
Եվրախորհրդարանը կպաշտպանի Brexit-ի հետաձգումը, եթե դա կկանխի առանց գործարքի դուրս գալը

Եվրախորհրդարանը (ԵԽ) հանդես կգա Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետի հետաձգման օգտին, եթե դա կկանխի Brexit-ն առանց գործարքի կամ պահանջվի բրիտանական խորհրդարանի ընտրությունների անցկացման համար: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրախորհդարանի նախագահ Դավիթ Սասոլին:
Նրա խոսքով՝ ԵԽ-ն համապատասխան բանաձեւ է նախապատրաստում Brexit-ի վերաբերյալ, որի նախագիծը կներկայացվի Ստրասբուրգի լիագումար նստաշրջանում: «Բանաձեւում խոսվելու է այն մասին, որ Եվրախորհրդարանը պատրաստ է հնարավոր հետաձգմանը, եթե դա կօգնի խուսափել առանց համաձայնագրի դուրս գալուց կամ հարկավոր կլինի Մեծ Բրիտանիայում համընդհանուր ընտրությունների անցկացման համար»,- ասել է նա:
Ինչպես ասված է «կոշտ» Brexit-ին Միացյալ Թագավորության նախարարների կաբինետի նախապատրաստման պլանում, որը սեպտեմբերի 11-ին հրապարակել է կառավարությունը, Եվրամիության կազմից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկրին սպառնում է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի պակասությամբ, սահմանում բեռնափոխադրումների ընդհատումներով եւ զանգվածային բողոքներով: «Թարմ մթերքի որոշ տեսակների մատչելիությունը կնվազի: Կա այն բանի ռիսկը, որ խուճապային գնումները ընդհատումների կհանգեցնեն պարենային մատակարարման հարցում»,- նշված է փաստաթղթում: Առանձնապես բարդ իրավիճակ կստեղծվի բժշկական պատրաստուկների հարցում:
Նաեւ կառավարությունը զգուշանում է, որ առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալը կհանգեցնի այն բանին, որ բեռնատարները Լա Մանշը կանցնեն մինչեւ երկուսուկես օրվա տեւողությամբ ուշացումներով, իսկ այդ իրադրությունը կարող է տեւել մինչեւ երեք ամիս: Բացի դրանից բարդություններ կունենան այն ուղեւորները, որոնք երկրից կհեռանան նավահանգիստներով եւ օդանավավակայաններով, իսկ երկրի որոշ տարածաշրջաններում վառելիքի պակաս կզգացվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:a