Ով է ֆիանսավորել Նորքում վնասազերծված խմբին և արդյոք նրանք մահափորձ էին նախատեսել Սերժ Սարգսյանի դեմ
Նախորդ տարի նոյեմբերին ԱԱԾ կողմից վնասազերծված հայտնի խումբը նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ չի նախատեսել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք կարո՞ղ ենք փաստել, որ նախագահի դեմ մահափորձ է նախապատրաստվել:
«Դա այդպես չէ: Ես կարող եմ այս պահի դրությամբ պաշտոնապես հայտարարել, որ խմբի առանձին անդամներ փորձել են նման ծրագիր դնել շրջանառության մեջ: Այսինքն՝ առաջարկել են տարբեր եղանակներ, որպեսզի այդ մտադրությունն իրականացվի: Սակայն խմբի ղեկվար Արթուր Վարդանյանի կողմից, ըստ էության, այս ծրագրերը մերժվել են և նախատեսվել է կոնկրետ գործողություններ կատարել իմ կողմից թվարկված օբյեկտների նկատմամբ»,– ասաց Միքայել Համբարձումյանը:
Հարցին՝ արդյոք մո՞տ է իրականությանը տարածված այն տեղեկատվությունը, որ խումբը ծրագրել է պայթեցնել նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ինքնաթիռը, Միքայել Համբարձումյանը պատասխանեց, որ խմբի կազմում նման միտք շրջանառվել է.
«Նման միտք շրջանառվել է խմբի կազմում: Դրա հետ կապված նույնիսկ կատարվել են որոշակի գործողություններ խմբի անդամների կողմից, սակայն այդ առումով վերջնական ծրագիր, պայմանավորվածություն, գործողություններ խմբի կազմակերպիչ Արթուր Վարդանյանի կողմից չեն նախաձեռվել, և դա եղել է ընդամենը քննարկման փուլում:
Խոսքը գնում է նախագահի ինքնաթիռը դեկեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մեկնելու ժամանակ նման գործողություն կատարելու հավանականության մասին: Ընդ որում, քննարկվել է կոնկրետ տեղը, թե որտեղից է հնարավոր դա իրականացնել:
Ավելի մանրամասն չնշելով, թե կենկրետ որ տեղանքի, որ տարածքի մասին է խոսքը գնում (իհարկե, «Զվարթնոց» օդանավակայանին հարող տարածքների մասին է)՝ մենք ուսումնասիրել ենք այդ տարածքը: Կարող եմ ասել, որ դա ֆիզիկապես հնարավոր էր իրականացնել, մեր գնահատմամբ, քանի որ վայրէջք կատարելիս և թռչելիս ինքնաթիռը բավականին ցածր բարձրության վրա է գտնվում և հասանելի է: Սակայն դրա հետ մեկտեղ, կրկնում եմ, Արթուր Վարդանյանի կողմից այդ առումով որոշում կայացված չի եղել, և դա ընդամենը գտնվել է քննարկման փուլում:
Միքայել Համբարձումյանն ասաց նաև, որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, թե ով է խմբին ֆինանսավորողը, նա մեղադրվում է քրեական գործով. «Գումարների ծագման աղբյուրը մեզ պարզ է, խումբը ֆինանսավորվել է մոտ 65 հազար ԱՄՆ դոլարով»:
Նա չնշեց մեղադրյալի անունը, սակայն ասաց, որ նա բնակվում է Հայաստանում, ՀՀ-ում գործունեություն է ծավալում: Դիտարկմանը, որ մամուլում հրապարակումներ են եղել որ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջաապատի ներկայացուցիչներ նույնպես աջակցել են խմբի անդամներին, Միքայել Համբարձումյանն արձագանքեց, որ դա մերկապարանոց, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է. «Բացարձակ նման տեղեկություն գործում չկա»: Գործում ներգրավված ներկա պաշտոնյաներ չկան: