Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է

«Գագիկ Խաչատրյանի ու նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեմ բերված վերաքննիչ բողոքի հարցով երեկ կայացել է առաջին դատական նիստը»։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանների փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Մեր բողոքը քննվել է, հետաձգվել է քննությունը մինչև սեպտեմբերի 27-ը»,- ասաց փաստաբանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։

Հիշեցնենք, որ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով՝ նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին ձերբակալել է օգոստոսի 27-ին:

Օգոստոսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդությունը:

Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը:

Ավելի ուշ՝ սահմանված ժամկետում, Գագիկ և Կարեն Խաչատրյանների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեմ պաշտպանների կողմից վերաքննիչ բողոք ներկայացվեց։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս