Թուրքիայում նոր կուսակցություններ կստեղծվեն նախկին նախագահի ու նախկին վարչապետի կողմից

Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին իր սյունակում անդրադարձել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից ստեղծվելիք նոր կուսակցությունների վերաբերյալ կուլիսային խոսակցություններին: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Սելվիի փոխանցմամբ` Աբդուլլահ Գյուլը և Ալի Բաբաջանը իրենց կուսակցությունը կհիմնեն դեկտեմբերին, իսկ Ահմեթ Դավութօղլուն` նոյեմբերին:

Միջանկյան նշենք, որ Գյուլը թուրքական մամուլում ներկայացվում է որպես նոր կուսակցության հիմնական ճարտարապետ, իսկ Դավութօղլուի շուրջ խոսակցությունները մերթ նրան կապում են Բաբաջան-Գյուլ երկյակի հետ, մերթ գրում են առանձին կուսակցություն բացելու մտադրությունների մասին: Բաբաջանը հստակություն է մտցրել նաև այս հարցերում:

Մինչ այդ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ կուսակցության կարգապահական խորհրդի քննարկմանն էր դրվել Դավութօղլուի և իր գործընկերների կուսակցությունից հեռացնելու հարցը: Այս թեմայի հետ կապված Սելվին գրում է, որ իշխող կուսակցությունից Դավութօղլուն և իր գործընկերները 1 շաբաթ չանցած կհեռացվեն:

Ինչ վերաբերում է առանձին կուսակցություններ հիմնելու որոշումներին, լրագրողը հայտնում է, որ Դավութօղլուն Բաբաջանից շուտ կդնի իր կուսակցության հիմքերը:

Ավելի վաղ, Ալի Բաբաջանը պաշտոնապես հայտարարել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցունից դուրս գալու մասին: Իսկ Դավութօղլուն դեռևս որևէ դիմում չի ներկայացրել կուսակցությունը լքելու համար:

Տեսանյութեր

Լրահոս