Ո՞ւմ համար են ԱԱԾ մարմիններում ծառայության մասին օրենքը փոխում

Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 112 կողմ ձայնով: Այս փոփոխություններով առաջարկվում է ամրագրել, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոններն այսուհետ համարվելու են քաղաքական պաշտոն, և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանվելու են պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Հիշեցնենք, որ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:

Տեղեկացնենք, որ, ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի՝ ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

168.am-ին մինչ այդ հայտնի էր դարձել, որ ՀՀ Արդարադատության նախարարությունում ևս մշակվում էր Ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով մի շարք փոփոխություններ էին նախաձեռնվել՝ թեթևացնելու պահանջները, որոնք նախատեսված են այդ մարմիններում ծառայության ու ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար։ Այսինքն՝ արդեն իսկ սպասվում էր, որ Նիկոլ Փաշինյանն այդ փոփոխություններն անում է իրեն ցանկալի կոնկրետ մարդկանց այդ պաշտոններում նշանակելու համար։ Եվ ահա, նախագիծն ԱԺ ներկայացվեց «Լուսավոր Հայաստանի» կողմից։ Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ սկզբունքորեն ԱԺ ներկայացված և առաջին ընթերցմամբ միաձայն ընդունված նախագիծն Արդարադատության նախարարության և «Լուսավոր Հայաստանի» կազմած նախագծերի սիմբիոզն է, և «Լուսավոր Հայաստանը» կատարում է Փաշինյանի քաղաքական պատվերը։

Վերջին շրջանում, ի դեպ, նկատելի էր «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի տանդեմը։ Հիշեցնենք, վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե 2014թ. պատրաստվել է մի գաղտնի զեկույց, որն ապացուցում է՝ հեղափոխությունից առաջ և, որոշ իմաստով, նաև հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: «Նախորդ իշխանության օրոք պատրաստված այս փաստաթուղթը մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել կամ այսօր էլ կա մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, որոնք այստեղ գրված են, մեկ տարում հնարավոր չէր շտկել: Երբ կարդում ես այս փաստաթուղթը, հետևությունը սա է՝ հեղափոխությունից առաջ և, որոշ իմաստով, նաև հեղափոխությունից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա փաստաթուղթ է այն մասին, որ պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունը ձախողված է»,- ասել էր Փաշինյանը:

Դրան ի պատասխան՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ «Ի՞նչ 2014-ի գաղտնի զեկույց, ի՞նչ Սերժ Սարգսյանի անվան տակ անճարությունդ քողարկելու հերթական փորձ, ի՞նչ մի կեղծ խորհրդավորություն։ Հրապարակի՛ր «զեկույցի» անունն ու հեղինակներին»:

Փաշինյանի այս հայտարարությունից հետո, երբ շատ-շատերը համարում էին նրա հերթական մանիպուլյատիվ ստերից մեկը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմեց վարչապետին՝ խնդրելով տրամադրել այդ գաղտնի զեկույցի օրինակը։ Էդմոն Մարուքյանն օգոստոսի 5-ին գրությամբ դիմեց Փաշինյանին՝ խնդրելով տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը։ Հետո Մարուքյանը Ֆեյսբուքում հայտարարեց, որ իրեն հրավիրել են կառավարություն՝ ցույց տալու փաստաթուղթը: «Ես կարծում եմ, որ, եթե կանչել են, նշանակում է` նման փաստաթուղթ կա»,- ասել էր Մարուքյանը։

Սեպտեմբերի 6-ին Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ առավոտյան գնացել է Կառավարություն և ծանոթացել Փաշինյանի նշած գաղտնի փաստաթղթին. «Ամբողջությամբ ծանոթացել եմ վարչապետի կողմից մատնանշված հույժ գաղտնի զեկույցին»: Մեր հարցին՝ ինչ փաստաթղթի մասին է խոսքը, նա պատասխանել էր.

«Այն հույժ գաղտնի փաստաթուղթ է և  չի կարող ծանոթացվել հասարակությանը»։ Այսինքն՝ երբ պետք է՝ հարցնում են ժողովրդին, ժողովրդի կարծիքը, երբ ուզում են, ասում են՝ չի կարող ծանոթացվել հասարակությանը։ Այդ դեպքում ինչո՞ւ էր Փաշինյանը որպես դարի սենսացիա այն ներկայացնում ֆեյսբուքյան ուղիղ եթերում։  Որևէ մեկը չէր հավատում Փաշինյանի այդ խոսքերին, հասկանում էին ՝ հերթական սուտն է դաշտ նետվում, Մարուքյանը փորձեց «ականատեսի աչքով» իրավիճակը փրկել։ Չէ՞ որ բոլորը Փաշինյանից պահանջում էին՝ եթե ճիշտ են խոսքերդ, եթե հերթական սուտը չէ՝ հրապարակիր այդ գաղտնի զեկույցը։

Ի դեպ, մենք հրապարակել էինք, թե իրականում ինչ «գաղտնի զեկույցի» մասին էր խոսքը, այսպես ասած՝ դարի սենսացիան, որը շոուի վերածեց Փաշինյանը։  Խոսքը մի զեկույցի մասին էր, որը պատրաստվել էր 2014թ. Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետների կողմից` որպես Հայաստանի հետ հետագա ֆինանսական գործունեության, այսպես ասած, բովանդակային հիմք։ Այդ զեկույցում փորձագետները գորշ գույներով էին նկարագրել իրավիճակը, և երբ այն ներկայացվել է կառավարություն, մանրամասն քննարկումների արդյունքում պարզվել է, որ զեկույցում գույները խտացված են, և այն օբյեկտիվ չէ։ Արդյունքում, և՛ կառավարությունն է հրաժարվել այն հիմք ընդունել, և՛ Համաշխարհային բանկը։ 2014-ի նշյալ զեկույցը չի ընդունվել՝ որպես Հայաստանի կառավարության հետ աշխատանքի հիմք։

Եվ ահա, «Լուսավոր Հայաստանը» կրկին ծառայություն է մատուցում Փաշինյանին՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ ներկայացնելով։ Իրականում, ԱԺ նույն խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալուց հետո «Լուսավոր Հայաստանը» փորձում է ամրապնդել իր դիրքերը, որպեսզի խմբակցությունից այլ արտահոսքեր չլինեն նորից։

Եվ ահա, մինչ օրենքի նախագիծն ԱԺ-ում միաձայն ընդունվում էր, Վանաձորում հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկության մասին։ ԱԱԾ ֆեյսբուքյան էջում հրապարակվեց Արթուր Վանեցյանի քաղաքական մեսիջներով հրաժարականի տեքստը.

«Նման որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից: Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը՝ մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։ Պատիվ ունեմ»:

Մամուլում դեռևս անցյալ շաբաթ էր տեղեկություն տարածվել, որ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Իհարկե, 168.am-ին ԱԱԾ-ից հերքել էին՝ ասելով, թե առհասարակ նման դիմում չի եղել, իրականությանը չի համապատասխանում և անհեթեթություն է, սակայն պարզվեց, որ, այնուամենայնիվ, Փաշինյանի և Վանեցյանի միջև կոշտ զրույց է եղել, որի հետևանքը նրա հրաժարականն էր։

Ինչպես արդեն գրել ենք՝ 168.am-ի տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ տնօրենն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ բովանդակությամբ խոսակցություն են ունեցել. Նիկոլ Փաշինյանն Արթուր Վանեցյանին ասել է, որ ԱԱԾ-ն պետք է նյութեր հավաքի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՍԴ նախագահի և դատավորների դեմ, բայց Վանեցյանը հրաժարվել է: Վանեցյանն ասել է, որ հնարավոր չէ այդպես շարունակել, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը Վանեցյանին մեղադրել է նախկինների կողմն անցնելու մեջ: Վանեցյանն էլ հակադարձել է՝ ասելով, որ արդեն իսկ նրա այս կամ այն հրահանգների պատճառով բազմաթիվ օրենքներ է շրջանցել և չի պատրաստվում այլևս նման քայլերի գնալ։

Որքան ժամանակ է՝ Փաշինյանին լրջորեն անհանգստացնում էր ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աճող հեղինակությունը և բարձր ռեյտինգը. իրենն իջնում է սրընթաց, նրանցը՝ բարձրանում։ Ավելին, նրան անհրաժեշտ են ոչ թե ինքնուրույն մտածող գործիչներ, այլ իր հրահանգներն անվերապահորեն կատարողներ։ «Իմ քայլը» խմբակցությունը դրա վկայությունն է՝ հիմնականում անկենսագիր, անհետագիծ, պատահական մարդկանց խումբ, որոնց հետ՝ ինչպես և երբ ուզի՝ կարող է վարվել, հոխորտալ, գոռգոռալ, վիրավորել, մանդատ հետ վերցնել՝ «Ես եմ տվել, ես էլ կվերցնեմ» սկզբունքով։

Ո՞ւմ համար են արվում օրենքի փոփոխությունները

Հրապարակման սկզբում նշել ենք, թե ԱԺ-ում միաձայն ընդունված օրենքի նախագծի փոփոխություններն ինչ են ենթադրում։ Չի բացառվում, որ մինչ նշյալ օրենքում փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունումը Փաշինյանը որևէ մեկին նշանակի՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար՝ ԺՊ, մինչև օրենքը թույլ տա, և կարողանա իր ցանկալի թեկնածուներից մեկին նշանակել։ Այս փոփոխություններից հետո արդեն կարելի է նաև նշանակել մեկին, ով ԱԱԾ-ից՝ համակարգից չէ, և 3 տարվա փորձ և բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնելու պահանջ չի առաջանա։

Մեր տեղեկություններով՝ շրջանառվում են մի քանի անուններ՝ Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի, Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանի, Նիկոլ Փաշինյանի վաղեմի ընկեր Վահե Ղազարյանի, ով այժմ զբաղեցնում է ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև ԱԱԾ Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պետ, ԱԱԾ Քննչական ծառայության նախկին պետ Միքայել Համբարձումյանի, որը մեկ տարի առաջ է նշանակվել այդ պաշտոնում։

Հիշեցնենք, որ Վահե Ղազարյանը թավշյա դեպքերից հետո՝ 2019-ի մայիսի 22-ին, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից միանգամից նշանակվեց վերոնշյալ բարձր պաշտոնին:

Իսկ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, հիշեցնենք,  2016թ. ապրիլյան պատերազմից հետո հեռացվեց պաշտոնից։ Նա ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն էր, ում անվան հետ էին կապվում ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները։ Պատմում են, որ ապրիլյան պատերազմի առաջին րոպեներին փորձել էին կապվել Արշակ Կարապետյանի հետ, սակայն չի հաջողվել, իսկ հետագայում պարզվել է, որ Ծաղկաձորում ինչ-որ խրախճանքի մեջ է եղել։ Նա հայտնի է նաև նրանով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ միակ ցուցմունք տվող պաշտոնյան էր։

Այդուհանդերձ, նշենք նաև, որ արդեն որքան ժամանակ է՝ թավշյա իշխանության հակառուսական, այսպես կոչված՝ «Սորոսական» թևը լուրջ հակաքարոզչություն և պայքար էր սկսել Վանեցյանի դեմ։ Դա հատկապես սկսվեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեպքից հետո, երբ Ա. Վանեցյանը հայտարարեց, որ նրան առաջադրված մեղադրանքը հիմնավորված է։ Այն աստիճանի էին սրվել ԱԱԾ պետի դեմ հարձակումները, որ վերջինս հայտարարեց. «Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով կամ փորձել վախեցնել, որպեսզի մենք մեր գործառույթները չկարողանանք իրականացնել»։

Տեսանյութեր

Լրահոս