Բաժիններ՝

«Հանցագործները փողոցում ման են գալիս, իմ տղան ո՞ւր է, պարո՛ն Փաշինյան»

Էմմա Հարությունյանի տղային՝ Արա Խաչատրյանին, արդեն 8 տարի է՝ առևանգել են: Նա այսօր եկել էր Կառավարության մոտ՝ վարչապետին խնդրելու, որպեսզի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին նորից հանձնարարական տա՝ գտնելու իր տղային: Ասում է՝ մեկ անգամ արդեն հանձնարարական տվել է, բայց «սայլը տեղից չի շարժվում»:

«8 տարի առաջ իմ տղային իմ աչքի առաջից տարել են, մինչև հիմա ոչ մի նորություն չկա: Իմ տնից, իմ ներկայությամբ են տարել: Հին Հայաստանում կոռուպցիայով, փողով, գրչի մի հարվածով գրեցին՝ «անհայտ կորած»: Պարոն Փաշինյանին ես ընդդիմադիր ժամանակ հանդիպել եմ, ասեց՝ տիկին Էմմա, ես ոչ մի բան չեմ կարող անել, հետո, երբ հեղափոխություն եղավ, 2018-ի մայիսին ես այստեղ հանդիպեցի նրա հետ, ասեց՝ մինչև հիմա չե՞ք գտել, ասեցի՝ ոչ, կանչում է պարոն Վանեցյանին, հանձնարարական է տալիս, որ իմ տղային գտնի, բայց մինչև հիմա ոչ մի բան չի արել, ասում է՝ իմ ձեռքին ոչ մի բան չկա: Եթե ԱԱԾ պետը դու ես, հիմա էլ գեներալ-մայորի կոչում են տվել, ո՞վ գտնի իմ տղային, չես ուզում՝ չես գտնում, որ ուզես՝ կգտնես, ես համոզված եմ իր ուժերին, ինքը բարեխիղճ մարդ է, խղճով մարդ է,   արդար ԱԱԾ պետ: Այնպիսի ուժեր են կանգնած, պարոն Վանեցյանին թույլ չեն տալիս, որ իմ տղային գտնի»:

Էմմա Հարությունյանը պնդում է՝ ինքը գիտի՝ ովքեր են առևանգողները, բայց մինչև հիմա նրանց չեն գտել:

«Ես գիտեմ՝ ովքեր են, իրենց էլ ասել եմ, ոչ գտնում են, ոչ ձերբակալում են: Երկուսը փախած՝  Մոսկվայում են, երկուսը՝ մեզ մոտ: Հանցագործները փողոցում ման են գալիս, իմ տղան ո՞ւր է, պարո՛ն Փաշինյան: Հիմա իմ տղայի գործը ես տեղափոխել եմ Քննչական կոմիտե: Գնում եմ այնտեղ, գցում են ԱԱԾ-ի վրա, ԱԱԾ-ն գցում է իրենց վրա»:

Կառավարության առջև տիկին Էմման Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ներկայացրեց խնդիրը, նա էլ առաջարկեց լրացուցիչ դիմել, ինչին տիկինն արձագանքեց, որ ամեն օր էլ դիմում է, իր գրասենյակում էլ շատ է եղել:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս