Նյու Յորքում վանդալի կողմից վնասված ցլի արձանի հեղինակն այն կվերականգնի իր միջոցներով
Իտալացի քանդակագործ Արթուրո դի Մոդիկան, որն ստեղծել է Նյու Յորքի ֆինանսական շրջանում տեղադրված ցլի արձանը, վանդալի հարձակումից հետո այն կվերականգնի իր հաշվին: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Արթուր Պիկոլոյին՝ այն ասոցիացիայի նախագահին, որը հոգում է Բոուլինգ-գրինի զբոսայգու խնամքը, որտեղ տեղադրված է քանդակը։
Դի Մոդիկան Սիցիլիայից կժամանի սեպտեմբերի վերջին եւ կղեկավարի իր ստեղծագործության վերականգնման գործընթացը: Նա ստանձնել է վերականգնման ծախսերը, որոնք, ըստ նրա հաշվարկների, կնստեն մոտավորապես 15 հազար դոլար: Քանդակի հեղինակը մինչ այժմ դրա սեփականատերն է: Դալլասի (Տեխասի նահանգ) բնակիչը սեպտեմբերի 7-ին բրոնզե ցլին հարվածել է մետաղե առարկայով՝ վնասելով կենդանու աջ եղջյուրը: «Վնասը կարող էր շատ ավելի լուրջ լինել,-նշել է Պիկոլոն:-Ինչպես երեւում է, ամեն ինչ կարելի է ուղղել»:
Քանդակագործի «Գրոհող ցուլը», որը նաեւ հայտնի է որպես «Ցուլը՝ Ուոլ-սթրիթից», Բոուլինգ-գրին զբոսայգում տեղադրվել է 1989 թվականին: Բրոնզե գազանը տեղ է զբաղեցրել Մանհեթենի հարավային մասում՝ Նյու Յորքի ֆոնդային սակարանի դիմաց, եւ մեծ ժողովրդականություն վայելող տուրիստական տեսարժան վայր է: Հեղինակի մտահղացմամբ, արձանը խորհրդանշում է ամերիկյան ժողովրդի ուժը եւ անհաջողությունները հաղթահարելու նրա կարողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: