
Միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողները տեղեկատվական պիտակներ և հավաստագիր կստանան

Բոլոր իրացման ցանցերին, մսի վաճառակետերին և հանրային սննդի օբեկտներին, որոնք 100 տոկոսով կսպառեն միայն սպանդանոցային միս և մսեղիք, ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կտրամադրի համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԵ ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է հետևողական աշխատանքն իրացման ցանցում և հանրային սննդի օբեկտներում սպանդանոցային ծագման մսի և մսեղիքի իրացմանն անցումն անցնցում կարգավորելու և հնարավորինս արագ կազմակերպելու համար:
ՍԱՏՄ-ն նախաձեռնել է խրախուսման և աջակցության գործընթաց: Բոլոր իրացման ցանցերին, մսի վաճառակետերին և հանրային սննդի օբեկտներին, որոնք 100 տոկոսով կսպառեն միայն սպանդանոցային միս և մսեղիք, Տեսչական մարմնի կողմից կտրամադրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր:
Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում ուշադրություն դարձնել այս պիտակների առկայությանը. այն փաստում է, որ այդ կազմակերպության կողմից մսի ձեռքբերման գործընթացը վերահսկիչի կողմից ստուգված է և այդտեղ իրացվող միսը վստահաբար ունի սպանդանոցային ծագում:
Այսօր պիտակներ և հավաստագիր է տրամադրվել «ՍԱՍ Գրուպ» ընկերությանը, որի բոլոր իրացման կետերում արդեն վաճառվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք:
ՍԱՏՄ snund.am կայքում նաև բացվել է հարթակ, որտեղ կարող եք տեսնել, թե որ կազմակերպություններն են արդեն իրացնում կամ սպառում անվտանգ՝ միայն սպանդանոցային ծագման, միս:
Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը, և 2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանադանոցային ծագումը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:
Իրացման ցանցում և հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին հորդորում ենք կապ հաստատել սպանդանոցների կամ բացառապես սպանդանոցային ծագման թարմ միս վաճառող երկրորդային օղակների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: