«Եթե գրավը չկիրառվի՝ վերջնականապես պարզ է լինելու, որ իրավական որևէ գործընթաց չկա». Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ակնկալում է, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ գրավի միջնորդությունը չի մերժի։
«Կարծում եմ՝ մարդ պետք է ճղճիմ լինի, որ մտածի՝ հայրս, ունենալով նման կենսագրություն, կարող է խուսափել կամ թաքնվել քննությունից։ Մեզ համար այդ ամենը պարզապես վիրավորական է»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Լ. Քոչարյանը։
Հիշեցնենք, որ քիչ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակելու է Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ ներկայացրած միջնորդության որոշումը։
Լևոն Քոչարյանը վստահ է, որ դատավորը, դատախազությունը վստահ են, որ այս հարցում քննությունից խուսափելու կամ թաքնվելու խնդիր չկա, քանի որ Ռ. Քոչարյանը մի քանի ամիս լինելով ազատության մեջ՝ գործից ո՛չ խուսափել է, ո՛չ խոչընդոտել։
Նրա բնորոշմամբ, այս ամենի նպատակը դատի ձգձգումն է՝ մարդուն պատժելու նկատառումներից ելնելով։
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին սառեցված են միայն եղբոր և հոր հաշիվները։
«Կախված նրանից՝ ինչքան կլինի գրավի չափը, կստեսնենք, չեմ կարծում, որ 1 մլրդ դրամ կլինի, դա աբսուրդ է։ Մեծ գումար չենք կարողանա վճարել, բայց կան ընկերներ, մարդիկ, որոնք գուցե մեզ օգնեն։ Եթե գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է լինելու, որ այստեղ իրավական որևէ գործընթաց չկա, և սա ամբողջապես տեղավորվում է քաղաքական ինչ-որ բաների մեջ»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, Լևոն Քոչարյանն ասաց, որ պարզ է արդեն, թե այնտեղ ինչ է կատարվում, քանի որ այն մարդիկ, որոնք 100 տոկոսով ներկայիս իշխանությունների ենթակայության տակ չեն, ամեն կերպ ուզում են նրանցից ձերբազատվել՝ մեծ մասամբ կապված նաև Քոչարյանի գործի հետ։
«Մենք գիտենք, թե ՍԴ-ի վրա ճնշումներն ինչից հետո եղան, փորձում են ինչ-որ պատճառաբանություններ գտնել, թե ՍԴ նախագահը նախկիններից է, և այլն, բայց դրանք արդարացված չեն, գլխավոր դատախազը նախկի՞ն չէ, որ չեն հեռացնում»,- եզրափակեց Լևոն Քոչարյանը։
Զվարթ Խաչատրյան