Բաժիններ՝

ԱՀ ՏԻՄ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին. դիտորդ կազմակերպության համակարգող

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր կազմակերպության դիտորդական առաքելության ընդհանուր գնահատականը և արձանագրած խնդիրները: Նա շեշտադրել է, որ ընտրություններն, ընդհանուր առմամբ, համապատասխանել են միջազգային չափանիշներին, իսկ արձանագրված խախտումները եղել են գլխավորապես տեղային, տեխնիկական ու ոչ դիտավորյալ բնույթի, որոնք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Դանիել Իոաննիսյանն ընդգծել է, որ խնդիրների պատճառներից են առկա մարդկային ու նյութական ռեսուրսների սղությունը, ընտրական գործընթացներում ընդգրկված որոշ անձանց ոչ լրիվ պատրաստվածությունը և քվեարկության գաղտնիության որոշ լրացուցիչ պայմանների բացակայությունը, և պատրաստակամություն հայտնել աջակցել վերհանված խնդիրների կարգավորման և ընտրական համակարգի կատարելագործման հարցում:

Պաշտպանը բարձր է գնահատել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ դիտորդական առաքելության դերը Արցախի ժողովրդավարական գործընթացների արհեստավարժ գնահատման և ընտրական իրավունքների իրացման մեխանիզմների շարունակական բարելավման գործում:

Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ Արցախում կայացել է ընտրական համակարգը, և այժմ դրա զարգացման հաջորդ փուլն ապահովելու խնդիր կա: Նա հայտնել է, որ իր իրավասությունների սահմաններում նպաստելու է ընտրությունների ժամանակ արձանագրված խնդիրների և դրանց պատճառների վերացման աշխատանքներին՝ նշելով, որ բոլոր սրտացավ ու մասնագիտացած կազմակերպություններն ու անձինք պետք է իրենց լուման բերեն այդ գործին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս