Բաժիններ՝

«Եթե առանց իրավական հիմքի մենք նման որոշում ենք կայացնում, դա Հայաստանը կարող է տանել ուղղակի դեֆոլտի». Բաբկեն Թունյանը՝ Ամուլսարի մասին

«Հանքի շահագործման համար պետք է շինարարական աշխատանքներ  իրականացվեն, որքանով ես տեղյակ եմ, որոնք կարող են մինչև մեկ տարի տևել: Այսինքն՝ այդ շինարարության ընթացքը լրացուցիչ ժամանակ է տալիս, որպեսզի, եթե բնապահպանության ռիսկերի հետ կապված կասկածներ կան, լրացուցիչ փորձաքննություն արվի ու այդ հարցերի պատասխանը տրվի: Եթե հանքի տարածքն ապաշրջափակվում է, դա չի նշանակում, որ հենց վաղը ոսկի է արդյունահանվում, որովհետև այդտեղ ահագին գործ կա անելու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի բացման խնդրին:

Ըստ նրա՝ այս պահին որոշումն այն է, որ հանքի շինարարական աշխատանքները, այսինքն՝ նախապատրաստական փուլը չխոչընդոտվի, ինչը նորմալ է: Բ.Թունյանի կարծիքով՝ հանքը փակելու համար պետք են իրավական հիմքեր, իսկ վարչապետն այսօր իր ելույթում հայտարարեց, որ այդ իրավական հիմքերը չկան:

Նա նշեց, որ, եթե մի տարվա ընթացքում լրացուցիչ իրավական հիմքեր առաջ կգան, որը թույլ կտա փակել, այդ ժամանակ որոշակի գործողություններ կիրականացվեն. «Այս տարբերակով, որ առանց իրավական հիմքի՝ թողնում եք այդ ընկերության աշխատանքը կազմաքանդվի, դա անընդունելի է, որը Հայաստանին՝ որպես պետություն, դարձնում է շատ կասկածելի, անվստահելի գործընկեր»:

Բ.Թունյանը հույս հայտնեց, որ հանքի ապաշրջափակման հարցում գործը ոստիկանությանը չի հասնի, որովհետև մեր հասարակությունն այդ հարցում շատ գիտակցված որոշում կարող է կայացնել, ընդամենը բավական է, որ մարդիկ իրենց կարծրատիպային մտածելակերպից շեղվեն և հարցին երկկողմանի նայեն: Նրա խոսքով՝ եթե ընկերությունը շինարարություն է իրականացնում և ծախս է անում, ապա ռիսկը մնում է ընկերության վրա, քանի որ կարող է մեկ տարի հետո պարզվի, որ խախտումներ կան, և նրան որևէ մեկը չի փոխհատուցի:

Բ.Թունյանը նշեց, որ «Էլարդի» եզրակացության հիման վրա որոշում կայացնողը կառավարությունն է, իսկ այդ եզրակացությունն անհրաժեշտ էր՝ պարզելու, թե արդյո՞ք տվյալներ միտումնավոր թաքցվել էին, թե՞ ոչ: Նա նկատեց, որ «Էլարդից» բացի, կան այլ կազմակերպություններ, որոնք այլ բան են պնդում, և դա գիտական բանավեճ է, որից զատ՝ ամենակարևորն օրենքին համապատասխանությունն է. «Եթե ՀՀ-ն առանց որևէ իրավական հիմք ունենալու՝ արգելում է այդ ընկերության գործունեությունը, դա լրջագույն պրոբլեմներ է առաջացնելու ՀՀ-ի համար»:

Հարցին՝ եթե բնապահպանական տեսչությունը նոր ստուգումներ է իրականացնելու, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ «Էլարդի» փաստաթղթային փորձաքննությունը վստահելի չէ, Բ.Թունյանը պատասխանեց.

««Էլարդի» փաստաթղթային եզրակացությունը տվել է լրացուցիչ գործիքներ, որպեսզի կառավարությունը դրանց վրա ուշադրություն դարձնի, առաջարկել է լրացուցիչ մեղմման միջոցառումներ: Բացի դրանից, այս մեկ տարվա ընթացքում բնապահպանական տեսչությունը, որքանով ես գիտեմ, տեղում նաև դաշտային ստուգումներ է իրականացնելու, ոչ միայն փաստաթուղթն է հետազոտելու, որովհետև «Էլարդի» և մյուս կազմակերպությունների ասածների միջև կան մեթոդական, զուտ գիտական տարաձայնություններ, պետք է մասնագետները դրա հարցի պատասխանը տան: Այս մեկ տարին, կարծում եմ, բավարար ժամանակ է, որպեսզի կասկածելի հարցերի պատասխանները տրվեն, կգնան տեղում ամեն ինչ կստուգեն: Պետք չի շատ ֆորմալացնել ամեն ինչ: Եթե ինչ-որ անթույլատրելի բաներ լինեն, ես համոզված եմ, որ կառավարությունը չի գնա Հայաստանի Հանրապետության բնությունը վտանգելու ճանապարհով»:

Բ.Թունյանը նշեց, որ նոր ՇՄԱԳ-ի համար պետք է գործող ՇՄԱԳ-ը չեղյալ արվի, իսկ գործող ՇՄԱԳ-ը չեղյալ անելու համար իրավական հիմքեր չկան, իսկ առանց այդ հիմքերի՝ ՀՀ-ի վրա ազդեցությունը կարող է լինել ընդհուպ մինչև դեֆոլտ. «Եթե առանց իրավական հիմքի մենք նման որոշում ենք կայացնում, դա Հայաստանը կարող է տանել ուղղակի դեֆոլտի: Արբիտրաժը հնարավոր ռիսկերից մեկն է, կան նաև արտաքին պարտքի, ներդրողների մոտ վստահության հետ կապված ռիսկեր: Եթե այդ ամեն ինչը գումարում ենք, պարզվում է, որ մենք՝ որպես երկիր, եթե չասեմ՝ անհնար է, ապա չափազանց դժվար է լինելու այդ ամեն ինչին դիմակայելը»:

Բ.Թունյանի խոսքով՝ 400 հազար դոլար ծախսելու օգուտներից մեկն այն է, որ լրացուցիչ մեղմման միջոցներ են կիրառվելու, որի շնորհիվ բնությանն ավելի քիչ վնաս կհասցվի:

Նա հույս հայտնեց, որ այս իրավիճակը բախումների չի տանի. «Դա արդեն միայն ջերմուկցիների հարցը չի, դարձել է ամբողջ ՀՀ-ի հարցը, և, եթե մենք օրենք խախտենք, դրա հետևանքները ջերմուկցիներն ու հարակից տարածքների բնակիչներն են զգալու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս