«Նախաձեռնող կողմի վրա է մնալու ապացուցման ամբողջ պատասխանատվությունը». Գևորգ Պետրոսյանը՝ ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախագծի մասին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ ներկայացված նախագծի բոլոր հիմքերը, սակայն առայժմ չի պատրաստվում արդյունքները հրապարակել։ Պատճառն այն է, որ արդյունքները ներկայացնելիս հաշվի կառնեն իր ընդդիմադիր կեցվածքը և կհամարեն, որ սուբյեկտիվ կարծիք է արտահայտել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
«Եկեք համբերատար լինենք և տեսնենք, թե իրենք ինչով են հիմնավորելու, քանի որ գործող օրենսդրությամբ ասվում է, որ նախաձեռնող կողմի վրա է մնալու ապացուցման ամբողջ պատասխանատվությունը։ Այսինքն՝ նրանք պետք է ապացուցեն, որ իրենց միջնորդությունը հիմնավոր է»,- նշեց պատգամավորը։
Նա նաև տեղեկացրեց, որ հարցի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել, բայց որդեգրել են մեկ սկզբունք՝ ինչպիսի քննարկում էլ լինի, պետք է վեր կանգնեն անձնավորված կադրային հարցեր լուծելուց։
«Մենք այսօր ասում ենք, որ Նոր Հայաստանում ենք ապրում, եթե Նոր Հայաստանում նախկին բարքերը պետք է կրկնվեն, այսինքն՝ անձնական նկատառումներով մարդիկ ազատվեն ու նշանակվեն պաշտոնի, ապա որևէ առաջընթաց չկա։ Հրայր Թովմասյանն աչքիս լույսը չէ, նրան մեր խմբակցությունը դեմ է քվեարկել։ Այս իշխանությունը հանրության վստահությունը ձեռք կբերի այն ժամանակ, երբ նախկինի սխալները չկրկնի»,- շեշտեց Գևորգ Պետրոսյանը։
Զվարթ Խաչատրյան