Հոնկոնգի ոստիկանությունն արգելել է հակակառավարական նոր հանրահավաքի անցկացումը
Հոնկոնգի ոստիկանությունը հավանություն չի տվել սեպտեմբերի 15-ին կղզում հակակառավարական բազմամարդ հանրահավաք անցկացնելու ընդդիմադիր ուժերի դիմումին: Այդ մասին հայտնել է RTHK ռադիոկայանը:
«Քաղաքացիական ճակատ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը մտադրվել էր ընդգրկուն երթ անցկացնել Կոզուեյ շրջանից մինչեւ քաղաքի գործարար կենտրոն: Միջոցառումն արգելելու որոշումը պատճառաբանվել է հանրային անվտանգության նկատառումներով՝ հաշվի առնելով այն անկարգությունները, որոնցով ավելի վաղ ուղեկցվում էին համանման ակցիաները:
Պարզաբանելով իրենց որոշումը, իրավապահ մարմինները նշել են, որ իրենք բոլոր հիմքերն ունեն զգուշանալու, որ արմատական խմբերը կշեղվեն երթուղուց, կսկսեն արգելափակել ճանապարհները, հրկիզումներ սարքել ու կատարել վանդալիզմի գործողություններ: Միեւնույն ժամանակ ոստիկանությունը պատրաստվելու է այն բանին, որ շատ ցուցարարներ փողոցներ դուրս կգան, չնայած արգելքին:
Ավելի վաղ Հոնկոնգի ֆինանսների հարցերի քարտուղար (ֆինանսների նախարար) Պոլ Չանը հայտնել է, որ Հոնկոնգում երեք ամիս շարունակվող բողոքի ակցիաները լուրջ վնաս են հասցրել Չինաստանի այս հատուկ վարչական շրջանի զբոսաշրջության ինդուստրիային եւ հյուրանոցային բիզնեսին:
Օգոստոս ամսին մեգապոլիս այցությունների թիվը 40 տոկոսով ընկել է նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ: Քաղաքի՝ առավել մեծ ժողովրդականություն վայելող տուրիստական վայրերը նկատելիորեն դատարկվել են: Կոզուեյ-բեյ, Չիմ Շա Ցույ եւ Մոնգկոկ առեւտրաժամանցային շրջաններում կտրուկ նվազել է ռեստորանների հաճախելիությունը:
Զբոսաշրջիկների հոսքի կրճատում է դիտվել նաեւ Մակաոյում՝ «ասիական Լաս-Վեգասում»: Սեպտեմբերի 4-ին տեղի վարչակազմի ղեկավար Քերի Լամը համաձայնել է կատարել ցուցարարների հինգ պահանջներից մեկը եւ ամբողջությամբ հետ է կանչել արտահանձնման օրինագիծը, որը թույլ է տալիս տեղի իրավախախտներին հանձնել մայրցամաքային Չինաստանին: Չնայած դրան, ընդդիմության մի քանի կողմնակիցներ պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց ակցիաները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: