Երևանում արդեն խոզ են պահում
Սա Երևանի Ավան թաղամասի Ծարավ Աղբյուր հասցեում կառուցված նորակառույց շենքերի բակն է:
168.am-ին դիմած բնակիչները բողոքում են, որ տևական ժամանակ է՝ մայրաքաղաք Երևանի այդ հատվածում ինչ-որ մարդիկ զբաղվում են խոզաբուծությամբ, իսկ իրենց ահազանգերը բանի տեղ դնող չկա։
Բնակիչների խոսքով՝ իրենք դիմել են թե թաղապետարան, թե քաղաքապետարան, սակայն, ինչպես հասկանում են, ոչ միայն աղբն է քաղաքում կուտակվում, այլև քաղաքապետ Հայկ Մարությանի թողտվությամբ կամ լուռ համաձայնությամբ քաղաքում սկսել են խոզեր պահել։
Փաստորեն, աստիճանաբար «քաղաքը խոզանոց է դարձել» արտահայտությունը Երևանի պարագայում իր փոխաբերական իմաստից ստանում է ուղիղ իմաստ։ Քաղաքը, բառի բուն իմաստով, խոզանոց է։
Բնակիչները նշում էին, որ հատկապես ամռան շոգին անտանելի գարշահոտությունը որևէ կերպ մեղմել չէր լինում։ Նրանք հուսով են, որ գոնե մամուլի հրապարակումներից հետո պատկան մարմինները հարցին լուծում կտան։
ԱՍՏՂԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ