«Դուք անձամբ այդ ցուցակի մեջ կա՞ք՝ դռների տակ վնգստացող, թե՞ չկաք». Ալումյանը՝ դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։ Որոշման հրապարակելուց հետո Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ թե՛ նախորդ, թե՛ այս որոշումը կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ ու բացահայտ աննախադեպ ճնշումների ազդեցության տակ։

«Դատարանն այսպիսով  դարձել է գործիք պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար։ Այսօր դատարանը գործում է՝ որպես գործադիր իշխանության գործիք։ Իմ հայտարարության հիմնավորումները բազմիցս տվել ենք։ Ձեր նախորդ դատական նիստից առաջ իրականացված ճնշումները ակնհայտորեն ցույց տվեցին, որ Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից։ Դուք այժմ այստեղ գործում եք ընդամենը դատարանի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ, բովանդակային առումով այստեղ դատարան գոյություն չունի»,- դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին՝ հայտարարեց Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը Հայաստանում զրկված է դատարանի իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։

Հայկ Ալումյանը նաև հավելեց, որ դատարանի նկատմամբ ճնշումներ գործադրելուց մեկի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ դատական համակարգում գոյություն ունեն դռների տակ վնգստացող դատավորներ։

«Այդ հանգամանքն իր հրապարակային ելույթներից մեկի ժամանակ հաստատել է նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Մենք պատրաստվում ենք Ձեզ միջնորդել, որպեսզի հայտարարեք ինքնաբացարկ, մենք նամակով դիմել ենք պարոն Վարդազարյանին, որպեսզի նա թվարկի դռների տակ վնգստացող դատավորների ցուցակը։ Բայց մինչև նա մեզ կտրամադրի, ես կցանկանայի Ձեզանից ճշտել, հարգելի դատարան, Դուք անձամբ այդ ցուցակի մեջ կա՞ք՝ դռների տակ վնգստացող, թե՞ չկաք»,- նշեց Հայկ Ալումյանը։

Նա նաև ընդգծեց, ցանկանում են անպատճառ իմանալ վնգստացող դատավորների անունները, գուցե այնտեղ լինի նաև Աննա Դանիբեկյանի անունը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս