Բաժիններ՝

Մայքլ Բլումբերգը 160 մլն դոլար կհատկացնի էլեկտրոնային սիգարետներ ծխելու դեմ պայքարին. WP

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը երեք տարում 160 մլն դոլար կհատկացնի վեյփ ծխելու դեմ պայքարի արշավին: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով Bloomberg Philanthropies բարեգործական հիմնադրամին։

«Ծխախոտի ընկերությունները, որոնք էլեկտրոնային սիգարետներ են վաճառում, մեծ շահույթ են ստանում ամերիկյան երիտասարդության հաշվին: Նրանք կիրառում են նույն այն գովազդային ռազմավարությունները, որոնք ժամանակին անչափահասներին կախվածության մեջ դրեցին սովորական սիգարետներից, ինչի արդյունքում ավելի ու ավելի մեծ թվով դեռահասներ այսօր առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն»,-հրատարակությունը մեջբերում է Բլումբերգի հայտարարությունը:

Նրա խոսքով՝ «երեխաների առողջության պաշտպանության նպատակով դաշնային կառավարության ջանքերը ձախողվել են»: Այդ կապակցությամբ, ինչպես նշել է ձեռնարկատերը, նա տարբեր նահանգներում իր կողմնակիցների հետ միասին ձգտելու է հասնել այնպիսի օրինագծերի ընդունման, որոնք ուղղված կլինեն վեյփեր ծխելու դեմ պայքարին:

Վերջին ամիսներին ԱՄՆ-ում սրվել է բանավեճը, թե վեյփերն արդյոք բացասաբար են ազդում առողջության վրա: Օգոստոսին Իլինոյսի նահանգի հանրային առողջապահության դեպարտամենտը գրանցել է, ենթադրաբար, երկրում առաջին մահը էլեկտրոնային սիգարետներ ծխելու հետեւանքով, որը հանգեցրել է ծանր շնչառական հիվանդության: Այժմ փորձագետները խոսում են այդ նույն պատճառներով արդեն հինգ մահացածների մասին: Իսկ ընդամենը երկրի իշխանությունների կողմից նմանօրինակ հիվանդությունների մոտավորապես 450 դեպք է հայտնաբերվել 33 նահանգում, ինչպես նաեւ ամերիկյան Վիրջինյան կղզիներում:

Հունվարին Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության ղեկավար Սքոթ Գոթլիբը էլեկտրոնային սիգարետներ եւ վեյփեր արտադրողներին սպառնացել է նրանց արտադրանքի վաճառքի ամբողջական արգելքով, եթե 2019 թվականին ավելանա ծխող դեռահասների թիվը:

Նա ներկայացրել է գերատեսչության կողմից հավաքված վիճակագրական տվյալները, որոնց համաձայն, ԱՄՆ-ում ծխող դեռահասների թվաքանակը վերջին տարիների ընթացքում կրկնապատկվել է էլեկտրոնային սիգարետների հասանելիության պատճառով:
Վեյփեր եւ էլեկտրոնային սիգարետներ ծխող ավագ դպրոցականների թիվը 2018 թվականին աճել է 78 տոկոսով, 5-8-րդ դասարանների աշակերտների շրջանում՝ 48 տոկոսով: Արդյունքում 2017-ից մինչեւ 2018 թվականն ավելի քան 1,5 մլն պատանիներ ու աղջիկներ կախվածություն են ձեռք բերել վնասակար սովորությունից:

Բլումբերգը, որը Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել է 2002-ից մինչեւ 2013 թվականը, ակտիվ քաղաքական պայքար էր մղում ծխելու դեմ պայքարում: Հենց նրա օրոք է խոշորագույն մեգապոլիսում ծխելու արգելք սահմանվել հասարակական վայրերում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս