Փաշինյանը կրկին խուսափեց Ղրիմի մասին հարցի ուղիղ պատասխանից

Վերջերս դեսպանահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դադարի խուսափողական արտաքին քաղաքականություն վարելուց: Այս հայտարարությունը հաշվի առնելով՝ այսօր Վանաձորում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ 168.am-ը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունեն ՀՀ իշխանությունները Ղրիմի հետ կապված՝ այն Ուկրաինայի՞նն է, թե՞ Ռուսաստանինը:

«Այդ հարցին Եվրոխորհրդարանում պատասխանել եմ, այնտեղի պատասխանը վերցրեք, ճշգրիտ սղագրեք և համարեք, որ ես այդ… գիտեք, նույն հարցը նույն պատասխանն ունի, մի հարց մեկ անգամ տրվեց, երկրորդ անգամ տրվեց՝ ակնկալիք ունենալով, որ ուրի՞շ պատասխան եմ տալու: Հարցը տրվել է, և ես այն ամենաբարձր մակարդակում պատասխանել եմ, խնդրում եմ այդ պատասխանն ընդունեք՝ ի գիտություն»,- պատասխանեց վարչապետը:

Հիշեցնենք, որ 2019թ. ապրիլին ԵԽԽՎ-ում «ո՞ւմ է պատկանում Ղրիմը» հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև»։

«Ինձ համար շատ տարօրինակ է՝ ինչպե՞ս են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոններն օգտագործում պատերազմներ հրահրելու, դրանք ավելի դաժան, ավելի սուր դարձնելու համար»,- ԵԽԽՎ-ում ասել էր նա՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը դեմ քվեարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան դատապարտող բանաձևին, ու հարցին, թե ո՞ւմ է պատկանում Ղրիմը։

«Ես, այսպես ասած, նոր եմ ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները, նախկինում պատգամավոր եմ եղել, և ինձ համար երբեմն շատ տարօրինակ է, թե ինչպես են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոններն օգտագործում պատերազմներ հրահրելու, պատերազմներն ավելի դաժան ու ավելի սուր դարձնելու, հակամարտություններն ավելի սուր դարձնելու համար։ Ես կարծում եմ, որ պետք է մնալ երկխոսության տրամաբանության մեջ՝ բոլոր դեպքերում, – ասել էր Ն.Փաշինյանը, և հավելել,- Աշխարհում չկա որևէ կոնֆլիկտ, որ ես մտածեմ, որ ճիշտ է այդ կոնֆլիկտը լուծել իրար նկատմամբ բռնություն գործադրելով, և նաև միջազգային հարթակներն ու ամբիոնները պետք է օգտագործել այս տրամաբանությամբ։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել, փորձում ենք, որովհետև ես վստահ չեմ, որ միշտ է հաջողվում։ Շատ դեպքերում մենք մի իրավիճակի մեջ ենք, երբ կոնֆլիկտների ու գծերի երկու կողմերում մեր բարեկամներն են։ Շատ դժվար է ընտրություն կատարել բարեկամի և բարեկամի միջև, երբեմն ստիպված ես լինում այնպիսի ընտրություն կատարել, բայց մեր ընտրությունը՝ գլոբալ ընտրությունը, խաղաղությունն է, երկխոսությունը, կայունությունը և զարգացումը»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս