«Տրանսպորտի վարչության պետ են նշանակում 26 տարեկան մի երիտասարդի, որը կենսաբան է և տրանսպորտի հետ այնքան է կապ ունեցել, որ առաքիչ է եղել». Վահագն Սահակյան
Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը համոզված է, որ տաքսիների ոլորտը ոչնչացվեց օնլայն հարթակների հայտնվելուց հետո:
«Այսօր ով քնից զարթնում է, տաքսիստ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ նշելով, որ մինչ միջազգային կազմակերպությունները հեռախոսը վարորդի համար համարում են ամենավտանգավոր շեղող գործոն, մեզ մոտ այդ նույն հեռախոսները ծառայում են պատվերներ գրանցելու և հաշվիչի գործառույթի համար:
168.am-ի խնդրանքով անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցման գործունեությունն ազատվելու է պետական տուրքերից՝ Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը նշեց.
«Մասնավոր տաքսիստներին ուզում են ազատել հարկերից, շատ ճիշտ է, բայց սահմանեք՝ ով է անհատ վարորդը՝ նա, ով գնացել-մտել է օնլայն հարթա՞կ, թե՞ նա, ով ինքն իր գլխի տերն է: Անհատ տաքսու վարորդ կատեգորիան, ժողովրդական լեզվով ասած, կատեգորիա է, նման իրավական սահմանում չկա: Ու ի՞նչ դա տվեց՝ բոլորը իրենք իրենց հռչակեցին անհատ, ամեն մեկը մի գաջեթում 4 ծրագիր է դնում ու սկսում է տաքսի վարել. մենակ տեսնեք վիճակը՝ ովքեր են այդ ոլորտում»:
Արձագանքելով մեր մյուս հարցին, թե արդյո՞ք իրականություն են վարչապետի հեղափոխական հայտարարությունները՝ տեսախցիկների ու կարմիր գծերի մասին, նա ասաց. «Ոնց կար, էդպես շարունակվում է, մի քիչ ավելի վատացել է»:
«Հանրային տրանսպորտը ենթադրում է պետական խիստ վերահսկողություն, պետությունը պետք է մուտքի խիստ պայմաններ սահմանի այդ շուկայի համար՝ մեքենայի տեխնիկական վիճակ, վարորդի հմտություններ և դրանից հետո ազատ մրցակցություն»,- հավելեց ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը:
Տաքսիների ոլորտում առկա, ի թիվս այլ խնդիրների՝ Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահը նշեց, որ վարորդին չի կարելի շատ աշխատեցնել. «Վարչապետը հայտարարում է՝ իսկ ինչո՞ւ մարդը չի կարող գործից հետո պատվեր անել և ֆինանսական հարցերը բարելավել. Իմ ֆինանսական վիճակն էլ վատ է, միգուցե ե՞ս էլ գործից հետո մի քանի կույրաղիքի օպերացիա անեմ, նոր գնամ տուն»:
Վահագն Սահակյանը համոզված է, որ սխալները պետք է բարձրաձայնել. «Պարտավոր չէր պատահական եկած, հեղափոխությունով հաղթած կառավարությունն ամեն ինչ իմանալ, բայց ունկնդիր պետք է լինել: Տատս ասում էր՝ լավ ղեկավարն ամեն ինչ չի, որ գիտի, բայց գիտի՝ ով գիտի:
Տրանսպորտի վարչության պետ են նշանակում 26 տարեկան մի հաճելի երիտասարդի, որը եկել է Լենինգրադից, կենսաբան է և տրանսպորտի հետ այնքան է կապ ունեցել, որ առաքիչ է եղել Լենինգրադում: Մենք չունենք տրանսպորտի նախարարություն. ստացվում է, որ նա մեր տրանսպորտի նախարարն է, փոխարենը՝ այդ ոլորտում կան մարդիկ, որոնց պարտադիր չէ գործի ընդունել, ովքեր պատրաստ են անվճար խորհուրդներ տալ»:
Զարուհի Դիլանյան