«Գործ ունենք կամ աղաղակող ոչ պրոֆեսիոնալիզմի, կամ ուղղորդված հակաքարոզչության հետ». Արմեն Աշոտյանը ներողություն է ակնկալում
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ «Փաստերի ստուգման հարթակ» նախագիծն իր կայքում անդրադարձել է իմ հայտարարությանը, կապված Ազգային Ժողովի անարդյունավետ գործուղումների և տարվա կեսից այդ գործուղումների համար կառավարության կողմից հատկացված հսկայական գումարների հետ:
Ես գրել էի բառացի հետևյալը. «Խորհրդարանական դիվանագիտության գուցե միակ «նվաճումը» անթիվ-անհամար-անիմաստ գործուղումներն են, որոնց վրա առաջին կիսամյակում արդեն ծախսվել է տարեկան բյուջեով հաստատված ամբողջ գումարը, և կառավարությունը կրկին հսկայական միջոցներ է տրամադրել խորհրդարանին՝ այդ վոյաժները շարունակելու համար»:
Դանիել Իոաննիսյանին պատկանող այս նախագիծը իր կայքում իբր թե ստուգել է այս հայտարարության իսկությունը և եզրակացրել, որ՝ «Արմեն Աշոտյանը ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե մեկ տարվա գործուղումների համար հատկացված գումարները ծախսվել են կես տարում և այդ նպատակով կառավարությունը նոր միջոցներ է տրամադրել կամ պատրաստվում է տրամադրել»: Զուգահեռ նրանք մեղադրել են նաև որոշ լրատվականների իմ այս պնդումը տարածելու մեջ՝ aravot.am, news.am, hraparak.am, iravunk.com, ankakh.com։
Իրականում դեռս սույն թվականի մայիսի 16-ին Կառավարության նիստին ընդգրկված է եղել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին գումար հատկացնելու մասին» հարցը:
Այդ նիստին ՀՀ կառավարությունը կայացրել է համապատասխան որոշում, և Ազգային ժողովին լրացուցիչ հատկացրել 892,628.9 հազ. դրամ:
Որոշման կից տեղեկանք-հիմնավորման մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ գումարը ներառում է նաև ԱԺ գործուղումների համար լրացուցիչ ծախսեր՝ (4222) «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով 301,802.0 հազ. դրամ:
Այսքանից հետո տվյալ հարթակը մոլորության մեջ է գցում հասարակությանը, մեղադրում է ինձ իբր ապատեղեկատվություն գրելու, իսկ ԶԼՄ-ներին՝ այն տարածելու մեջ:
Ակնհայտ է, որ իրեն փաստերի ստուգման հարթակ հռչակած կայքը կարող էր իսկապես խորամուխ լինել հարցի մեջ: Հակառակ դեպքում՝ գործ ունենք կամ աղաղակող ոչ պրոֆեսիոնալիզմի, կամ ուղղորդված հակաքարոզչության հետ:
Տվյալ հարթակից ակնկալում եմ ներողություն և իրենց հրապարակած նյութի բովանդակության վերանայում:
Հ.Գ. Մեկնաբանությունում՝ կառավարության որոշման հղումը (հարց 31)»:
Քիչ առաջ «Փաստերի ստուգման հարթակ» նախագիծն իր կայքում անդրադարձել է իմ հայտարարությանը, կապված Ազգային Ժողովի…
Gepostet von Armen Ashotyan am Donnerstag, 12. September 2019