
ՔԿԾ պետն ու Իրանի հյուպատոսը քննարկել են իրանցի ազատազրկված անձանց առնչվող հարցեր

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Ռեզա Արբաբ Սադեղիին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, դատապարտյալների հանձնմանը (էքստրադիցիային), ազգային և կրոնական առանձնահատկությունների պահպանմանն առնչվող հարցերը: Անդրադառնալով հետագա գործակցության հեռանկարներին՝ քրեակատարողական ծառայության պետ Արթույ Գոյունյանը պատրաստակամություն է հայտնել հետևողականորեն աջակցել ԻԻՀ ազատազրկված անձանց վերաբերող հիմնախնդիրների արագ լուծմանը:
Ընդունելության ավարտին Ռեզա Արբաբ Սադեղին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, ինչպես նաև իրանցի կալանավորված անձանց և դատապարտյալներին մշտապես աջակցելու, բարձրացված հարցերին արձագանքելու համար: