտեսել օրենքի բացը և կիրառել Սահմանադրությունը: Ասել, որ սա օրինականության սկզբունքի ոտնահարում է, նշանակում է՝ ոչինչ չասել: Ասել, որ դատավարական օրենքում բացերը նման եղանակով լրացնելը կարող է չափազանց ծանր հետևանքներ ունենալ կասկածյալների, մեղադրյալների և ամբաստանյալների համար, մինչդեռ օրենսդիրը պարտավոր է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում նման բացեր թույլ չտալ, նշանակում է՝ շատ քիչ բան ասել ՍԴ դատավորի և անդամի, էլ չենք խոսում քաղաքական գործիչների մոտ գրագիտության կամ տարրական մասնագիտական կարողությունների իսպառ բացակայության մասին:

ԿԱՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս