Շատ վատ մրցավարություն էր աշխարհի առաջնությունում. Սամվել Գևորգյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանն աշխարհի այս առաջնությունը համարում է ամենաբարդը վերջին 3 տարվա ընթացքում:
Գևորգյանը, մասնավորապես, փաստեց. «Աշխարհի այս առաջնությունն ամենաուժեղ կազմն էր հավաքել վերջին 3 տարում: Մեզ համար շատ վատ դասավորվեց վիճակահանությունը, քանի որ եթե ուշադիր նայենք, ապա տպավորությունն այնպիսին էր, կարծես մի քանի երկրի համար հատուկ հաջող վիճակահանություն արված լիներ»:
Գևորգյանի խոսքով` ըմբիշներից, օրինակ, Արթուր Ալեքսանյանը 5 գոտեմարտ է անցկացրել և բոլորն էլ՝ ուժեղագույն մրցակիցների հետ, հասել է մինչև եզրափակիչ: «Ահավոր վատ մրցավարության ականատես եղանք: Մրցավարները ևս լարված էին, քանի որ Տոկիո-2020-ի խաղերի համար պետք է ընտրություն կատարվեր հենց այս աշխարհի առաջնությունից հետո»,- շեշտեց նա:
Անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի վնասվածքին` Գևորգյանը փաստեց, որ ըմբիշը բուժզննում կանցնի այս օրերին, ինչից հետո էլ հայտնի կդառնան վերականգնվելու ժամկետները:
Հայաստանն աշխարհի այս առաջնությունում նվաճեց երկու մեդալ (97 կգ Արթուր Ալեքսանյան` արծաթե, 63 կգ Սլավիկ Գալստյան` բրոնզե): Ազգային ընտրանին նվաճեց նաև Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկու ուղեգիր (77 կգ և 97 կգ քաշեր):
Ըմբիշները Տոկիոյի 2020 թվականի խաղերի ևս երկու վարկանիշային մրցաշար ունեն հաջորդ տարի: