«25 տարեկանն ինչպե՞ս պետք է ղեկավարի ԱԱԾ-ն». Գուրգեն Եղիազարյան
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 112 կողմ ձայնով:
Այս փոփոխություններով առաջարկվում է ամրագրել, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարվելու են քաղաքական պաշտոն, և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանվելու են պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:
Նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:
Հիշեցնենք, որ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում այս փոփոխությունը մեկ բառով «աննորմալություն» համարեց։
«Սա, առաջին հերթին՝ հարված է բանակաշինությանը, ուղիղ մեր պաշտպանական ողջ համակարգին ծայրեիծայր։ Այսօր ցանկացած երիտասարդ կարող է բանակում ընդհանրապես չծառայել… Ինչի՞ գնա՝ ծառայի։ Հո հիմար չի՞, եթե հայրենիքն իր ու ուրիշի մեջ ուղիղ ջոկողություն է դրել։ Բանակում չծառայած ամեն մի մորթապաշտ հավասարվում է իրեն։ Ինչի՞ գնա՝ ծառայի։ Այդ ի՞նչ վսեմ գաղափարներ պետք է բոլորն ունենան, որ թքած ունենալով մնացած էն չծառայածների վրա, գնա՝ ծառայելու։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ են անում»,- վրդովվեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալը։
Վերջինս կարծում է, որ, եթե նոր նախագծով ԱԱԾ տնօրենը կարող է 25 տարեկան լինել, սա տարակուսելի է. 25 տարեկանը դեռ ինքը չի ճանաչում՝ ինքն ով է, և ընդամենը բուհից հետո այդ տղան մի քանի տարվա փորձառություն կարող է ձեռք բերած լինել այստեղ կամ այնտեղ։
«Դա բավարար է, որ նա ղեկավարի՞ ԱԱԾ-ն։ Եթե նույնիսկ համարենք, որ դա քաղաքական պաշտոն է, էլի սա տխմարության սկիզբն է։ Մենք ապրում ենք իսլամական միջավայրում։ Արևելքում Ադրբեջանն է, Արևմուտքում՝ Թուրքիան։ Այս միջավայրում մենք պետք է ունենանք կատարյալ Ազգային անվտանգություն, այլ ոչ թե՝ խամաճիկների հավաքածու։ 25 տարեկանն ինչպե՞ս պետք է ղեկավարի ԱԱԾ-ն»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։
Մեր այն դիտարկմանը, թե գործող օրենսդրությամբ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Իսկ Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում, բայց այժմ այդ պահանջն էլ է հանվել, Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ այլ կերպ, քան աննորմալություն, սա չի կարող որակել։
«Մինչև մենք մի լուրջ խութի չհանդիպենք, խելքի չենք գա։ Բայց ինչի՞ հանդիպենք»,- ասում է Գուրգեն Եղիազարյանն ու հավելում՝ առանց այդ էլ ԱԱԾ-ն Նիկոլի որոշումներով ու հրամաններով, իմ կարծիքով, որոշակիորեն փլուզված է։
«Բա եթե վարչապետը հրամաններ է արձակում՝ գաղափար չունենալով, թե այդ հրամանն ուր է տանում։ Օրինակ՝ կարգադրում է, որ ԱԱԾ-ն զբաղվի ՀԴՄ-ներով։ Չհաշված, որ ԱԱԾ-ն Նիկոլի աթոռի համար գիշեր-ցերեկ զբաղված է ընդդիմությամբ։ Տեսեք, թե ի՞նչ է կատարվում փողոցում, նաև նույն Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ։ Այդ ամենն իր դրոշմը թողնում է ԱԱԾ-ի աշխատանքի վրա։ Սա փաստ է»,- նշում է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալը։
Ըստ նրա՝ շուտով երկու տարին կլրանա, որ Փաշինյանը երկիր է ղեկավարում, և այդ ընթացքում նա ամեն ինչ արել է, որ անվտանգության և ոստիկանության հեղինակությունը խարխլվի։
«Ոստիկանապետն առանց հասկանալու՝ ասում է՝ այո, պետք է ասֆալտին պառկեցնենք։ Այդպես էլ չհասկացան, որ օպերատիվ աշխատանքն իր նրբություններն ունի, և «սպեցնազն» ամեն անգամ չէ, որ հանցագործներին գետնին պետք է պառկեցնի։ Դա հազվագյուտ դեպքերում պետք է արվի։ Երբ համոզված են, որ դիմացինները զինված են, ու կարող են մարդիկ տուժել։ Իսկ սրանք ի՞նչ են անում։ Գետնին են պառկացնում, որ շեֆին ցույց տան։ Շեֆն էլ չալաղաջից, ադիբուդիից էն կողմ բան չի հասկանում։ Բա ո՞նց անենք»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ օրենքի այս փոփոխությունը երկրի համար շատ վատ հետևանքներ կունենա։
«Համակարգով կսկսվի, երկրով կավարտվի։ Սա, ի վերջո, ազգային անվտանգություն է։ Մենք պատերազմող երկիր ենք։ Փառք Աստծո, Բոլթոնին հանեցին, թե չէ էս երկրի բախտը Նիկոլով ու Բոլթոնով որոշված էր արդեն։ Բայց չգիտեմ, թե ինչքանով պրծանք այդ գաղտնի պայմանավորվածություններից։ Միայն Աստծուն է հայտնի»,- եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը։
Գոհար Սավզյան