Ամուլսարի քրեական գործը վերցվել է Իվանյանի վարույթից և կհանձնվի կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին

«Ուզում եմ Ջերմուկ քաղաքի մեր սիրելի հայրենակիցներին խնդրել, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս խնդրանքը մի քանի անգամ կրկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Կառավարության ղեկավարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նորից անդրադարձել է Ամուլսարի խնդրին:

Ներկայացնելով հանքի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նա արեց մի շարք առաջարկներ.

«Ես արդեն հանձնարարական եմ տվել Բնապահպանության տեսչական մարմնին Ամուլսարում սկսել ստուգումներ. Շրջակա միջավայրի նախարարը նաև «էլարդի» հետ սկայպ-կոնֆերանսի և «Էլարդի» եզրակացության վրա հիմնելով՝ նախնական հետազոտություններ է արել և մի շարք հարցեր բարձրացրել, և այդ հարցերի պատասխանները գտնելու որոշակի լիազորություններ ունի տեսչական մարմինը:  Տեսչական մարմինը պետք է գնա և ստուգի այդ փաստերը, որոնք հայտնի են արդեն, հրապարակված են»:

Ն. Փաշինյանը նշեց բոլոր տարբերակները, որոնք կարող են լինել ստուգումներից հետո. «Տարբերակ առաջին՝ ոչ մի խախտում չկա, ամեն ինչ նորմալ է:

Տարբերակ երկրորդ՝ կան խախտումներ և անճշտություններ, որոնք հնարավոր է վերացնել առանց նախագծային փոփոխությունների. սա նշանակում է, որ այս պարագայում՝ առանց նախագծային փոփոխությունների, այդ շտկումները կիրականացվեն, և նոր ՇԱՄԳ-ի անհրաժեշտություն չի ծագի:

Տարբերակ երրորդ՝ այդ խախտումները և անճշտությունները հնարավոր չի վերացնել առանց նոր նախագծի, և եթե խոսք է գնում նոր նախագծի վերաբերյալ, նշանակում է՝ խոսք է գնում նաև շրջակա միջավայրի նոր գնահատման վերաբերյալ»:

Ըստ վարչապետի՝ այն հարցերի ուսումնասիրությունը, որոնք չեն մտնում բնապահպանության տեսչական մարմնի իրավասությունների մեջ, պիտի իրականացնի Քննչական կոմիտեն:

Անդրադառնալով սույն գործի քննությանը և դրա շուրջ առաջացած աղմկահարույց փաստերին, մասնավորապես՝ քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանի և Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապերին՝ Կառավարության ղեկավարը նշեց.

«Այդ հարցով զբաղվել են. ես ուզում եմ հանուն արդարության ասել հետևյալը. Երբ այդ քրեական գործը հարուցվել է և հայտնվել է Իվանյանի վարույթում, նա իր անմիջական վերադաս պաշտոնյային զեկուցել է, որ՝ գիտեք՝ ես որոշակի ազգակցական կապեր ունեմ բնապահպանության նախկին նախարարի հետ:

Ըստ էության, նրա անմիջական ղեկավարը բացել է Քրեական դատավարության օրենսգիրքը և նայել, թե արդյո՞ք տվյալ դեպքում դա բացարկման հիմք է, թե՞ ոչ, և արձանագրել է, որ դա դե յուրե բացարկման հիմք չէ, և այդ փաստը չի զեկուցել իր վերադասին:

Արդյո՞ք մենք այս պատմության մեջ խնդիր տեսնում ենք, այո՛, և հիմա քրեական գործը վերցվել է Յուրի Իվանյանի վարույթից, Քննչական կոմիտեում այդ գործը կհանձնվի կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, որն այդ պաշտոնում նշանակվել է 15 օր առաջ, այսինքն՝ քրեական գործի քննության ողջ ընթացքում ինքը էդտեղ չի աշխատել»:

Ն. Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ կձևավորվի քննչական նոր խումբ, ապա նորից դիմեց ջերմուկցիներին՝ ապաշրջափակել ճանապարհները՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ ի դեմս կառավարության՝ ունեն ներկայացուցիչ, որն աշխատում է թափանցիկ և բարձրաձայնում է այն հարցերը, որոնք իրենք են բարձրաձայնում:

Նա հիշեցրեց նաև, որ հնարավոր շահագործման դեպքում եղած խախտումների դեպքում ՀՀ  օրենսդրությունը թույլ է տալիս ցանկացած պահի փակել հանքը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2362168337434735/?epa=SEARCH_BOX

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30