25 տարի առաջ անհայտ կորած զինվորի մայրը հուսով սպասում է որդու վերադարձին
25 տարի առաջ ժամկետային զինծառայող Մխիթար Սողոյանը, ով ծառայել է Արցախում, անհետ կորել է։ Այս տարիների ընթացքում ընտանիքի անդամները նրանից որևէ տեղեկություն չունեն, բազմաթիվ դռներ են բախել՝ հասկանալու համար, թե որտեղ է իրենց որդին, սակայն ապարդյուն։
Ա. Սողոյանի մայրը՝ տիկին Ծաղիկ Սաֆարյանը, այսօր իր որդուն փնտրելու և վերադարձնելու պահանջով Կառավարության շենքի մոտ էր։
168.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ որդին ծառայել է Խոջալուում, 1995 թվականին հայրը գանցել է զորամաս նրան տեսնելու, սակայն այնտեղ ասել են, որ տեղափոխել են Ասկերան։
«Հայրը գնում է Ասկերան, ծանրոցը թողնում է զորամասում և արագ դուրս գալիս։ Տուն գալուց մեկ օր անց մեզ զանգահարում են ու ասում, որ շուտ գնանք զորամաս, դե, մենք էլ ասացինք՝ ի՞նչ պետք է եղած լինի, քանի որ մեկ օր առաջ էր ամուսինս այնտեղ եղել։ Հոկտեմբերին կրկին ծանրոց ուղարկեցի տղայիս, բայց հետ ուղարկեցին նամակի հետ, թե՝ մեկ ամիս առաջ որդիդ անհետացել է զորամասից ու գերի ընկել ադրբեջանցիների մոտ։ Եթե հոկտեմբերի 12-ից էր գերի ընկել, ինչո՞ւ հոկտեմբերի 10-ին ուղարկած ծանրոցը չէր հասել նրան»,- ասաց նա։
Ծաղիկ Սաֆարյանը կասկածներ ունի, որ որդու դեմ ինչ-որ սադրանքներ են եղել, ու տեղի է ունեցել մութ պատմություն, որի արդյունքում էլ անհետացել է։
Նախորդ իշխանությունների ժամանակ բոլոր գերատեսչություններին դիմել է, իսկ իշխանափոխությունից հետո դեռևս որևէ մեկին չի դիմել, ասում է՝ այդքան էլ մեծ սպասելիքներ չունի, բայց կփորձի կրկին բոլորի դռները թակել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան