«Եթե Տիգրան Աբգարյանի մայրն ուզում է իմանալ ճշմարտությունը, իմ փաստաբանները Լեո փողոցում կատարվածի վերաբերյալ փաթեթ կպատրաստեն ու կտան նրան». Ռոբերտ Քոչարյան
Ընդմիջումից հետո Սահմանադրական դատարանի որոշմանն անդրադարձավ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանը։
Վերջինս նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների նշած օրենսդրական բացն այնքան էլ բաց չէ, երկրորդ նախագահի պաշտպանների մեկնաբանություններն ու եզրակացությունները չեն բխում Սահմանադրական դատարանի որոշման տեքստից։
Ըստ Տիգրան Եգորյանի՝ ՍԴ որոշումը որևէ պարտականություն չի դնում նաև Ազգային ժողովի վրա այն առումով, որ այդ մարմինն օրենսդրական «բաց» լրացնելու խնդիր չունի ըստ էության։
Նա կարծում է, որ գործառութային անձեռնմխելիությունը հիմնական իրավունք չէ, և հետևաբար՝ չի կարող պաշտպանվել այդ համատեքստում։
Տիգրան Եգորյանը, երկրորդելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի թեզին, նշեց, որ ՍԴ 9 անդամներից 7-ը դատավորներ չեն, և այդ կազմով կայացված որոշումը չի կարող ըստ էության պարտադիր կատարելի լինել։
Փաստաբան Սեդա Սաֆարյանի կարծիքով էլ, ով ներկայացնում է տուժողների իրավահաջորդներին, ՍԴ որոշումը շատ անորոշ որոշում է։
Տուժողների իրավահաջորդները միացան պաշտպանների դիրքորոշմանը։ Այնուհետև ելույթ ունեցավ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ով իր պատկերացումները ներկայացրեց գործի վերաբերյալ։
«Հանրապետական կուսակցության անդամ պատգամավորներն ինձ բազմիցս ասել են՝ պարոն Քլոյան, այս իշխանության օրոք «Մարտի 1»-ը չի բացահայտվելու»,- հայտարարեց Սարգիս Քլոյանը։
Խոսքով հանդես եկավ նաև մարտի 1-ին սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը։
Այս գործընթացի դեմ առարկություն ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը՝ նշելով, որ հարգելով որդեկորույս ծնողներին՝ այնուամենայնիվ խնդրում է, որ սույն դատավարությունը չսկսեն հիմնավոր կասկածը քննելուց։
«Շատ ցավալի է ամեն անգամ լսել, բայց տպավորություն է ստեղծվում, որ այդ մահերն ենք քննում հիմա։ Հարգելի նախագահող, խնդրում եմ կատարել Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պարտականությունը, և ամենը, ինչ կապված չէ սույն գործի հետ, չթողնել, որ տեղի ունենան»,- ասաց Արամ Օրբելյանը։
Արամ Վարդևանյանն էլ անդրադարձավ դատախազ Բաղդասարյանի մեկնաբանություններին։
«Եթե դուք բացեք ՍԴ որոշման 18-րդ էջը և 4.4 կետի ուղղակի վերևի պարբերությունը տեսնեք, բառացի ես մեջբերեմ՝ «հետևապես օրենսդիրը պարտավոր է սահմանել հստակ կանոնակարգումներ…»,- դիմելով դատախազին՝ ասաց նա։
Այնուհետև խոսքի իրավունք խնդրեց Ռոբերտ Քոչարյանը։
«Ես ուղղակի ստիպված եմ հայտարարություն անել, քանի որ ելույթներում ուղղակի ինձ հասցեագրված որոշ հարցադրումներ կային։ Պարոն Քլոյանը հետաքրքիր բան ասաց, որ գոնե ձևական մեկին պետք էր պատժել. այդ մեկը ես եմ, քանի որ գործը բացահայտված չէ։ Ես Մարտի 1-ի դեպքերից հետո աշխատել եմ մեկ ամսից մի քիչ ավելի։ Իմ լիազորությունների շրջանակում գործ բացահայտելը երբեք չի եղել իմ պարտականությունը։ Ընդհանրապես խառնվելու իրավունք չեմ ունեցել, և եթե պարոն Քլոյանը դրանով է մտահոգված, առաջին հերթին պետք է հարցնի իրեն մոտ նստած դատախազներին։ Եվ եթե մարդ պետք է դատվի գործը չբացահայտելու համար, առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը, կամ վարույթն իրականացնող դատախազը, կամ քննչական մարմինը, որը պարտավոր է գործը բացահայտել»,- ասաց երկրորդ նախագահը։
Վերջինս նշեց, որ իր համար սա վիրավորական է նաև այն պատճառով, որ փաստաբաններն աշխատում են այդ մարդկանց հետ, կարող են բացատրել, որ այդպես չէ։
«Իմ տպավորությունն է, որ սովորեցնում են ասել այն, ինչը կարող է հանրային առումով ինչ-որ տպավորություն թողնել, թե մեղավորը ես եմ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով Տիգրան Աբգարյանի մոր ելույթին՝ նա նշեց, որ տիկին Աբգարյանն ակնհայտ չի տիրապետում գործի նյութերին, որովհետև նա այնպիսի բաներ ասաց, որոնք գործի հետ առնչություն չունեն, և իր մոտ նստած հարգարժան Սեդա Սաֆարյանը ևս, իր կարծիքով՝ գիտակցաբար չի բացատրել, որ դա այդպես չէ։
«Առաջին հերթին, որ ես իբրև հայտարարել եմ, որ կա զոհ. Մեկը զոհվել է։ Դա եղել է ոչ թե իմ հայտարարությունը, այլ ՀՔԾ պետի հայտարարությունը։ Ես այդ օրը մամուլի ասուլիսի ժամանակ նման բան չեմ ասել։ Ձայնագրությունները գործում կան, կցված են։ Ես ասել եմ, որ կան վիրավորներ, ծանր վիրավորներ, բեկորային և այլն… Այդպիսի բան ես չեմ ասել։ Դա, այդ վերսիան իր մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել է ՀՔԾ-ի պետը՝ այս մարդկանց մոլորության մեջ գցելու համար»,- հայտարարեց պաշտոնաթող նախագահը։
Ինչ վերաբերում է նրան, որ հայտարարվեց, թե Լեոյի փողոցում ցուցարարներ չեն եղել, Ռ. Քոչարյանը նշեց, որ կան բազմաթիվ ցուցմունքներ այնտեղ ցուցարարների առկայության վերաբերյալ, և դրանցում մարդիկ ասում են, որ կրակել են հենց ցուցարարների կողմից։
«Տարօրինակը, գիտե՞ք, ինչն էր, որ հանրահավաքը, այսպես ասենք, եղել է Քաղաքապետարանի դիմացի հրապարակում, իսկ այ, բախումները՝ Լեոյի փողոցում։ Եվ քննչական մարմինների կողմից որևէ քայլ չի արվել՝ պարզելու, թե ով է այդ մարդկանց տարել, հասցրել Լեո փողոց։ 500 մետր ավելի հեռու։ Եվ ընդհակառակը, գործի նյութերում կա, որ ոստիկանությանը կանչել են՝ չեզոքացնելու այն մարդուն, ով կրակել է Տիգրան Աբգարյանի վրա»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը և առաջարկեց, որ, եթե Տիգրան Աբգարյանի մայրն ուզում է իմանալ ճշմարտությունը, իր փաստաբանները Լեո փողոցում կատարվածի վերաբերյալ փաթեթ կպատրաստեն ու կտան նրան։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Գոհար Սավզյան