Քրեական իրավիճակի պատկերը

Վիճակագրական տեղեկագրերի մեջ հրապարակվում են նաև տվյալներ իրավախախտումների մասին: Դրանց աղբյուրը, ինչպես նշում են վիճակագիրները, «Ոստիկանության ամփոփ տեղեկատվությունն է»:

Երկրում իրավախախտումների վիճակի վերջին տարիների համադրումը անշնորհակալ գործ կլինի: Որովհետև իրավախախտումների աճ արձանագրվելու դեպքում միշտ էլ իշխանություններից կարելի է լսել նույն պատասխանը` «Ոչ թե իրավախախտումների քանակն է ավելացել, այլ նախկինում հանցագործությունները չէին գրանցվում»:

Անհավանական է, բայց այսպես արդարանում էին նախկին իշխանությունները: Հիմա էլ հավանաբար նույն պատասխանը կտան: Եթե, իհարկե, արձանագրվի, որ իրավախախտումների քանակը հարաճուն աճում է:

Օրինակ, պաշտոնապես 2017թ. արձանագրվել է 20 հազար 284 իրավախախտում, իսկ 2018-ին` 22 հազար 511: Բայց իրավախախտումների թվերի համեմատություն-վելուծություն կատարողին միշտ էլ կարելի է մեղադրել կողմնակալ վերաբերմունքի մեջ:

Վերցնենք վերջին ժամանակներս ամենաշատ քննարկվող իրավախախտման` կաշառակերության վիճակագրությունը: Այն վարվում է` «Կաշառք տալը, ստանալը, կաշառքի միջնորդությունը» անունով տողով: 2017թ. այս իրավախախման 163 դեպք է գրանցվել:

Հիմա բոլորիս հայտնի է, որ մեր երկրում համակարգված կաշառատվություն ու կոռուպցիա չկա: Գոնե 2018թ. ինչ-որ պահից: Սակայն 2018թ. ամփոփ տվյալներում նշվում է, որ այդ գործողության 3461 դեպք է գրանցվել: Իհարկե, սա կարելի է համարել կոռուպցիայի դեմ պայքարի հզոր չափանիշ: Հատկապես, որ համակարգված կոռուպցիայի լիովին բացակայության պայմաններում:

Այսինքն՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին արդեն արձանագրվել է 214 դեպք: Վիճակագիրներն իրենց անհարկի քննադատությունից ազատելու համար իրավախախտումների վիճակագրությունը նույն մեթոդաբանությամբ են ներկայացնում, ինչ տնտեսական ու ժողովրդագրական վիճակագրությունը: Այսինքն՝ այս տարվա «հաշվետու» ժամանակահատվածի տվյալները ներկայացվում են անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված տվյալների հետ: Անցած տարի հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել էր կաշառք տալ-առնելու-միջնորդելու 132 դեպք: Այս տարի քանակը կտրուկ աճել է` 217 դեպք (կրկնվենք` չնայած կոռուպցիայի դեմ լիակատար հաղթանակի):

Վիճակագրությունն իրավախախտումները ներկայացնում է վեց խմբերով` մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործություններ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ հանցագործություններ և պարզապես այլ հանցագործություններ:

Վիճակագրությունն արձանագրում է, որ դրանցից միայն սեփականության ու տնտեսական գործունեության դեմ հանցագործություններն են աճել 2018-ին՝ 2017-ի համեմատ: Իսկ 2019-ի հունվար-հուլիս ամիսներին, դրանցից բացի, ավելացել են նաև պետական իշխանության դեմ գործված հանցագործությունները (բնականաբար, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ):

Հետաքրքիր է, որ բացի կաշառակերության դեպքերից, աճել են նաև «պաշտոնական լիազորություններ չարաշահելը, անցնելը» տողով արձանագրված հանցագործությունները: Անցած տարի այս «անվանակարգով» գրանցվել էր 240 դեպք՝ 2017-ի 150-ի համեմատ: Մինչդեռ այս տարվա հունվար-հուլիսին արդեն 204 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի գրանցված 132 դեպքի համեմատ:

Հետաքրքիր է, որ այս տարի ավելացել է նաև տնտեսական գործունեության դեմ գրանցված իրավախախտումները. 406 դեպք՝ նախորդ տարվա 317-ի «դիմաց»:

Վերջում մեկ տարօրինակության աստիճանի փաստ: 2017թ. «կեղծ փողեր և արժեթղթեր պատրաստելը, պահելը, կամ իրացնելը» իրավախախտումի 92 դեպք էր գրանցվել: Այս հանցատեսակը 2018-ին թռիչքաձև աճ է արձանագրել (ինչը, բնականաբար, զարմանալի չէ քրեագետների ու այլ հասարակագետների համար)` գրանցվել է 206 դեպք: Կեղծ փող տպող-պահող-իրացնողները դեռ «չեն վեր ընկել տեղները»: 2018-ի հունվար-հունիսի 88 դեպքի դիմաց այս տարի արդեն 170 դեպք է արձանագրվել:

Այնպես որ՝ վիճակագրությունը միայն տնտեսական ու ժողովրդագրական բաղադրիչներից չի բաղկացած: Այստեղ ընթերցելու բան կգտնեն անգամ դեդեկտիվի սիրահարները:

 

Տեսանյութեր

Լրահոս