«Իսկ դուք կարծում եք, որ վարչապետն այն կերպարն է, որին դուք հեռուստատեսությամբ կամ մամուլի ասուլիսների ժամանա՞կ եք տեսնում». Արմեն Բադալյան

Երեկ Լոս Անջելեսի Գլենդել քաղաքում տեղացի ու հայաստանյան լրատվամիջոցների համար տված իր ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին։ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր.

«Ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հետո իմացա, որ ծառայության կայքում է տեղադրվել այդ նյութը: Հանել են, բա ի՞նչ պիտի անեին, բա պիտի շարունակեր մնա՞լ: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է՝ ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ էդպիսի բան արել են 1991 թվականի պուտչիստները»։

Այսօր, անդրադառնալով վարչապետի՝ իր հասցեին հնչեցրած գնահատականներին, Արթուր Վանեցյանը hraparak.am-ի հետ զրույցում մասնավորապես ասել էր.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։

Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել՝ առանց հետևանքների մասին մտածելու»։

ԱԱԾ նախկին տնօրենի պատասխանը Նիկոլ Փաշինյանին 168.am-ը խնդրեց մեկնաբանել քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանին։

«Պատասխանն այնքան պարզ էր գրված, որ արդյո՞ք դա կարիք ունի մեկնաբանության։ Պատասխանի մեջ ԱԱԾ նախկին տնօրենը նախ շատ հստակ նշել է, որ նախ սպայի պատվի վերաբերյալ ինքն ավելի շատ պատկերացումներ ունի, քան բանակում չծառայած անձնավորությունը»,- ասաց Արմեն Բադալյանը։

Երկրորդ մեսիջը, ըստ քաղաքագետի՝ այն էր, որ վարչապետը չնայած քննադատում է իրեն (Արթուր Վանեցյանին,-Գ.Ս.), բայց իր կողմնակիցներին գաղտնի ուղարկում է, փաստորեն, ԱԱԾ տնօրենի մոտ՝ խնդրելով, որ նա որևիցե բան չասի և առանց մտածելու՝ չխոսի։

«Ա՛յ սա ամենակարևոր բանն էր այս պատասխանի, որը, ըստ ԱԱԾ նախկին տնօրենի, ցույց է տալիս վարչապետի երկերեսանիությունը։ Հրապարակային քննադատում է, բայց տակից մարդկանց է ուղարկում և առաջարկում լռել»,- նշեց նա։

Արմեն Բադալյանը կարծում է, որ իր պատասխանի մեջ Արթուր Վանեցյանը ցույց է տալիս, որ վարչապետը պատկերացում չունի գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակի մասին, որովհետև  նման կարգավիճակ խաղաղ պայմաններում Գլխավոր շտաբի պետն ունի, և միայն պատերազմական պայմաններում է, որ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է։

«Նա նաև զգուշացնում է, որ լավ կլինի՝ խոսելուց առաջ մտածել խոսքի հետևանքների մասին, որովհետև եթե ինքը սկսի խոսել առանց մտածելու, ապա դրա հետևանքով շատ-շատ բաներ կարող են տեղի ունենալ»,- ասաց Արմեն Բադալյանը։

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ իր պատասխանի մեջ Արթուր Վանեցյանը շատ հանգիստ արձանագրում է, թե դեռ հայտնի չէ՝ ով է վերջում հայտնվելու աղբամանի մեջ։

«Այսինքն՝ սա հավասարազոր է ասել, որ կտեսնենք՝ իմ ուսադիրները կլինեն աղբամանի մե՞ջ, թե՞ դու կհայտնվես աղբամանում»,- մեկնաբանեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ սրանք ուղերձի միջի մեսիջներն էին, սակայն ամենակարևորն այն էր, որ ինքը պատասխանեց, այսինքն՝ Արթուր Վանեցյանը վարչապետին թույլ չի տալիս լինել վերջին խոսքն ասողը։

«Եթե նկատել եք, ինքը միշտ վարչապետից հետո խոսում է։ Ա՛յ սա է ամենակարևորը։ Որ դու չես վերջնական որոշում կայացնողը, ես եմ վերջին խոսքն ասողը։ Իսկ վարչապետին սա դուր չի գալիս, որովհետև նա իր համար այնպիսի կերպար է ստեղծել, թե ինքը Հայաստանի ամեն ինչն է, և իր խոսքից հետո այլ խոսք չպետք է լինի, իսկ ԱԱԾ նախկին տնօրենը դա կանխում է»,- լրացրեց Արմեն Բադալյանը։

Նա նաև ևս մեկ անգամ նշեց, որ չփորձեն իրեն նախկին իշխանությունների ու, մասնավորապես, Երրորդ նախագահի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ կապել։

Մեր այն հարցին, թե վարչապետն ի՞նչ մտավախություններ կարող է ունենալ, ի՞նչ կարող է ասել Արթուր Վանեցյանը, ի վերջո, Արմեն Բադալյանը պատասխանեց.

«Օօօօօ՜, այդ ի՞նչ եք ասում… Իսկ դուք կարծում եք, որ վարչապետն այն կերպարն է, որին դուք հեռուստատեսությամբ կամ մամուլի ասուլիսների ժամանա՞կ եք տեսնում։ Այնքան բան կա…  Բա ներքին խոհանոցային պայմանավորվածությունները, թե ինչպես եղավ, որ անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունները հեշտ ու հանգիստ  անցան, իշխանությունը փոխանցելու գործընթաց տեղի ունեցավ, որ այդ շարժումը սկզբից իշխանությունների կողմից չկանխվեց, չնայած կարող էր, թե ինչու ընտրվեց հենց այդ տարբերակը, ինչպե՞ս նա վարչապետ դարձավ, ո՞ւմ համաձայնությունների արդյունքում էր, որ նա վարչապետ դարձավ, ի՞նչ պայմանավորվածություններ կան Երրորդ նախագահի և այսօրվա վարչապետի միջև, ի՞նչ ֆինանսական աջակցությամբ է ապահովվել իշխանափոխությունը, ովքե՞ր են եղել այդ իշխանափոխության չերևացող բաժնետերերը, ի՞նչ պայմանավորվածություններ կան վարչապետի և նախկին իշխանությունների միջև, և բազմաթիվ այլ հարցեր»,- ասաց քաղաքագետն ու հավելեց, որ, եթե ԱԱԾ նախկին տնօրենը սկսի խոսել, իսկ ինքը կարծում է, որ դեռ կգա այդ ժամանակը, ու նա կխոսի, այդ ժամանակ շատ բաներ ջրի երես դուրս կգան նույն այդ գումարների վերադարձի մասին, որը որոշ դեպքերում տեղի է ունենում, որոշ դեպքերում՝ ոչ, այն մասին, թե ինչպես են շատ հանգիստ երկրի տարածքը լքում մարդիկ, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցվում։

«Այնքան ասելու բան կա, որ, եթե դա ամբողջովին բացվի, կտեսնեք, որ մի բան է վարչապետը՝ էկրանին, մի բան է՝ էկրանից դուրս։ Այ դրանից է նա մտահոգվում, որ կցրվի հեռուստաէկրանի կերպարի առասպելը, և իրականում կերևան շատ պայմանավորվածություններ, որոնք այսօր, ժողովրդական լեզվով ասած, «զռռում են» այդ գործընթացի մեջ,- նշեց Արմեն Բադալյանը։

168.am-ի հարցին, թե արդյո՞ք վերոնշյալ հարցերի մասին Վանեցյանը կհամարձակվի խոսել, քանի որ մի՞թե շատ հարցերում ինքը չի կարող դիտվել՝ որպես հանցակից, քաղտեխնոլոն ասաց, որ արարքները միշտ չէ, որ քրեորեն պատժելի են լինում. կարող են լինել նաև պայմանավորվածություններ, որոնք Քրեական օրենսգրքի հետ ոչ մի առնչություն չունեն, և այստեղ հանցակցության հարց չկա։

«Այսինքն՝ կան քաղաքական պայմանավորվածություններ, որոնք Քրեական օրենսգրքի հետ այնքան էլ միգուցե առնչություններ չունեն։ Իհարկե, եթե շատ փորփրեն, ցանկացած արարքի մեջ կգտնեն, բայց այդտեղ էականը ոչ թե Քրեական օրենսգրքի պահն է, այլ կերպարի չհամապատասխանելն իրականությանը։ Այլ բան է այստեղ կարևոր։ Եվ երկրորդ, իսկ եկողն ովքե՞ր են լինելու։ Շատ հարցեր կան։ Նայած, թե ինչպիսի ներքաղաքական զարգացումներ կլինեն, ո՞վ կլինի այդ պահին Հայաստանում իշխանության, և այլն»,- ասաց նա։

Արմեն Բադալյանը նկատում է, որ ամեն դեպքում Արթուր Վանեցյանն այնքան էլ չի վախենում այդ հեռանկարից, եթե պարզ ակնարկում է այդ մասին, որովհետև մարդը, լինելով ԱԱԾ տնօրեն, հազար անգամ մտածում է՝ նոր խոսում։

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս