«Այն հույժ գաղտնի փաստաթուղթ է և չի կարող ծանոթացվել հասարակությանը». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ առավոտյան գնացել է Կառավարություն և ծանոթացել ՀՀ վարչապետի նշած գաղտնի փաստաթղթին։ «Ամբողջությամբ ծանոթացել եմ վարչապետի կողմից մատնանշված հույժ գաղտնի զեկույցին»,- հայտարարեց Է. Մարուքյանը։
168.am-ը Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փաստաթուղթ է այն, և արդյո՞ք չի պատրաստվում այն հասանելի դարձնել նաև հանրությանը։
Հիշեցրինք, որ ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել էր, թե ծանոթացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթին, բայց հանրությունը դա արժանահավատ չի համարում՝ պահանջելով այն հրապարակայնացնել: Է. Մարուքյանից հետաքրքվեցինք՝ այժմ մտավախություն չունի՞, որ, եթե այն չհրապարակվի, ապա հանրությունը նույնպես չի հավատա դրա գոյությանը։
«Այն հույժ գաղտնի փաստաթուղթ է և չի կարող ծանոթացվել հասարակությանը»,- մեզ հետ զրույցում նշեց Է.Մարուքյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելով արձակուրդը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց մի փաստաթղթի մասին, որը, ըստ նրա, կազմել են նախորդ իշխանությունները՝ 2014 թվականին։
«Դա գաղտնի զեկույց է, գաղտնի փաստաթուղթ, այնքան գաղտնի, որ ճիշտ չեմ համարում անունը նույնիսկ բարձրաձայնել: Այդ փաստաթղթին ես մի քանի ամիս առաջ ծանոթացել էի, բայց որոշել էի հրատապ հետևություններ չանել, վերցնել ինձ հետ նաև արձակուրդի ընթացքում կարդալու: Կարդացի, ինչով է կարևոր այդ փաստաթուղթը, որ հիմա էլ իմ սեղանին դրած է, կարևոր է նրանով, որ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, ինչն այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել: Բայց շատ կարևոր էր արձանագրել, և այս փաստաթուղթը նաև այդ առումով է կարևոր, թե մենք ինչ իրավիճակում ենք ժառանգել ՀՀ-ն:
Երբ որ այս փաստաթուղթը մենք կարդում ենք, եզրակացությունը հետևյալն է՝ հեղափոխության ժամանակաշրջանում և, ինչ-որ առումով, նաև դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում: Սա, ըստ էության, փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է: Շատ կարևոր է այս փաստաթուղթը, գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին: Ես կարծում եմ՝ այս փաստաթղթի հեղինակներն իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել»,- ասել էր վարչապետը։
Զվարթ Խաչատրյան