«Զոհրաբ Մնացականյանը նույնիսկ չի կարողանում վարչապետին ասել՝ ընկեր, խոսալուցդ առաջ գոնե տեքստերդ տուր նայեմ, որ, օրինակ, Մարիա Զախարովան Մոսկվայից քեզ ու մեզ բոլորիս դիտողություն չանի»․ Աշոտյան
168․am-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ում հետ քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների վերջին միտումները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցն ԱՄՆ ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին ուշագրավ անդրադարձը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթին։
– Պարոն Աշոտյան, Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններից հետո հայ–ռուսական հարաբերություններում, ըստ էության, բացասական տեղեկատվությունն ավելի գերակշռող է, քան դրականը: Եվ վերջին օրերին քննարկումները հայ–ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի շուրջ ակտիվացան, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Ապա ՀՀ վարչապետը հարցազրույց տվեց Nouvelle d’Arménie-ին, որտեղ հանգամանորեն անդրադարձավ ներկայիս իշխանության դիրքորոշմանը հայ–ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Այս օրերին կրկին քննարկվում է մեր միգրացիոն ծառայության կողմից փախստականի կարգավիճակ ստացած ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինի գործը: Ահա այս ֆոնին Երևանում պետք է տեղի ունենա ԵԱՏՄ գագաթաժողովը, որի ընթացքում ակնկալվում է Ռուսաստանի նախագահի մասնակցությունը դրան: Հարցս ընդհանրական ձևակերպեցի, կխնդրեի անրադառնանք հայ–ռուսական հարաբերություններին: Ի՞նչ է տեղի ունենում, այս բացասական ֆոնին, ըստ Ձեզ՝ մեր հարաբերությունների բովանդակությունը իրականում տուժե՞լ է, թե՞պահպանվել է:
– Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական, անվտանգային հարաբերությունների համար անկյունաքարային են: Եվ սա է պատճառը, որ ցանկացած կնճիռ, ցանկացած խոց, ցանկացած նստվածք, որ մնում է այդ հարաբերություններում, բուռն արձագանք ու քննարկման առարկա է դառնում: Որովհետև այդ հարաբերությունները, այո, կենսական են:
Այս իշխանությունները մինչև իշխանություն զավթելն ունեին ընդգծված հակառուսական կեցվածք, և, որքան էլ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից անմիջապես հետո փորձեց փոխել իր տոնայնությունը, ակնհայտ էր, որ ռուսական իշխանական վերնախավը չի հավատում այդ արդյունքներին, չի հավատում այդ սիրո արցունքներին: Եվ բանը հասել է նրան, որ Ն. Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի խմբագրականում՝ հենց առաջին էջում և հենց Նիկոլի գրած հոդվածում, նշվում է, որ այո՝ կա այդպիսի խնդիր: Թեպետ, եթե խոսեցնենք վարչապետին, ապա նա հերթական կենացը կասի, հերթական ձոնը կերգի, կասի, որ աննախադեպ է, արժանապատիվ է, մեջքը ուղղվել է, բայց նորից կկրկնեմ իմ պնդումը, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ողնաշարը ծռվել է, և այդ ծուռ ողնաշարով մենք ոչ միայն Մոսկվայի, այլև Բրյուսելի, Փարիզի, Վաշինգտոնի, Թեհրանի, Պեկինի հետ չենք կարողանում արդյունավետ աշխատել: Այն գործիքակազմը, որ ընդունել էր Փաշինյանը իր քաղաքականության համար, դա կապկումն էր, պատճենահանումն էր իր ներքին քաղաքական գործիքակազմի ՝ շոուներ, պատասխանատվություն պահանջող հայացքներ, Թրամփի հետ պատահական նկարներ, Թրյուդոյի հետ գուլպաներ, Մակրոնի հետ ռաբիս պարեր, Մերկելի հետ Հյուսիսային պողոտայում սելֆիներ ու ոչինչ: Հայ-ռուսական հարաբերություններն այս ընդհանուր հիվանդ արտաքին քաղաքականության արտահայտումն են և երևի ամենավտանգավոր կետը:
Ռուսաստանի գործող իշխանություններն ունեն բավարար հմտություն, իմաստություն, որպեսզի իրենց պատասխանները չլինեն անմիջական և զգացմունքային: Նրանք սովորել են՝ այս ընթացքում ինչպես վերաբերվել այս հարցերին՝ Վրաստանի, Մոլդովայի օրինակով, և ինչպես տալ արձագանք, որը կլինի ցավոտ ու կշռադատված: Մյուս բանը, որ իրենք նաև շատ լավ հասկանում են՝ Հայաստանի կառավարությունը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, դեռ հայ ժողովուրդը չէ, Ռուսաստանում կա Հայաստանի ու հայ ժողովրդի ջերմ և եղբայրական ընկալումը, իհարկե, սեփական շահերի դիտարկմամբ: Եվ այդ ընկալումների մեջ իրենք, վստահաբար, Փաշինյանին դիտում են՝ որպես ժամանակավոր ֆիգուր, որը թանի սափորի մեջ ընկած՝ չի կարող փչացնել ամբողջը՝ դարավոր և հատկապես վերջին շրջանում կուտակված կապիտալը: Մերոնց պահվածքը ծիծաղելի է և չի կարող արժանապատիվ դիտվել Ռուսաստանին հաճոյանալու համար. գովել մայիսի 9-ի շքերթը, ակնհայտ սուտ է, որ գովում է և ասում՝ «Ես հիացած եմ»:
Հուսով եմ՝ Ռուսաստանը կշարունակի տարանջատել Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության նկատմամբ վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքից, քանի որ, հատկապես Ղարաբաղի հակամարտության կարգավորման, տարածաշրջանային անվտանգության շրջանակներում Հայաստանի համար կենսական կարևորություն ունի այս դաշինքի ռազմավարական գոյությունը: Եվ մանր-մունր կսմիթները, խայթոցները, կառավարությանը սպասարկող տխրահռչակ օղակի՝ «Նիկոլը Պուտինին տեղը դրեց» բնույթի թունավոր և ապուշ տեղեկությունները որևէ լավ տեղ չեն կարող տանել:
– Բովանդակային առումով ոչինչ չի փոխվել, և Ռուսաստանը համագործակցում է պետության և ժողովրդի հետ:
-Պետությունը և ժողովուրդը ներկայացնում է ներկայիս ինքնասիրահարված, ապիկար և կիսագրագետ կառավարությունը, ասյինքն՝ ինչքան էլ իրենք լավ վերաբերվեն պետությանը և ժողովրդին, այնուհանդերձ, գործ ունեն այս փուլում իշխանությունը զավթած խունտայի հետ: Այս կառավարությունն ընդհանրապես լավ չի աշխատում՝ ոչ պրոֆեսիոնալ է, կիսագրագետ է և ընդհանրապես չի կարող էֆեկտիվ լինել, նաև արտաքին քաղաքականության մեջ: Որքան կնճռոտ հարցեր կան՝ գազի գնից սկսած…
Ն. Փաշինյանի օրոք գազը թանկացավ 30 դոլարով: Մեր փողերի հաշվին մեզ լավությո՞ւն ես անում: Գազի գնից զատ՝ կա նաև տարածաշրջանային, աշխարհաքաղաքական զարգացումներ: Ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտվում է Ն. Փաշինյանի այս ձախողված քաղաքականությունից: Եվ ադրբեջանական լոբբիզմը, հատկապես՝ Մոսկվայում, ուժեղացել է: Եվ իրենք պարբերաբար Ն. Փաշինյանի և իր թիմակիցների անհաջող հայտարարությունները դարձնում են թիրախ, և սա սկսում է ազդել: Եվ Մոսկվան ասում է՝ «Ընկերությունը՝ ընկերություն, բայց գործը՝ գործ»:
Ես չեմ բացառում Ռուսաստանի խորքային փոփոխությունները՝ անգամ Սիրիա ուղարկած զորախումբը չփրկեց գնալ և Պուտինին հաճոյանալ՝ Սերժը չարեց, բայց մենք արեցինք: Պուտինը շատ լավ հասկանում էր, թե ինչո՞ւ մենք զորախումբ չուղարկեցինք: Չի կարող մի երկրի ղեկավարը նախորդների հաշվին աչոկներ հավաքել, որովհետև Պուտինը շատ լավ գիտի, և Սերժ Սարգսյանը, և Ռոբերտ Քոչարյանը նախկինում պաշտպանել են Հայաստանի շահերը Մոսկվայի հետ հարաբերություններում: Եվ, այո, կարողանում էին ընկերաբար, բայց հստակ «ոչ» ասել տարբեր նախաձեռնություններին, նույն խաղաղապահների հետ կապված հարցում: Այս տեսակետից արժանապատվություն չունի այս կառավարությունը Մոսկվայի աչքերում, որովհետև «ապացուցիր, որ սիրում ես» սկզբունքով չեն կարող շարունակվել հայ-ռուսական հարաբերությունները:
Հոգեբանական այսպիսի վիճակ է՝ Նիկոլը փորձում է հարթել նախկինում եղած նստվածքը, որպես փողոցից եկած ղեկավար՝ ի սկզբանե մերժված է ցանկացած քաղաքական էլիտայի կողմից և փորձում է ապացուցել, որ ինքը սիրում է Մոսկվային: Երբ իր այդ գեղջկական ժեստերը չեն անցնում, նա մանթրաժ է ընկնում, սկսում է տվայտվել, և իր քարոզչական թիմը սկսում է ինչ-որ թարախ բաներ գրել Մոսկվայի և Պուտինի մասին: Դա բերում է հակառակ էֆեկտի՝ նորից պետք է գնա, նորից պետք է ապացուցի, որ սիրում է: Էլի Մոսկվայում շատ սկեպտիկ են նայվելու: Այսինքն, մենք ընկնում ենք մի արատավոր շրջանի մեջ, որ Ն. Փաշինյանը չի կարող դուրս գալ: Եվ չմոռանանք, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդումը նույնպես իր մեծ նստվածքը թողնում է ոչ միայն միջպետական, այլև մարդկային տեսակետից:
– Խոսեցիք տարածաշրջանային զարգացումներից, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը Արցախում («Արցախը Հայաստան է, և վերջ»), ասելով, որ կան հայտարարություններ, որոնք նոր իրավիճակ են ստեղծում բանակցային գոտում: Սա ի՞նչ է նշանակում, ըստ Ձեզ՝ հաշվի առնելով Ռուսաստանի առանցքային լինելը բանակցային գոտում:
– Արցախը, իհարկե, Հայաստանն է, սա Ն. Փաշինյանը չէ, որ ասել է, սա օգտագործել են դեռ մեր ազատամարտիկները, օրինակ՝ Լեոնիդ Ազգալդյանը: Բայց Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ: Ն. Փաշինյանը առ այսօր չի տիրապետում Ղարաբաղյան հարցի կարգավորման նրբություններին, խնդիրներին, նա չի հասկանում այդ խնդիրը: Չկա որևէ հայտարարություն, հանդիպում, որտեղ ինքը խոցելի բան չասի: Օրինակ, Արցախի անկախության շնորհավորական ուղերձը. պարզապես խայտառակություն է: Այն փաստը, որ վարչապետը գնում է Արցախ և իր ուզած միտինգը անում է ինչ-որ անկապ օր, բայց չի գնում Արցախի անկախության օրը նշելու… Այսինքն՝ Ղարաբաղն իր համար քարոզչական հարթակ է: Հատկապես ամեն ինչ, անձերը, երևույթները իր սեփական PR-ի համար օգտագործվող սուբյեկտներ են, ուրիշ ոչինչ:
Եվ եթե նա գնում է Ղարաբաղ իր ուզած օրը, իր ուզած միտինգը անելու և «Հայաստան 2050թ.» տխմարագույն ելույթը ունենալու համար, իսկ անկախության օրը չի գնում ու տալիս է նման խայտառակ ուղերձ… Պարզապես հեթական ապացույցն է, որ Ն. Փաշինյանին պետք է կիլոմետրերով հեռու պահել Ղարաբաղյան կարգավորման գործընթացից: Դուք հիշո՞ւմ եք Քոչարյանի կամ Սարգսյանի օրոք, որ համանախագահ որևէ երկիր Հայաստանի ղեկավարությանը քննադատեր: Այդ դեպքում չէի՞նք պահում մեր շահերը: Մենք էնքան խելոք էինք դա անում, որ անում էինք այնպիսի բառերով, տեղին ու ճիշտ տեղում, որ որևէ գերտերության աչքերում Հայաստանը չէր դառնում ապակառուցողական կողմ:
Երբ իշխանական քարոզիչները սկսում են «մակարոն» կախել մեր ժողովրդի ականջներին՝ գիտեք, Նիկոլը տենց ասեց, դե, Նիկոլը տենց պիտի ասի, բայց տեսեք, Զոհրաբ Մնացականյանը հավասարակշռեց, որովհետև Զորիկն ա բանակցում… Դա սուտ է, չէ՞: ԱԳ նախարարը բանակցում է, բայց սեփական կարծիքը չի հայտնում, արտաքին քաղաքականության պատասխանատուն, ըստ սահմանադրության, վարչապետն է: ԱԳ նախարարը իր աշխատողն է, որ վարչապետի պատկերացրած նախագիծը պետք է կյանքի կոչի: Հիմա, որ ինձ ասում են՝ Նիկոլին ուշադրություն մի դարձրեք, մարդ ա՝ մի բան ասեց իր PR-ի համար, դա ծիծաղելու է, լացելու է անգամ, երբ քո արտաքին քաղաքականության ճակատում կռվող մարդիկ ոչ պրոֆեսիոնալ և հանցավոր անգրագիտություն ունեն այս հարցում:
Այսինքն, ինչ-որ մի երկրի՝ թեկուզ մեր ռազմավարական դաշնակցի, նախարարության մամլո խոսնակը մեր երկրի վարչապետին, կոպիտ ասած, տեղն ա դնում: Որպես քաղաքական ընդդիմախոս՝ ես կարող եմ ներքուստ հրճվել, բայց որպես ՀՀ քաղաքացի՝ ինձ տհաճ է, որ իմ երկրի վարչապետն այնքան խոցելի է, այնքան անլուրջ է ընկալվում, որ Մարիա Զախարովան Նիկոլ Փաշինյանին իր տեղն է փորձում ցույց տալ: Բա ամոթ չի՞ դա: Այսինքն՝ այդ մարդիկ տեսնում են, որ Նիկոլը, մնացածը՝ ջհանդամ, Ղարաբաղի հարցը դարձնում է PR-ի առարկա, ու ասում են՝ մի արա տենց:
Մեր արժանապատիվ քաղաքականությունը սա՞ է: Սա՞ է մեր ուղղված մեջքը… Սրանից վաղուց լավ հոտ չի գալիս: Փառք Աստծո, դեռևս անդառնալի հետևանքներ չեն եղել, բայց տեսեք, արդեն մեր բանակցային գործընթացից դուրս են մղվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևյան հարաբերությունները, հերիք չի, դուրս են մղվել, վարչապետը իրեն պատկանող խմբագրական թերթում նյութ է գրում՝ ի՞նչ էր ընդհանրապես, վափշե պետք չէր, ուժեղ լինեիք՝ թող չհարձակվեն: Իմ 13 տարեկան որդին շատ ավելի լուրջ է վերաբերվում իր սենյակի մաքրությանը, քան մեր երկրի վարչապետը մեր երկրի քաղաքական առողջ մթնոլորտին՝ մաքրությանը:
Որքան է վայելելու զոմբիաֆեյքային իր քարզչությունը, որքա՞ն է խաբելու հազարավոր քաղաքացիներին, որոնցից շատերը պատերի տակ սկսել են խոսել… Նա մի տարբերակ ունի իր երեսը փրկելու. պետք է հայտնի, որ հաջորդ տարի պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինքնակամ պետք է դա անի: Շատ ազնիվ պետք է ասի, որ, ժողովուրդ ջան, միայնակ չեմ կարողանում դա անեմ, մնացել եմ տակը, էկեք գնանք արտահերթ ընտրությունների, մանդատները վերաբաշխվեն, քաղաքական իրավիճակը փոխվել է, մարդկանց հանրային կարծիքը փոխվել է: Կամ նա ստիպելու է, որ իր հարազատներից ինչ-որ մեկը պետությանը տանի այդ ճանապարհով:
– Ըստ Ձեզ՝ կկայանա՞ ՌԴ նախագահի այցը Հայաստան։ Նույնիսկ խոսակցություններ կան, որ գուցե գագաթաժողովը տեղափոխվի՞ Հայաստանից:
– Ինչ անելու էլ լինի՝ Ն. Փաշինյանը լավ սցենար չունի գրված իր համար: Ու իր խելքի կամ անխելքության պատճառով է, որ ինքը լավ սցենար չունի: Սա միայն հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ չեմ ասում, ինքը Ղարաբաղի հարցում էլ լավ սցենար չունի։ Օրինակ՝ երբ կարգավորման երեք հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որ ինչ Նիկոլը եկել է իշխանության՝ արդեն մեկ ու կես տարի է՝ համանախագահների ոչ մի հայտարարության մեջ չեն շեշտվում… Դիվանագիտությունը թերթի հոդված չի, դիվանագիտական փաստաթղթերը մտածողության հետևանք են, և ստեղծում են շրջանակ, ուղղորդում, թե տվյալ հարցը ինչպես պետք է լուծվի:
Ես զարմանում եմ Արտգործնախարարի վրա. ես իրեն շատ լավ ճանաչում եմ, շատ լավ մարդ է, շատ լավ դիվանագետ է։ Բայց պետք է խորը կսկիծով ասեմ, որ նա վատ նախարար է։ Թեկուզ այն պատճառով, որ չի կարողացել իր վարչապետին բացատրի արտաքին քաղաքականության այբուբենը։ Թեկուզ այն պատճառով, որ որպես սանիտար, երկրագնդով մեկ՝ Մոսկվայից մինչև Վաշինգտոն ու Բրյուսել՝ ընկած մաքրում է Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող տեղեկատվական քարոզչական աղբը։ ԱԳՆ-ում պրոֆեսիոնալ մարդիկ են։ Ընդհանրապես երկրում կան մի քանի համապետականաստեղծ լրջագույն կառույցներ՝ ի դեմս ԱԳՆ, ԱԱԾ, ՊՆ կառույցների, և կապ չունի, թե երկրի գլխին ով կլինի, նրանց մարմինը պետք է պինդ լինի: Դրանք պետություն պահող լրջագույն հաստատություններ են, առանց որոնց՝ պետություն չի լինի, դրանք պետություն պահող, հիշողություն կրող ու փոխանցող կառույցներ են:
– Դուք կարծում եք՝ Զոհրաբ Մնացականյանն այս խնդիրը չի՞ կատարում այսօր:
– Դա ես չեմ կարծում, դա այդպես է ստացվում: Եթե ինքը չի կարողանում վարչապետին ասել, որ՝ ընկեր, խոսալուցդ առաջ գոնե տեքստերդ տուր նայեմ, որ ուրիշ բաներ չխոսաս, որ հետո, օրինակ, Մարիա Զախարովան Մոսկվայից քեզ ու մեզ բոլորիս դիտողություն չանի… Տեքստերը տուր նայեմ, որ հետո Բրյուսելում, երբ գնում ես Յունկերի հետ հանդիպման՝ չասես, որ օլիգարխ թափ կտաս, ու 10 միլիոն եվրո կստանաս… Տեքստերը տուր նայեմ, որ Սիրիա զորախումբ ուղարկելուց առաջ նախ հասկանանք՝ ընդհանրապես գոնե ներպետական ընթացակարգերը պահե՞լ ես, թե՞ ոչ: Ո՞ւր է մեր Ազգային ժողովը։ Այդ նույն Արտգործնախարարը դեսպանահավաքի ժամանակ ասում էր՝ աննախադեպ է մեր խորհրդարանական դիվանագիտությունը։ Ինչո՞վ է աննախադեպ մեր խորհրդարանական դիվանագիտությունը, որ էնքանով չկա, որ իրեն վերաբերող լիազորություների գոնե տերը լինի:
Լսե՞լ եք, որ խորհրդարանում մեկը ելույթ ունենա Սիրիա զորք ուղարկելու մասին ու ասի՝ Նիկոլ Փաշինյան, դու իրավունք չունեիր՝ առանց միջազգային պայմանագրի, որը պետք է վավերացվեր ԱԺ-ի կողմից, Սիրիա զորք ուղարկել: Մենք հո չե՞նք քննարկում դրա գեոպոլիտիկ կարևորությունը։ Թեպետ հասկանալի է, որ Փաշինյանը մեր սակրավորներին, մեր բժիշկներին՝ մեր բանակը օգտագործեց, որպեսզի Պուտինի սիրտը շահի, էն էլ՝ չի ստացվել: Մենք դա չենք քննարկում, գուցե երկրին դա պետք էր այդ պահին։ Բայց մենք ասում ենք՝ դու Սահմանադրություն ես խախտել։
Դա կռիվ- կռիվ մանկապատանեկան խաղերը չեն, պլաստմասսից խաղեր չեն, որ վերցնես ու մի կողմ տեղափոխես. նրանք մարդիկ են, նրանք Հայաստանի Հանրապետությանն են ծառայում, զինվոր են, և ո՞նց են հարգելու այն երկիրը, որի ղեկավարը սահմանադրությունը խախտելով՝ իրենց ուղարկել է երկրից դուրս: Եվ փառք ու պատիվ այդ տղերքին: Եվ բժիշկներին, և սակրավորներին, բոլորին։ Նրանք որտեղ գնացել են՝ Կոսովո, Իրաք, Լիբանան, Աֆղանստան, Մալի՝ պատվով են ծառայել, պատվով վերադարձել են։
Բայց այդ տղերքը խաղալիք չեն, բանակը խաղալիք չէ, դա «Մայնքրաֆթ» խաղը չէ, ԱԺ-ում լսե՞լ եք, որ որևէ մեկն ասի, որ երկրի սահմանադրություն է խախտվել: Տղերք, խախտել եք Սահմանադրությունը։ Եթե Ազգային ժողովն ի վիճակի չէ վերահսկողություն իրականացնել՝ ի՞նչ աննախադեպ խորհրդարանական դիվանագիտական հաջողությունների մասին է խոսքը։ Էն, որ իմ, Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի տեքստերը, որ թողել ենք ԱԺ տարբեր արխիվներում, վերցնում copy past եք անում ձեր նոր տեքստերի մեջ ու ասում եք՝ իբր դո՞ւք եք ստեղծել: Թե՞, որ մեր ստեղծած ձևաչափերը, կապերը օգտագործում եք… դրանո՞վ եք աննախադեպ: Չստացվի այնպես, որ մենք ներսում՝ ԱԺ-ում չենք ու դրա համար ենք քննադատում: Բայց եթե իրենք ամեն ինչ արեցին, որ մենք ներսում՝ ԱԺ-ում չլինենք, ապա թող բարի լինեն ու աշխատեն գոնե մեր նման։
Այս ժողովրդին իրենք խոստացել են, որ ավելի լավը կլինեն: Իսկ արտաքին քաղաաքականությունը Հայաստանում Նիկոլ Փաշինյանի աքիլեսյան գարշապարն է՝ ամենաթույլ կողմը: Արտաքին քաղաքականությունից և անվտանգությունից նա ընդհանրապես ոչինչ չի հասկանում: Սա ասում եմ ցավով, բայց մեկուկես տարի լինելով իշխանության մեջ՝ փոխանակ սուտ, գաղտնի ինչ-որ զեկույցներ կարդաս, որ իբր Հայաստանի ինստիտուտները կաթվածահար են, դրա փոխարեն՝ Ղարաբաղի կարգավորման պապկեն վերցրա ու նստի կարդա:
Ինչն էլ չես հասկանում՝ Ալիևին մի զանգի, Էդվարդ Նալբանդյանին զանգի, եթե Սերժ Սարգսյանին չես ուզում զանգես, կամ Քոչարյանին նստացրել ես… Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց, հանդիպեց հետը, որ Ղարաբաղից պատմի, ի՞նչ ստացավ ի պատասխան։ Երկրի առաջին նախագահին, որը, մեր բոլոր տարաձայնություններով հանդերձ, ինտելեկտուալ և բանիմաց մարդ է, ես կարող եմ իր աշխարհայացքները չկիսել, բայց չեմ կարող չհարգել իր խելքը և բանիմացությունը: Որևէ լուրջ բան չստացավ. սա է պատկերը: