Google-ն իր պատմության մեջ ամենախոշոր ներդրումն է արել վերականգնվող էներգիայի ոլորտում
Google ընկերությունն իր պատմության մեջ ամենախոշոր ներդրումն է արել իր գլոբալ գործառնությունների համար վերականգնվող էներգիայի ձեռքբերման գործում: Այդ մասին Google-ի ղեկավար Սունդար Փիչային հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռինեի հետ համատեղ սեպտեմբերի 20-ին Հելսինկիում անցկացված մամուլի ասուլիսում:
«2017 թվականից մենք հասել ենք այն բանին, որ մեր բոլոր գլոբալ գործառնություններն իրականացվում են վերականգնվող էներգիայի հաշվին: Այս շաբաթ մենք կատարել ենք մեր պատմության մեջ վերականգնվող էներգիայի ամենամեծ գնումը, որի գրեթե կեսն արտադրվելու է Եվրոպայում տասը նոր էներգետիկական նախագծերի գործարկմամբ: Կնքված համաձայնագրերի արդյունքը կդառնան ավելի քան մեկ միլիարդ եվրոյի չափով ներդրումները ԵՄ-ի նոր էներգետիկական ենթակառուցվածքում»,-ասել է Փիչային:
Նա նշել է, որ խոսքը վերաբերում է Բելգիայում մեկ նախագծի, Դանիայում՝ հինգ, Շվեդիայում՝ երկու եւ Ֆինլանդիայում՝ եւս երկու նախագծի: «Այստեղ՝ Ֆինլանդիայում, երկու նախագիծ է հողմային էներգիայի բնագավառում, դրանք էներգիա կտան 255 մեգավատտ ծավալով: Դա ավելի քան կրկնակի կավելացնի այս երկրում մեր կողմից օգտագործվող վերականգնվող էներգիայի ծավալը»,- ասել է նա:
Ավելի վաղ Google-ի ղեկավարն իր բլոգում գրել է, որ ընդամենն ընկերությունը 18 նոր համաձայնագիր է կնքել ամբողջ աշխարհում, խոսքը 1,6 հազար մեգավատտի չափով վերականգնվող հողմային եւ արեւայինէնեերգիայի մասին է: Փիչային հայտնել է նաեւ, որ հաջորդ երկու տարում ընկերությունը 3 մլրդ եվրո կներդնի Եվրոպայում իր դատա-կենտրոնների ընդլայնման գործում:
Դա, նրա խոսքով, եվրոպական ինտերնետ-ենթակառուցվածքի բնագավառում ներդրումները 2007 թվականից ի վեր կավելացնի մինչեւ 15 մլրդ եվրո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: