Բաժիններ՝

«Մարդիկ են մահանում. մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք նման արտադրանքի վաճառքի կանոնները». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձգտելու է հասնել վեյփային արտադրանքի առանձին տեսակների վաճառքի սահմանափակման: Այդ մասին հայտնել է NBC News-ը:

Նա նշել է, որ վեյփային արտադրանքի թողարկումը շատ կարճ ժամանակաշրջանում դարձել է շահութաբեր եւ վերածվել վիթխարի բիզնեսի: Ընդսմին, նրա խոսքով՝ վեյփինգը նոր եւ վատ ուսումնասիրված երեւույթ է: «Մարդիկ են մահանում: Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք նման արտադրանքի վաճառքի կանոնները»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ-ի առողջապահության նախարարության եւ սոցիալական ծառայությունների ղեկավար Ալեքս Ազարը ճշտել է, որ մոտ ժամանակներս իշխանություններն ուղեցույց կպատրաստեն արոմատիզացված վեյփային արտադրանքի վաճառքի սահմանափակման վերաբերյալ, որը փորձագետների կարծիքով, առանձնակի տարածում է գտել համերի գրավչության պատճառով: Ավելի վաղ The Washington Post թերթը՝ հղում անելով Bloomberg Philanthropies բարեգործական հիմնադրամին, հայտնել է, որ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը երեք տարում 160 մլն դոլար կհատկացնի վեյփ ծխելու դեմ պայքարի արշավին:

«Ծխախոտի ընկերությունները, որոնք էլեկտրոնային սիգարետներ են վաճառում, մեծ շահույթ են ստանում ամերիկյան երիտասարդության հաշվին: Նրանք կիրառում են նույն այն գովազդային ռազմավարությունները, որոնք ժամանակին անչափահասներին կախվածության մեջ դրեցին սովորական սիգարետներից, ինչի արդյունքում ավելի ու ավելի մեծ թվով դեռահասներ այսօր առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն»,-հրատարակությունը մեջբերում է Բլումբերգի հայտարարությունը: Վերջին ամիսներին ԱՄՆ-ում սրվել է բանավեճը, թե վեյփերն արդյոք բացասաբար են ազդում առողջության վրա: Օգոստոսին Իլինոյսի նահանգի հանրային առողջապահության դեպարտամենտը գրանցել է ենթադրաբար, երկրում առաջին մահը էլեկտրոնային սիգարետներ ծխելու հետեւանքով, որը հանգեցրել է ծանր շնչառական հիվանդության:

Այժմ փորձագետները խոսում են այդ նույն պատճառներով արդեն հինգ մահացածների մասին: Իսկ ընդամենը երկրի իշխանությունների կողմից նմանօրինակ հիվանդությունների մոտավորապես 450 դեպք է հայտնաբերվել 33 նահանգում, ինչպես նաեւ ամերիկյան Վիրջինյան կղզիներում: Հունվարին Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության ղեկավար Սքոթ Գոթլիբըէլեկտրոնային սիգարետներ եւ վեյփեր արտադրողներին սպառնացել է նրանց արտադրանքի վաճառքի ամբողջական արգելքով, եթե 2019 թվականին ավելանա ծխող դեռահասների թիվը: Նա ներկայացրել է գերատեսչության կողմից հավաքված վիճակագրական տվյալները, որոնց համաձայն, ԱՄՆ-ում ծխող դեռահասների թվաքանակը վերջին տարիների ընթացքում կրկնապատկվել է էլեկտրոնային սիգարետների հասանելիության պատճառով:

Վեյփեր եւ էլեկտրոնային սիգարետներ ծխող ավագ դպրոցականների թիվը 2018 թվականին աճել է 78 տոկոսով, 5-8-րդ դասարանների աշակերտների շրջանում՝ 48 տոկոսով: Արդյունքում 2017-ից մինչեւ 2018 թվականն ավելի քան 1,5 մլն պատանիներ ու աղջիկներ կախվածություն են ձեռք բերել վնասակար սովորությունից: Բլումբերգը, որը Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել է 2002-ից մինչեւ 2013 թվականը, ակտիվ քաղաքական պայքար էր մղում ծխելու դեմ պայքարում: Հենց նրա օրոք է խոշորագույն մեգապոլիսում ծխելու արգելք սահմանվել հասարակական վայրերում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս