«Վստահ եմ, որ գիտեն՝ դատավարության կողմի ներկայացուցիչը ես եմ». Արամ Վարդևանյան

Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ներկայացրել ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ  որոշման նախագիծը: Այս մասին փաստաթուղթը հրապարակվել է ԱԺ կայքում։

Համաձայն նախագծի՝ առկա են Հրայր Թովմասյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վարույթին մասնակցելու անհնարինության հիմքեր:

Հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ որոշումն ընդունելու նպատակը Սահմանադրական դատարանում ընթացող իրավական գործընթացների թափանցիկության երաշխավորումն է և դատարանի նկատմամբ վստահության ապահովումը:

Այդ փաստաթղթի բովանդակության, իրավական հիմքերի, ընթացակարգերի ու հնարավոր հետևանքների մասին 168.am-ը զրուցել է սահմանադրագետ, Սահմանադրական դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հետ։

Ընթացակարգի մասին

«ԱԺ խմբակցություններից մեկի կողմից նախաձեռնվել է ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման գործընթաց։ Սահմանադրության համաձայն՝ նման գործընթաց կարող է նախաձեռնել ԱԺ-ն, բայց որոշումը կայացնում է ՍԴ-ն ձայների 2/3-ով, այսինքն՝ առնվազն ՍԴ կազմից 6 դատավոր պետք է կողմ քվեարկի նշված նախաձեռնությանը։ ՍԴ դատավորը, ում նկատմամբ նման գործընթաց են նախաձեռնում, հանդես է գալիս՝ որպես կողմ, այլ ոչ թե՝ դատավարության դատավոր, այսինքն՝ նա հնարավորություն է ունենում իր դիրքորոշումը ներկայացնել, բայց քվեարկելու իրավունք չունի»,- գործընթացի իրավական ընթացակարգը մեկնաբանեց Արամ Վարդևանյանը։

Բացի դրանից, մինչև այդ այն դատավորը, ում նկատմամբ նման գործընթաց է նախաձեռնվում, իրավունք ունի մասնակցել իր հարցով լսումներին։

Կողմի անաչառության մասին

Ինչ վերաբերում է փաստաթղթին, դրա առաջին մասը, ըստ սահմանադրագետի, վերաբերում է կողմի անաչառությանը։

«Փորձում են ներկայացնել այնպիսի մի հետևություն, որը, իմ կարծիքով, պատճառաբանվածության ստանդարտներին չի բավարարում։ ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության կողմ հանդիսացել եմ ես։ Ես ինքս 2012-14թթ. 10-ից ավելի դիմումների ներկայացուցչություն եմ իրականացրել ՍԴ-ում, եղել եմ ՄԻՊ ներկայացուցիչը ՍԴ-ում։ Այսինքն՝ եթե պարզապես ուսումնասիրվեն այդ ժամանակահատվածում ՄԻՊ դիմումների հիման վրա Բարձր դատարանի որոշումները, որպես ներկայացուցիչ՝ ես եմ արձանագրված որոշումների մեջ։ Կարծում եմ՝ նաև հաշվի առնելով այն փորձը, որն ունեցել եմ ՍԴ աշխատակազմում աշխատանքի ժամանակ, իբրև նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդական, և նաև այնպես է ստացվել, որ Պետաիրավական հանձնաժողովի ներկայիս նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով այդ գործընթացի նախաձեռնող սուբյեկտներից մեկն է, ում ես շատ լավ եմ ճանաչում, և ինքն էլ, կարծում եմ՝ ինձ, ու գիտի նաև իմ մասնագիտական կարողությունները, ինձ համար առնվազն վիրավորական է, որ փորձ է արվում այնպիսի թեզ ներկայացնել, որ իբր թե ես պարզապես ստորագրել եմ ու դրանով եմ դատավարության կողմ, այլ աշխատանքում ներգրավված է Արամ Օրբելյանը»,- տարակուսում է սահմանադրագետն ու հավելում, որ ՍԴ-ում կողմ լինելը ձևական բան չէ, և սահմանադրական իրավունքներում իր փորձն ու գիտելիքներն առավել, քան բավարար են, եթե գրված է, որ ինքն է ներկայացուցիչ, ուրեմն հենց ինքն է ներկայացուցիչ։

Արամ Վարդևանյանը նշում է, որ ՍԴ որևէ դատավորի հետ փոխհարաբերություն, մտերիմ կապ չունի, առավել ևս՝ Հրայր Թովմասյանի, ոչ քավոր-սանիկական, ոչ էլ որևէ այլ, որովհետև փորձում են Արամ Օրբելյան-Հրայր Թովմասյան կապն իր միջոցով ներկայացնել։

«Հիմնավորումներ են բերում, թե Արամ Օրբելյանը հրապարակային մեկնաբանություններ է արել ՍԴ դիմումի կամ որոշման վերաբերյալ։ Հրապարակային մեկնաբանություն շատ-շատերն են արել. Դրանից հետևում է, որ նրանք ՍԴ-ում դատավարության կո՞ղմ են։ Կամ՝ հակառակը, քրեական գործի վերաբերյալ ես էլ եմ մեկնաբանություններ արել ու միչ օրս էլ ասում եմ, որ, օրինակ, 300.1 հոդվածը սահմանադրական նվազագույն չափանիշերին չի բավարարում։ Հիմա ստացվում է, որ ես նախկինում էլ պաշտպա՞ն էի հանդիսանում քրեական գործով։ Ո՛չ։ Ես, ընդամենը մեկ շաբաթ է, որ ներգրավվել եմ՝ որպես պաշտպան»,- ասում է սահմանադրագետը։

Ինչ վերաբերում է փաստաղթի մյուս մասին, ապա նշվում է, թե իբր Հրայր Թովմասյանն ինքը պետք է նախաձեռներ չմասնակցել դատավարությանը՝ կրկին հաշվի առնելով Արամ Օրբելյանի գործոնը, բայց բանն այն է, որ Հայաստանում նման բարձր ստանդարտների կապերի, փոխկապակցության բացառման իրավիճակ չի լինում, որովհետև դատական և փաստաբանական համայնքները, այնպես չէ, որ շատ մեծ են, ուր կարող է այդպիսի մեծ դիստանցիա պահվել։

«Պատահական չէ, որ նույնիսկ փաստաբանների վարքագծի կանոնակարգում հստակ ֆիքսված է, որ դատավորի հետ սոցիալական ցանցերով կապի մեջ լինելը, ընկեր լինելն ինքնին որևէ փոխկապակցվածության մասին չի վկայում։ Հարցն այն է, որ ինքը՝ պարոն Թովմասյանը, Արամ Օրբելյանը չեն թաքցրել այդ հանգամանքը։ Եթե դա ինչ-որ կերպ քողարկվեր, թաքցվեր, ու դրա լույսի ներքո սա լիներ որպես երբևէ չարձանագրված բացահայտում, էլի կարելի էր գոնե ինչ-որ վերլուծության առարկա դարձնել, բայց սա այդ դեպքում էլ վերաբերելի չէ»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Վահե Գրիգորյանի միջնորդության մասին

Ա. Վարդևանյանը նկատում է, որ այդ ծավալուն փաստաթղթի մեջ Վահե Գրիգորյանի միջնորդության հարցին անդրադարձ կա, և այն հիմնավորումները, որ ներկայացրել էր նա, կարծես թե արտատպվում են այս դիմումի մեջ։

«Ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի կամ այլ անձանց քաղաքական անցյալը. ի վերջո, ՍԴ դատավորի մասով մեկնաբանությունները պետք է կատարել՝ ելնելով սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված պահանջներից։ Արդյո՞ք ՍԴ դատավոր ընտրվելու համար արգելող հանգամանք է նախկինում քաղաքական գործունեությամբ զբաղվելը։ Ոչ, չկա նման պահանջ։ Առաջադրվելու ժամանակ է նման պահանջ առաջ գալիս, ու պատճառը կանխավարկածն է։ Որ եթե անձը ՍԴ դատավոր է, տալով համապատասխան երդումը ու ստանձնելով նման պատասխանատու պարտականություն՝ ինքն ունի այդ կարողությունն այդ էջը փակելու։ Այսինքն՝ ինքնին այդ կապը ինքը՝ դատավորը, բացառում է իր համար։ Նաև ամբողջ միջազգային փորձում է այդպես։ Նույն ԱՄՆ-ում էլ դատավոր կարող են ընտրվել, այդ թվում՝ նաև նախկին քաղաքական գործունեության պարագայում։ Հարցը միայն անաչառ ու օբյեկտիվ լինելու կարողության մեջ է»,-  նշում է Արամ Վարդևանյանը։

Ըստ նրա՝ պետք է ասվի՝ արդյո՞ք կան փաստեր, որ Հրայր Թովմասյանն օբյեկտիվ ու անաչառ չի եղել։ Հարցն այն է, որ բոլոր որոշումները, նաև այս գործով որոշումը, բացառությամբ որոշ կանխակալ վերաբերմունք ունեցող մասնագետների, համարում են իրավաչափ։

Քրդատ 35-րդ հոդվածի ու ՍԴ երկու դատավորների հատուկ կարծիքների մասին

«Բոլորն են գիտակցում, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածն ակնհայտ խնդիրներ ունի։ Մարդիկ հղումներ են կատարում հատուկ կարծիքներին՝ երևի թե առանց այդ կարծիքներին պատշաճ ծանոթանալու։ Նույն այդ հատուկ կարծիքներում էլ է արձանագրված, որ այդ 35-րդ հոդվածը խնդիրներ ունի։ Ուղղակի կարծիքը հետևյալն է, թե արդյո՞ք իրավակիրառական պրակտիկան այն կարողացել է հաղթահարել, թե՞ ոչ։ Եվ նույն հատուկ կարծիքներում իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրման մեթոդաբանությունն ամբողջական չէ, և դրանից էլ այս բանավեճն է առաջացել։ Եվ, իհարկե, չեմ կարող չարձանագրել, որ, եթե Վահե Գրիգորյանի միջնորդությունը լիներ պատշաճ քննարկման առարկա, ապա հենց դա կլիներ կարգապահական պատասխանատվության հիմք։ Քանի որ օրենքի պահանջների խախտմամբ էր այն ներկայացվել։ Ես մինչև հիմա էլ չեմ հասկանում՝ ինչի՞ էր այդ ժամկետը բաց թողնվել։ Եթե նման կարևոր խնդիր էր արձանագրել Վահե Գրիգորյանը, ինչո՞ւ ինքը հենց հունիս ամսին, վարույթ ընդունելու հետ միաժամանակ, չէր ներկայացրել այն։ Ի՞նչն էր պատճառը դա օգոստոս ամսին ներկայացնելու»,- նկատում է Արամ Վարդևանյանը։

Փաստաթղթում առկա անդամ-դատավոր եզրույթների մասին

«Ինքը՝ ինստիտուտը, ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարցը քննարկելիս՝ «անդամ» բառի հարց չի քննարկում. Այդ բառը չկա և չի էլ կարող լինել, որովհետև ՍԴ անդամներ 2018թ. ապրիլի 9-ից հետո չկան։ Բայց այդ թեման բավականին լուրջ շրջանառվում էր, և մինչ օրս էլ դա չի դադարում, թեև իրավական մասնագիտական համայնքում բանավեճ չկա այս հարցի վերաբերյալ։ Խոսքը մի քանի մասնագետների մասին է, որոնց կարծիքն էլ ակնհայտորեն կապ չունի սահմանադրության և իրավունքի հետ առհասարակ։ Բայց քանի որ ԱԺ-ն քաղաքական մարմին է, փորձել են որոշակի լուծում տալ։ Գիտակցում են, որ պարզ է, ինստիտուտը ՍԴ դատավորին է վերաբերում, բայց փակագծերում, երևի թե, որ խնդիր չառաջանա հենց իրենց կողմից ընտրված դատավորի՝ Վահե Գրիգորյանի թեզերի հետ, գրել են նաև «անդամ»»,- ասում է Արամ Վարդևանյանը և հավելում, որ, եթե խնդիրը ֆորմալ դիտարկվի միայն իրավական տիրույթում, հենց այդ ձևակերպումների համար այն կարելի է վարույթ չընդունել, որովհետև չկա «անդամ» կատեգորիա։

Նա նշում է նաև, որ փաստաթղթում որոշ տեղերում նույնիսկ առանց փակագծերի են գրվում այդ երկու եզրույթները։

Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր. «Եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր, գուցե իրեն էլ չպահանջեինք»:

Անդրադառնալով պատգամավորի այս հայտարարությանը՝ Արամ Վարդևանյանն ասաց. «Քաղաքական առումով, թե այս հայտարարությունն ինչ է նշանակում, ես զերծ կմնամ մեկնաբանելուց, իսկ իրավական տեսանկյունից այն խիստ մտահոգիչ է։ Նախ՝  Հրայր Թովմասյանը չէ, որ դիմել է Վենետիկի հանձնաժողով, այլ դա եղել է աշխատակարգային որոշման հիման վրա ՍԴ-ի կողմից ընդունված՝ ձայների մեծամասնությամբ։ Սահմանադրական դատարանը կոլեգիալ մարմին է, և ես ուզում եմ՝ սա ևս շատ հստակ ընդգծենք։ ՍԴ-ն հանդես չի գալիս մեկ անձով, և այն ամենը, ինչ այս դիմումով վերագրվում է Հրայր Թովմասյանին, ևս մեկ փորձ է ՍԴ-ն անձի հետ նույնացնելու։ ՍԴ-ն բաղկացած է 9 դատավորներից, և որոշումները՝ թե աշխատակարգային, թե ՍԴ, ըստ էության ընդունվում են ձայների մեծամասնությամբ, ոչ թե մեկ անձի ցանկությամբ։ Եվ նույնիսկ հատուկ կարծիքները, որ նոր բան չէ, տասնյակ տարիներով եղել է դա, ևս մեկ ցուցիչ են, որ ՍԴ-ն կոլեգիալ է որոշումներ ընդունում, և լինում են նաև դատավորներ, որոնք ունենում են հատուկ կարծիք»։

Իսկ Վենետիկի հանձնաժողովի վերաբերյալ գնահատականը, ըստ սահմանադրագետի, նաև իրավական առումով պետք է ասել, որ կարող է դիտարկվել՝ որպես դատավորի գործողություններին միջամտություն։ Օրենքով, սահմանադրությամբ, միջազգային լավագույն փորձի հիման վրա հիմված դատավորի գործողությունների իրականացումը փաստորեն այնպիսի հետևանքների է հանգեցնում, որը նույնիսկ լիազորությունների դադարեցման գործընթացի է բերում։

Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործով Վահե Գրիգորյանի քվեարկության մասին

«Ես կարծում եմ, այդ գործով արտատպումները շատ մեծ ծավալ են կազմում, ու, բացի դրանից, Վահե Գրիգորյանն իր կարծիքը դատավորների անհնարինության մասնակցության վերաբերյալ արդեն հայտնել է։ Թեև ՍԴ-ում ընդունված պրակտիկա է, և ես էլ մշտապես մինչև որոշման հրապարակումը փաստաթղթերի գաղտնիության սկզբունքը երբեք չեմ խախտել, բայց Վահե Գրիգորյանն այդ միջնորդությունը հասանելի էր դարձրել հանրության համար՝ դրանով իսկ հրապարակայնացնելով իր կարծիքը։ Այսինքն՝ ակնհայտորեն արդեն իսկ կանխակալ կարծիք ունի, իսկ կանխակալ կարծիք ունենալը ՍԴ-ի կողմից ցանկացած գործողություն կատարելու զերծ մնալու հիմքերից մեկն է»,- ասում է ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը։

Վերջինս վստահ է, որ, երբ խոսում են անհնարինության մասին, դիրքորոշումը հետևյալն է. արդյո՞ք կան ապացույցներ, որ այս կամ այն անձը, օրինակ, նախօրոք նման կարծիք հայտնել է, այսինքն՝ իր դիրքորոշումն արդեն իսկ հայտնել է։ Սա սահմանված է «ՍԴ մասին» օրենքով՝ որպես անհնարինության հիմք։

«Ես գտնում եմ, որ Վահե Գրիգորյանը, քանի որ իր կարծիքը հրապարակայնացրել է, հետևաբար՝ ունի կանխակալ վերաբերմունք, վերջինս չի կարող մասնակցել սույն գործով ցանկացած դատական գործընթացի»,- ասում է նա։

168.am-ի այն հարցին, թե բացի վերոնշյալից՝ կարո՞ղ են արդյոք այլ զարգացումներ լինել, Արամ Վարդևանյանը պատասխանեց, որ դեռ պետք է պարզել վարույթ ընդունելու հարցը, որովհետև շատ կարևոր է, որ խախտումը լինի էական կարգապահական խախտում, այսինքն՝ այնպիսին, որ դրա փոխարեն չկիրառվի, օրինակ, «նկատողությունը»։ Ըստ նրա՝ սա շատ բարձր ստանդարտ է, որովհետև մի պարզ ճշմարտություն կա. ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար էական կարգապահական խախտումը պետք է լինի ակնհայտ։

«Ես գտնում եմ, որ այս դեպքում ապացուցման այդ ստանդարտն այդ փաստաթղթում հաղթահարված չէ։ Այդ փաստաթղթում կան ներկայացված հարցազրույցներից քաղվածքներ, նկարներով տպված նյութեր, Յութուբի նյութեր, իսկ եթե նման նյութեր կան, դրանք հանրության սեփականությունն են ու բոլորին հայտնի են։ Որևէ նորություն չկա։ Իհարկե, դեռ Ազգային ժողովն էլ պետք է քվեարկի»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը։

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս