«Կկատրավի՝ ոչ մի նախադրյալ չեմ տեսնում չկատարելու». Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները՝ ՍԴ որոշման մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատաքննությունը նախատեսված էր վերսկսել սեպտեմբեր 12-ին, սակայն սեպտեմբեր 4-ի Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները նշում են, որ պետք է անհապաղ նիստ հրավիրել՝ քննելու խափանման միջոցի հարցը:
«Մինչ այսօր նախատեսված էր, որ սեպտեմբերի 12-ին դատավորը քննելու է խափանման միջոցի հարցը, որովհետև գործը դատական քննության նշանակելու որոշման մեջ դատավորն այդպես էլ գրել էր, որ առաջնահերթ կարգով կքննվի այդ հարցը, բայց ՍԴ որոշումից հետո, ամեն օրն ու ժամը, որ պարոն Քոչարյանը գտնվում է կալանքի տակ, ուղղակիորեն իրավունքի խախտում է, հետևաբար՝ դատարանը չպիտի սպասի սեպտեմբերի 12-ին, այլ պիտի անհապաղ դատական նիստ հրավիրի և անդրադառնա հենց կոնկրետ խափանման միջոցի հարցին: Հենց այս պահին փաստաբաններ Օրբելյանը և Խուդոյանը միջնորդություններ են մուտքագրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անհապաղ դատական նիստ հրավիրել և քննարկել խափանման միջոցի և քրեական հետապնդումը դադարեցնելու հարցերը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փաստաբան Հայկ Ալումյանը:
«Ովքե՞ր են կրելու պատասխանատվություն ՍԴ որոշումը չկատարելու համար»՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ Հ. Ալումյանն ասաց. «Այսինքն մենք արդեն ֆիքսում ենք, որ չի՞ կատարվելու. ես կարծում եմ, որ կկատրավի՝ ոչ մի նախադրյալ չեմ տեսնում չկատարելու»:
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Վարդևանյանն էլ հավելեց. «Ընդգծեմ, որ նույնիսկ Արդարադատության նախարարն էլ էր հստակ արձանագրել, որ ՍԴ որոշումները պարտադիր են և կատարման ենթակա են, ինչն, ի դեպ, ոչ թե նորարարություն է, այլ բնական երևույթ»:
Զարուհի Դիլանյան