Եվրահանձնաժողովն Ուկրաինայի հետ հարաբերությունների հարցերով հատուկ խորհրդական է նշանակել
Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախկին ղեկավար Էլմար Բրոքին նշանակել է Ուկրաինայի հետ հարաբերությունների հարցերով հատուկ խորհրդական: Այդ մասին հայտնել է ԵՄ-ի գործադիր կոլեգիան:
«Եվրահանձնաժողովն այսօր որոշում է ընդունել Էլմար Բրոքին՝ Եվրախորհրդարանի նախկին անդամին, նշանակել նախագահ Ժան Կլոդ Յունկերի՝ Ուկրաինայի հետ հարաբերությունների հարցերով հատուկ խորհրդական»,-ասված է հաղորդագրության մեջ:
Բրոքը, որը 15 տարի աշխատել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահի պաշտոնում, ԵՀ-ի ղեկավարին խորհրդատվություն կտրամադրի «Ուկրաինայի հետ հարաբերություններում ռազմավարության եւ գերակայությունների հարցերի վերաբերյալ երկրում կայացած նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո»:
Բրոքը հայտնի է որպես Եվրախորհրդարանի հնագույն անդամներից մեկը, որն առաջին անգամ ընտրվել է 1980 թվականին: Նա եղել է ԵՄ-ի ընդլայնման հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի գլխավոր զեկուցողը (1999-2007 թվականներ), ԵԽ-ից բանակցորդը եվրոպական դիվանագիտական ծառայության ստեղծման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: