«Այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում նորից անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման խնդրին: «Կա՞ արդյոք ի հայտ եկած նոր հանգամանքների բերումով նոր շրջակա միջավայրի գնահատում իրականացնելու համար հիմք կամ անհրաժեշտություն» հարցին անդրադառնալով՝ վարչապետը տեղեկացրեց, որ չկա որևէ օրենսդրական մեխանիզմ, որը թույլ կտա իրականացնել նոր ՇՄԱԳ՝ կառավարության պաշտոնյայի որոշումով.

«Բոլոր այն դեպքերում, երբ գալիս է նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտությունը, դրանից առաջ իրականացվում է ստուգումների որոշակի փուլ՝ պարզելու համար այն փաստերը, որոնք առկա են (մի դեպքում՝ դա երեսուն օր է, որը կարող է երկարաձգվել մինչև 70 օր)»:

Վարչապետը մանրամասնեց, որ այդ ստուգումների արդյունքով պիտի որոշվի հետագա անելիքը՝ հնարավո՞ր է խախտումները վերացնել՝ առանց նախագիծը փոխելու, թե՞առաջանում է նոր նախագծի անհրաժեշտություն:

Հիշեցնենք, որ նրա հանձնարարականով Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում պետք է կայացներ, թե Ամուլսարի հանքի շահագործման նոր ՇՄԱԳ (շրջակա միջավայրի ազդեցության գնահատում) պե՞տք է արվի, թե՞ ոչ։

Կարդացեք նաև

Անդրադառնալով ՇՄԱԳ-ին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Դա այն փաստաթուղթն է, որը հանքարդյունաբերողն արձանագրում է, բարձրաձայնում է իր պարտավորությունները հանրության առաջ, պետության առաջ: Ինքը պետք է երաշխիքներ տա կամ չտա, որի արդյունքում կառավարությունը, որը հանրության ներկայացուցիչն է, ինքը պետք է որոշի, թե ինչքանով է հավատում այդ արձանագրումներին»:

Նա տեղեկացրեց նաև, որ տարբեր քննարկումներ են եղել, որոնցից մեկին ներկա են եղել նաև «Լիդիանի» ներկայացուցիչները, ովքեր վստահեցրել են, որ պարտավորվում են կատարել ՇՄԱԳ-ում արձանագրվածը. «Պաշտոնապես ամենաբարձր մակարդակով արձանագրում է, որ կշահագործեն 100 տոկոս անվտանգ՝ օդը բնակավայրերում չի փոխվի, թունավոր նյութեր չեն լինի, մակերեսային ջրերը չեն աղտոտվի»:

Վարչապետը ներկայացրեց իր եզրահանգումը. «Այս ամենի արդյունքում՝ իմ արձանագրումը հետևյալն է՝ առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում, բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները, մենք չենք կարող ասել՝ հա, դե յուրե ոչ մի հիմք չունենք. մեր հանրությունն էլ հարցեր ունի, փաստեր ունի, որոնք, ի դեպ, ձեռք են բերվել նաև մեր աշխատանքների թափանցիկության շնորհիվ: Մյուս կողմից՝ չենք կարող հաշվի չառնել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունները:

Որոնք են ՀՀ տնտեսական հանրության շահերը, և ինչպես է դա արտահայտվում. ինչպես գիտեք, «Մուդիզը» բարձրացրել է ՀՀ վարկանիշը, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Հայաստանի մասնավոր բանկերը կարող են ֆինանսական միջոցներ ներգրավել ավելի էժան, քան, երբ Հայաստանի վարկանիշն ավելի ցածր էր:

Եթե այս իրավիճակը ճշգրիտ չկառավարենք, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացման, ինչի հետևանքները մենք բոլորս կարող ենք զգալ, այդ թվում՝ մեր կողմից ստացվող վարկերի տոկոսների արժեքների տրամաբանությամբ»:

Վարչապետը նաև ընդգծեց, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվություն չտալը կարող է միջազգայնորեն առաջացնել խտրականության խնդիր՝ հաշվի առնելով, որ Հայաստանը թույլ է տվել այլ հանքերի շահագործում՝ Զանգեզուրի կամ Թեղուտի:

Ի դեպ, նա նշեց, որ չշահագործման որոշումը կարող է առաջ բերել նաև անվտանգության խնդիրներ, ինչի մասին չբարձրաձայնեց՝ նկատելով, որ պատասխանները յուրաքանչյուրը կարող է ստանալ սեփական վերլուծությամբ. «Մենք չենք կարող արհամարհել մեր երկրի տնտեսության անվտանգության և արտաքին անվտանգային միջավայրի հետ կապված խնդիրները, որոնք որոշակի կարևորություն ունեն այս հարցը քննարկելիս. չեմ կարող այս թեմայի վերաբերյալ ավելի մանրամասն խոսել»:

Կառավարության ղեկավարը վստահեցրեց, որ շահագործման դեպքում եթե չպահպանվեն բնապահպանական և մյուս չափորոշիչները, հանքը 90 օրվա մեջ կփակվի:

Նա մի քանի անգամ խնդրանքով դիմեց ջերմուկցիներին՝ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2362168337434735/?__xts__[0]=68.ARBmaPpGJwrofr1FKc5nnbtEhJP58Q5KFuswEKLY4rfbjIzpNkL-w7VyJtEPg2BE2kF5ybpI1HUB_BbnsstdExBacXh1fuYzkzPIxIcqkINaNBVf7jdinn6LCXoobUU1ed5QgsNDY8corvFE6vxhezabxEACKc3mQg1SJI-GyC7wu5Sub0W2i6wKWYaqvjk3_4Ufd52nLQlT8OHDe-V6t0kcMmHUiprZc1UnrOes0n3L3HoUhuS1xX1ixiySt5mkfYuGQqWoG-Epurum2YZZFjCEFE8U3srOYUbEEPSqANl3jblHy8LikhZLeiRqiOmX9FBqd_uxKptKEBboiYtVmnQXwVjWRBRWDnPH_cfC&__tn__=-R

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30