Բաժիններ՝

Հայ աշակերտների հավելվածը՝ European Youth Award-ի կիսաեզրափակչում

European Youth Award-ի կիսաեզրափակիչ փուլում է հայտնվել հայ աշակերտների կողմից ստեղծված 1 OF U հավելվածը:

Հավելվածի հեղինակներից մեկը՝ Թերեզա Թումանյանը, 168.am-ի հետ զրույցում պատմել է, որ  European Youth Award-ը երիտասարդ նորարարների եզակի եվրոպական շարժում է, որը  երբեք չի  դադարում սովորել, ուսումնասիրել և բարելավել աշխարհը։

«Անցած տարի մենք ներկայացրինք հավելվածի նախատիպը և դարձանք մրցույթի Smart Learning անվանակարգի եզրափակչի 9 թիմերից մեկը։ Այս տարի ներկայացնում ենք պատրաստի հավելվածը և արդեն հաղթահարել ենք առաջին փուլն ու հայտնվել կիսաեզրափակչում:

Սեպտեմբերի կեսին մենք կիմանանք կիսաեզրափակչի արդյունքները, իսկ հոկտեմբերին կհայտարարվեն 18 հաղթողները, որոնք կհրավիրվեն Ավստրիա՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու:

Քանի որ այս 1 տարվա ընթացքում հավելվածը զգալիորեն զարգացել է, սպասում ենք միայն հաղթողների ցուցակում հայտնվելուն»,- պատմում է Թերեզան:

Ծրագիրը ներկայացրել էին աշակերտուհիներ Աշտարակի տարբեր դպրոցներից՝ խմբավար Նարինե Մեսրոպյանի գլխավորությամբ:

Այս թիմը ձևավորվել է դեռևս 2016 թվականին, երբ Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Technovation աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթին: Աշտարակի թիվ 2 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհին ստեղծեց թիմ, որը կազմված էր 5 հոգուց: Ծրագրի արդյունքում աղջիկներն իրենց համայնքում վեր են հանում որևէ սոցիալական խնդիր և լուծում այդ խնդիրը՝ ստեղծելով բջջային հավելվածներ:

«Մենք ներկայացնում ենք մի բջջային հավելված, որ միտված է օգնել աուտիկ երեխաներին՝ հաղթահարել շփման հետ իրենց խնդիրները, զարգացնել նրանց տաղանդները և, առհասարակ, ինտեգրել նրանց հասարակությանը»,- նշում է Թերեզան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս